Մատչելիության հղումներ

«Մեր հանդեպ ուշադրություն երբևէ չի եղել»


Ազատամարտիկները Մարտիրոս Սարյանի արձանի մոտ հանրահավաք են անցկացնում, 1-ը մարտի, 2014 թ.

Ազատամարտիկները Մարտիրոս Սարյանի արձանի մոտ հանրահավաք են անցկացնում, 1-ը մարտի, 2014 թ.

Ազատամարտիկները վիրավորված են Կառավարությունից:

Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ Հայկ Եղիազարյանն ու Սարգիս Զաքարյանն այսօրվա նման հիշում են իրենց ռազմաճակատ մեկնելու օրը: Այսօր էլ պատրաստ են ամենալարված իրավիճակներում մեկնել առաջին գիծ՝ թիկունքում թողնելով երիտասարդ զինվորներին, միայն թե կառավարության վերաբերմունքից են վիրավորված:

Հատկապես Կառավարության վերջին որոշումը՝ հինգ հազար դրամով բարձրացնել հաշմանդամություն ունեցող նախկին վետերաններին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին տրվող ամսական նպաստները, ազատամարտիկները «սիմվոլիկ աչք կապոցի են համարում»:

51-ամյա Հայկ Ղազարյանն ասում է, որ պատրաստվում էր այդ հինգ հազար դրամը ծրարով նախագահին ուղարկել, բայց դեռ զսպում է այդ ցանկությունը: Այսօր չորս հոգուց կազմված նրա ընտանիքն ապրում է ազատամարտիկի 50 հազար դրամ թոշակով, ունի երկու ուսանող, որոնց ուսման վարձը որևէ կերպ չեն զեղչում:

«Լավ, եթե պատգամավորների 250 հազարը դառնում է 600 հազար, իսկ մեզ խոստացել էին, որ հունվարին թոշակը բարձրանալու է 40 տոկոսով, չբարձրացավ, հուլիսի 1-ին 2800 դրամով թոշակը բարձրացրեցին, ևս հինգ հազար՝ պարգևավճար։ Ո՞րն է բարոյական կողմը, անցած տարի խոստացան՝ չբարձրացրեցին։ Վոլոդյային ձերբակալեցին, որպեսզի այդ հարցը լռեցնեն», - ասաց Ղազարյանը։

Իրենց ազատամարտիկ ընկերներ Շանթ Հարությունյանի և Վոլոդյա Ավետիսյանի համար շարունակելու են պայքարել, ասում են Եղիազարյանն ու Զաքարյանը, բայց իհարկե ոչ այս պահին՝ երբ արտաքին վտանգը սրված է:

«Դանակը հասել է ոսկորին. ազատամարտիկի սոցիալական պայմանները, առողջական խնդիրները... պայքարեցինք տեսանք արդյունքն ինչ եղավ, բայց մենք, մեկ ա, չենք հանձնվելու, ուղղակի հիմա են պահը չի, խառն իրավիճակում, թշնամին միշտ էլ նենգ ա, հիմա, ասենք, միանգամից շուռ գանք էդ սոցիալական հարցերին, պայքարին, էդ էլ ճիշտ չի լինի»,- ասաց ազատամարտիկ Սարգիս Զաքարյանը։

Սարգիս Զաքարյանը 41 տարեկան է, կիսախարխուլ բնակտարածքում ապրում է մոր հետ: Ընտանիք կազմել չի կարողանում, որովհետև մարդավայել կենցաղային պայմաններ ու աշխատանք չունի: 50 հազար դրամ թոշակն էլ մի կերպ է բավարարում հագուստին ու սննդին: Սարգիսն ու Հայկը չեն հավատում ո՛չ Պաշտապնության նախարարի և ոչ էլ երկրի նախագահի՝ իրենց թոշակը բարձրացնելու մասին խոստումներին: Իսկ նրանց հետ երկխոսության կնստեն, եթե ազատ արձակվեն իրենց ազատամարտիկ ընկերները՝ Վոլոդյա Ավետիսյանն ու Շանթ Հարությանը։

Ազատամարտիկները Վոլոդյա Ավետիսյանի ազատազրկումը Կառավարության կողմից իրենց ուղղված մեսիջ են համարում։

«Ձեններդ կտրեք, տեղներդ նստեք։ Մենք այստեղ ճորտ ենք, ստրուկ ենք, իսկ իրենք մեր ճորտատերերն են, նրանք ցանկացան մեզ լռեցնել, բայց մեզ լռեցնել չի կարելի, եթե պետք լինի, մենք ինչպես պայքարել ենք արտաքին թշնամու դեմ, կպայքարենք նաև ներքին թշնամու դեմ, ես վախենալու ոչ մի բան չունեմ, ոչ մեկից էլ չեմ վախենում, պարզ ասում եմ՝ եթե պետք լինի, իրենց էլ պատերազմ կհայտարարենք։ Շանթը հեղափոխություն չէր անում, պարզապես հասկացրեց, որ արդեն համբերության բաժակը լցվել է, բայց եթե գա ժամանակը, ավելի կազմակերպված գործողություններ կլինեն, և վայ նրանց, ով ընկավ մեր ձեռի տակ», -հայտարարեց Հայկ Եղիազարյանը։

XS
SM
MD
LG