Մատչելիության հղումներ

Սահմանամերձ գյուղերի բնակիչների համար պաշտպանության հատուկ դասընթացներ կանցկացվեն


Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան, արխիվ
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան, արխիվ

Գյուղացիների համար նաև կքարտեզագրվեն սահմանային տարածքները:

Առաջիկայում սահմանամերձ գյուղերի բնակիչների համար պաշտպանության հատուկ դասընթացներ կանցկացվեն, որոնց ընթացքում գյուղացիներին կսովորեցնեն, թե ինչ պետք է անել, օրինակ, կրակոցների ժամանակ։ Նախաձեռնությունը Արտակարգ իրավիճակների նախարարությանն է։

Նախարար Արմեն Երիցյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ սահմանային վերջին միջադեպերից հետո պաշտպանության նախարարին նման դասընթացներ անելու առաջարկ է արել, և այժմ երկու գերատեսչությունները այս ուղղությամբ համագործակցելու են։

«Հիմա նկուղները պետք է գնանք, նայենք, այսինքն՝ այդ կրակոցների ժամանակ իրենք ինչ պետք է անեն։ Շատերը երկար ժամանակ էդտեղ կրակոցների տակ են, բայց այդտեղ կան մասնագետներ, մասնագետները կգնան էնտեղ, ցույց կտան, մենք էլ կգնանք. պետք է գնանք մարդկանց օգնություն ցույց տանք», - ասաց Երիցյանը։

Նա նշեց, որ այս աշխատանքին մասնակցելու է Արտակարգ իրավիճակների նախարարության 4 հազար աշխատակից։ Նրա խոսքով՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արդեն հանձնարարականներ է տվել, սահմանային 21 գյուղում ծրագրերը շուտով կմեկնարկեն։

Արտակարգ իրավիճակների նախարարն ընդգծեց, որ ուշադրություն են դարձնելու նաև քաղաքացիական բնակչության կողմից անզգուշության, անտեղյակության հետևանքով սահմանը խախտելու դեպքերին՝ քարտեզագրելու են սահմանային տարածքները և գյուղացիներին բացատրելու, թե որ մասով չի կարելի գնալ։

«Մենք պետք է իրենց բացատրենք, դասընթացներ անցկացնենք, որ էս տեղերը կարելի է գնալ, էս տեղերը՝ չի կարելի, քարտեզները կունենանք, իրենց ցույց կտանք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երիցյանը, հավելելով, որ չնայած խնդիրը բանակի իրավասության տիրույթում է, բայց այս ձևով իրենք փորձելու են օգնել Պաշտպանության նախարարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG