Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն դիտարկում է նաև Պետրոսյանին առևանգելու վարկածը


Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ, ադրբեջանական գերության մեջ հայտնված Կարեն Պետրոսյանի մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված տվյալները հիմք են տալիս առաջ քաշել այն վարկածը, որ Կարեն Պետրոսյանին առևանգել են հայկական տարածքից։

«Նախ, գյուղացիների միջև մինչ այսօր չեն եղել որևէ հարաբերություններ, և միմյանց այցելելու և միասին թեյելու նախադեպեր առ այսօր չեն եղել: Այդ օրը առավոտյան Կարեն Պետրոսյանը, ինչպես իր հարազատներն են պնդել, գնացել էր Բարսեղի յալ կոչվող հանդամաս՝ վառելափայտ բերելու», - «Ազատության» հետ զրույցում փաստարկեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը։

Քննչական կոմիտեի կարծիքով, դժվար թե Կարեն Պետրոսյանը կարողանար անվնաս անցնել սահմանից այն կողմ ականապատ միջանկյալ տարածքով ու հայտնվել ադրբեջանական գյուղում․ - «Կարեն Պետրոսյանը վառելափայտի հետևից էր գնացել ավանակով, իսկ ավանակը հայտնաբերվել է մեր տարածքում, որտեղից արդեն հետքերը կորչում են, և այնպիսի տպավորություն է, որ նա առևանգվել է մեր, հայկական տարածքից»:

Հարցին, թե հետագա ինչ գործողություններ է ձեռնարկելու հայկական կողմը, Տռուզյանը պատասխանեց․ - «Քննությունը տարվում էր ամբողջ իրադարձությունների զարգացման հաջորդականությունը պարզելու ուղղությամբ, և հիմա հույն ունենք, որ կկարողանանք ամբողջական պատկերն առաջիկայում վերականգնել՝ Հայաստանի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների»:

Թե ինչ է տեղի ունեցել արդեն ադրբեջանական կողմում, այս պահին դժվար է ասել, քանի դեռ չի վերադարձվել Կարեն Պետրոսյանի դին․ - «Իսկ դին կարծես թե ադրբեջանական կողմը չի շտապում վերադարձնել, ինչը թերևս ունի իր բացատրությունը՝ իրենց իսկ նկատառումներից ելնելով: Սա վկայում է այն մասին, որ նրա նկատմամբ թերևս իրոք կիրառվել են խոշտանգումներ: Հակառակ պարագայում, կարծում ենք, որ ադրբեջանական կողմը շահագրգռված կլիներ օր առաջ հանձնել դիակը, որը թույլ կտար արագ իրականացնել դատաբժշկական փորձաքննություն և պարզել նրա մահվան պատճառը: Իսկ ուշացումները հիմք են տալիս ենթադրելու, որ ուղղակի ուզում են հետքերը կոծկել, քողարկել»:

Դատելով համացանցում հայտնված տեսագրություններից՝ Կարեն Պետրոսյանի նկատմամբ բռնություն է գործադրվել, ասում է քննչական կոմիտեի նախագահի խոսնակը՝ հավելելով, որ այդ տեսագրություններն «արդեն ներբեռնվել են և նշանակվել են փորձաքննություններ»․ - «Որովհետև մասնագիտական զննությամբ նաև ակնհայտ է դառնում, որ այդ տեսագրություններում Կարեն Պետրոսյանի նկատմամբ կիրառվել են ոչ միայն կոշտ մեթոդներ, այլ նաև հագուստն է փոխվել»:

Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանն էլ «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ ըստ Կարեն Պետրոսյանի հարազատների, իրենց որդին փայտ հավաքելու համար է անտառ գնացել։ Նրա խոսքով՝ նույնիսկ տեսնողներ են եղել, թե ինչպես է Կարենն ավանակին հեծած շարժվել անտառի ուղղությամբ։ Անհետանալուց հետո գյուղացիները գտել են ավանակն ու կացինը։

Չինարի համայնքի ղեկավարը հերյուրանք է որակում ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը, թե Կարեն Պետրոսյանը դիվերսանտ է․ ֊ «Նա երբեք չէր կարող լինել դիվերսանտ, քանի որ նա հող մշակող, անասուն պահող գյուղացի էր»:

Սաղոյանը պատմեց, որ Կարենի քույրն ու եղբայրը ապրում են Ռուսաստանում։ Կարենն էլ մոտ մեկ տարի առաջ մեկնել էր այնտեղ՝ արտագնա աշխատանքի։

Չինարիի բնակիչները բոլորն էլ մտահոգ են Կարենի կորստով, հույսեր են փայփայում, որ Կարենի դին կվերադարձնեն։

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն ադրբեջանական գերության մեջ էր հայտնվել օգոստոսի 7-ին, մեկ օր անց ադրբեջանցիները հայտարարեցին, որ Կարենը մահացել է։

XS
SM
MD
LG