Մատչելիության հղումներ

Der Spiegel. Գերմանական հետախուզությունը 2009-ից գաղտնալսումներ է իրականացնում Թուրքիայում


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի համատեղ ասուլիսը Բեռլինում, 31-ը հոկտեմբերի, 2013թ․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի համատեղ ասուլիսը Բեռլինում, 31-ը հոկտեմբերի, 2013թ․

Անկարան պաշտոնական բացատրություններ է պահանջում Գերմանիայի կառավարությունից այն բանից հետո, երբ Der Spiegel հանդեսն իր վերջին համարում հրապարակմամբ հանդես եկավ՝ պնդելով, որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը` BND-ն, 2009 թվականից ի վեր գաղտնալսումներ էր իրականացնում Թուրքիայի տարածքում:

«Եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա ես որպես Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար միայն մի բան կարող եմ ասել` դա պարզապես անթույլատրելի է: Մենք մի իրավիճակում ենք հայտնվել, երբ ի հայտ է եկել պաշտոնական պարզաբանումների սուր անհրաժեշտություն», - երեկ երեկոյան հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

Նշենք, ի դեպ, որ ըստ Der Spiegel հանդեսի` BND-ի գործողությունների թիրախը միայն Թուրքիան չէր:

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Բավարիայում գտնվող Բադ-Այբլինգի արբանյակային կապի կայանից գաղտնալսվել են նաև Միացյալ Նահանգների նախկին և ներկա պետքարտուղարների` Հիլարի Քլինթոնի և Ջոն Քերրիի հեռախոսազույցները: Այս առթիվ հարկ է հիշել Անգելա Մերկելի հայտնի հայտարարությունը, թե «դաշնակիցները չպետք է գաղտնալսեն միմյանց», - գրում է գերմանական հանդեսը:

Սրան ի պատասխան՝ գերմանական կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, Frankfurter Allgemeine թերթին փոխանցել է․ - «Կանցլերի այս հայտարարությունը չէր վերաբերում ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետություններին: Սխալ է Թուրքիան և Միացյալ Նահանգները կամ Մեծ Բրիտանիան դիտարկել նույն հարթության մեջ»:

Նույն պաշտոնյան, ի դեպ, միանշանակորեն արդարացնում է գաղտնալսումների փաստը՝ նշելով, թե երկրի պետական շահերի համար առաջնահերթ նշանակություն ունի Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին չմիջնորդավորված տեղեկատվություն ստանալը:

«Պետք չէ մոռանալ, որ Գերմանիայում 3 միլիոն թուրք է ապրում: Նման պայմաններում անվտանգության խնդիրները, որոնց մենք ենք բախվում, բավական բազմազան են` Քրդական աշխատավորական կուսակցության և մի շարք ձախակողմյան ու աջակողմյան թուրքական խմբավորումների գործունեությունից մինչև թրաֆիքինգ ու թմրանյութերի անօրինական շրջանառություն: Բացի այդ, մեզ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի կառավարությունը իր քաղաքական նպատակներին հասնելու համար սկսել է օգտագործել Գերմանիայում գործող թուրքական կազմակերպություններին», - նշել է պաշտոնյան:

Երեկ երեկոյան, Լատվիա կատարած այցի շրջանակներում, միջպետական սկանդալին առաջին անգամ անդրադարձավ նաև Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը` կրկին անուղղակիորեն պաշտպանելով երկրի հատուկ ծառայությունների գործողությունները:

«Ես չեմ ցանկանում հրապարակայնորեն քննարկել գերմանական հետախուզության գործունեության մանրամասները: Անհրաժեշտության դեպքում ողջ տեղեկատվությունը կփոխանցվի հատուկ ծառայությունների գործունեությունը հսկող խորհրդարանական մարմնին: Ամեն դեպքում, Բունդեսթագի պատգամավորները սպառիչ տեղեկատվություն կունենան», - նշում է գերմանական կառավարության ղեկավարը:

Իսկ Բունդեսթագում արդեն իսկ պատրաստվում են ծագած սկանդալի քննարկումներին: Այստեղ ևս տարբեր տեսակետներ են հնչում:

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար անդամներից մեկն օրինակ` Պատրիկ Սենսբուրգը, լրագրողների հետ զրույցում նշել է․ - «BND-ի գաղտնալսումների թիրախը ոչ թե Թուրքիայի ղեկավարներն էին, այլ այդ երկրի տարածքում գործող այն ծայրահեղական խմբավորումները, որոնք ի վիճակի են վտանգ ներկայացնել Գերմանիայի ազգային շահերի համար»:

«Եթե գաղտնալսումների թիրախը Քրդական աշխատավորական կուսակցությունն էր, արդյոք հնարավոր չէ՞ր այդ տեղեկությունները ստանալ ուղղակիորեն թուրքական հատուկ ծառայություններից», - հակադարձել է Գերմանիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներից Ռոլֆ Մյուցենիխը:

Ստեղծված իրավիճակում Թուրքիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Ահմեթ Դավութօղլուն և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են, որ առաջիկայում գաղտնալսումների թեման կքննարկեն երկու երկրների հատուկ ծառայությունների` BND-ի և MIT-ի ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG