Մատչելիության հղումներ

Հայ գործարարը կրակ է բացել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա


Այսօր վաղ առավոտյան հրազենից կրակ է բացվել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա: Տուժածներ չկան: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին ասել են Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրները:

Դեսպանատունը հսկող ռուսաստանցի ոստիկանները իսկույն ձերբակալել են հարձակվողին, իսկ հետո նրան բերման են ենթարկել Մոսկվայի Խամովնիկի շրջանի ոստիկանական բաժանմունք: Նրա ինքնությունը պարզվել է:

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» տեղեկացնում է, որ նա հայ է՝ 43-ամյա Արթուր Միրզոյանը: Հաղորդվում է, որ նա փայտամշակման ընկերություն ունի՝ «Դոբրիյ լես» ընկերության գլխավոր տնօրենն է:

Նա որսորդական եկրփողանի հրացանով կրակել է դեսպանատան շենքի ճակատին տեղադրված Թուրքիայի զինանշանի վրա: Երկու գնդակն էլ կպել են նպատակակետին:

Միրզոյանը հրաժարվել է բացատրել իր արարքի դրդապատճառները, բայց ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեցի»՝ ոստիկանների խոսքերով հիմքեր կան ենթադրելու, որ նրա գործողությունների շարժառիթը կարող է լինել հայերի ու թուրքերի դարավոր թշնամությունը, որը ավելի սրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ գոտում իրավիճակի սրման պատճառով:

Դեսպանատան պաշտոնյաները «Հյուրիեթ դեյլի նյուզի» հետ զրույցում հաստատել են, որ նման միջադեպ տեղի է ունեցել՝ նշելով, որ հարձակման արդյունքում զոհեր կամ վիրավորներ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG