Մատչելիության հղումներ

The Wall Street Journal-ը հրապարակել է ՆԱՏՕ-ի բարձրագույն քաղաքացիական և զինվորական ղեկավարների հոդվածը։

Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը պահանջում է ՆԱՏՕ-ն դարձնել առավել արդիական կառույց։ Նման համոզմունք են հայտնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատար, Եվրոպայում տեղակայված ամերիկյան ուժերի հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլովը «ՆԱՏՕ-ն վտանգավոր աշխարհում» վերնագրված հոդվածում, որ հրապարակել է The Wall Street Journal հանդեսը:

«Մենք երկուսս ծնվել ենք «սառը պատերազմի» ստվերի տակ` Ատլանտյան օվկիանոսի երկու ափերին, մենք հիշում ենք Բեռլինի պատը քանդելու արտառոց օրը։ Մինչ այդ օրը ՆԱՏՕ-ն ամեն բան արեց, որ «սառը պատերազմը» «չտաքանա»։ Այդ օրից հետո պատերազմը Եվրոպայում աներևակայելի էր թվում», - գրում են Ռասմուսենը և Բրիդլովը:

«ՆԱՏՕ-ի նախկին հակառակորդները դարձել էին գործընկերներ, մենք աշխատում էինք Ռուսաստանի հետ նոր համագործակցություն հաստատելու ուղղությամբ։ Սակայն խաղաղության աննախադեպ ժամանակաշրջանի համար մարտահրավեր է դարձել Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում։ Երկրորդ աշխարհամարտից ի վեր առաջին անգամ Եվրոպայում մի եվրոպական երկիր ուժով գրավել է մյուսի տարածքը», - շեշտում են հոդվածի հեղինակները:

«Ամեն օր տեսնում ենք Ուկրաինայում Ռուսաստանի քայքայիչ ներկայության ապացույցները, Ռուսաստանը բանակի ստորաբաժանումներ է մոտեցնում Ուկրաինայի սահմաններին և միաժամանակ ցինիկորեն փորձում է հանդես գալ իբրև մարդասիրական օգնություն փոխադրող պետություն։ Մալազիական օդանավի ողբերգական կործանումը միայն ավելի հստակ է դարձնում, թե որքանով են վտանգավոր Ռուսաստանի անխոհեմ գործողություններն ամբողջ աշխարհի համար», - ասված է հոդվածում:

«Բայց 2014 թվականի սպառնալիքները տարբերվում են «սառը պատերազմի» ժամանակների վտանգներից։ Դրանք հիմա ավելի բազմազան են և նենգ։ Անկայունությունը տարածվում է դեպի հարավ։ Հիմա ճգնաժամ է` Հյուսիսային Աֆրիկայից մինչև Մերձավոր Արևելք։ Եվ Ռուսաստանը «հիբրիդային» պատերազմ է վարում` կայծակնային, չհայտարարված զորավարժությունների, գաղտնի գործակալների և գաղտնաբար տեղափոխած հրթիռների միջոցով», - նշում են Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարները:

Ռասմուսենի և Բրիդլովի համոզմամբ, այս հարափոփոխ աշխարհում ՆԱՏՕ-ի առաքելությունը չի փոխվում. ՆԱՏՕ-ն կոչված է պաշտպանել իր տարածքը, անդամ երկրների ժողովուրդներին և միացյալ արժեքները։

«Մեր` իբրև ՆԱՏՕ-ի բարձրագույն քաղաքացիական և զինվորական ներկայացուցիչներիս խնդիրն է ապահովել, որ ՆԱՏՕ-ն կարողանա վտանգներից պաշտպանել բոլոր անդամներին», - գրել են հոդվածի հեղինակները։

Նրանց փոխանցմամբ՝ Ուելսում առաջիկա շաբաթներին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը քննարկելու է օրվա մարտահրավերները և քայլեր կձեռնարկի առավել հզոր, արագ գործող ու ճկուն դաշինք դառնալու ուղղությամբ։

«Պատրաստության Գործողության Ծրագիրը պետք է ներառի երեք բաղադրիչ․

Առաջին` մշակել անդամ երկրների անվտանգությունը երաշխավորելու միջոցներ;

Երկրորդ` հարկ է առավել երկարաձգել և ընդարձակել ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայումը Արևելյան Եվրոպայում, բարձրացնել հետախուզական տեղեկությունների հայթայթման և փոխանակման մակարդակը, անցկացնել նոր տեսակի զորավարժություններ` ավելի հաճախ և նոր տեղերում, արդիականացնել պաշտպանության ծրագրերը;

Երրորդ` անհրաժեշտ է արդիականացնել և հզորացնել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման կարողությունները, հասնելով այն բանին, որ հարկ եղած դեպքում ստորաբաժանումները արագ տեղակայվեն` վտանգի առաջին իսկ նշանի դեպքում և նախքան հակամարտության ծավալումը։

Արագությունը առանցքային նշանակություն ունի ՆԱՏՕ-ի սահմաններին անսպասելի ծագող վտանգները դիմագրավելու համար։ Ճիշտ տեղում, ճիշտ ժամանակ, ճիշտ կարողություն ունենալը խաղաղություն կապահովի»։

Ռասմուսենի և Բրիդլովի համոզմամբ՝ՆԱՏՕ-ն ունի անհրաժեշտ տեխնիկա, կարողություն և փորձառություն, բայց արդիականացումը կպահանջի նոր ներդրումներ։ Ուելսի գագաթնաժողովը ընձեռում է պաշտպանությանն ուղղված ծախսերի կրճատման միտումը վերացնելու հնարավորություն։

Հեղինակների կարծիքով՝ այդ ամենն անհրաժեշտ է վտանգավորր աշխարհում ապրելու և Ռուսաստանի երկակի խաղին պատասխանելու համար։

«Մենք շարունակում ենք հորդորել Ռուսաստանին պատասխանատու ընտրություն անել` ետ քաշել զորքը, դադարեցնել «հիբրիդային» պատերազմի մարտավարությունը, միջազգային համայնքի և Ուկրաինայի իշխանությունների հետ միասին որոնել ճգնաժամի քաղաքական լուծում։

Բայց միաժամանակ մենք պետք է ճիշտ ընտրություն անենք ՆԱՏՕ-ի համար` երաշխավորենք, որ դաշինքը պատրաստ է և ունակ է պաշտպանել մեր գրեթե մեկ միլիարդ քաղաքացիներին։ Դա է Ուելսի գագաթնաժողովի թիվ մեկ խնդիրը, և մենք դրանում միասնական ենք ու վճռական։ Այսօր և ապագայում ՆԱՏՕ-ի նշանաբանն է` մեկը բոլորի, բոլորը մեկի համար», - գրել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենը և գերագույն հրամանատար Բրիդլովը The Wall Street Journal հանդեսում։

XS
SM
MD
LG