Մատչելիության հղումներ

Արևելյան գործընկերությունը ներդաշնակ և գեղեցիկ դասական երաժշտություն է ստեղծում: Չնայած քաղաքական լուրջ դիսոնանսին, որ ստեղծվեց Վիլնյուսի գագաթաժողովի դրամատիկ հետդարձերից հետո, Լեհաստանի նախաձեռնությամբ հավաքված նվագախումբը` Արևելյան գործընկերության երկրներից հարյուրից ավելի երաժիշտներով, իր գեղեցիկ և ներդաշնակ կատարումներով աշխարհի տարբեր բեմերում արժանանում է ծափահարությունների:

Նվագախումբը, որ կոչվում է «Ես, մշակութային նվագախումբ» (i, Culture Orchestra) ստեղծվել է 2011 թվականին Լեհաստանի Ադամ Միկիևիչ ինստիտուտի կողմից այն նույն տարում, երբ Լեհաստանը նախագահում էր Եվրամիությունում:

Գաղափարը՝ մեկ հարթակի վրա հավաքել Արևելյան գործընկերության երկրների` Հայաստանի, Վրաստանի Ադրբեջանի, Բելառուսի Ուկրաինայի, Մոլդովայի ու նաև հենց այս գործընկերության ծրագիրը նախաձեռնած Լեհաստանի երաժիշտներին:

Նվագախմբի դիրիժորը ուկրաինացի երիտասարդ և խարիզմատիկ խմբավար Կիրիլ Կարաբիցն է:

«Կարծում եմ շատ յուրահատուկ նախագիծ է տարբեր պատճառներով»,- ասում է Կարաբիցը,- «Առաջին հերթին շատ ոգևորիչ է, երբ երիտասարդ նվագախումբ է հավաքվում, քանի որ նրանցից շատերը երբեք նախկինում նվագախմբում չեն նվագել»:

Ինձ համար` որպես ուկրաինացու, Լեհաստանը ընկալվել է որպես մի երկիր, որ քաջալերում է Ուկրաինային և այլ երկրների, որ Եվրոպային ավելի մոտենան, և մեզ մոտ էլ շատ հետաքրքիր է, որ նման մի բան է ստացվում՝ լեհ երաժիշտները մշտապես առաջ են մղում մյուսներին և խրախուսում այս փոքրիկ ընտանիքի անդամը դառնալ:

i, Culture Orchestra-ի երաժիշտները երեկ ելույթ ունեցան Էդինբուրգի փառատոնում, կատարելով շատ խորհրդանշական երկու սիմֆոնիաներ` լեհ կոմպոզիտոր Անժեյ Պանուֆնիկի էլեգիան և Դմիտրի Շոստակովիչի «Լենինգրադ» սիմֆոնիան, որը կոմպոզիտորը գրել է Լենինգրադի շրջափակման ժամանակ:

Օգոստոսի 23-ին արդեն Բալթիկ ծովի փառատոնում՝ Ստոկհոլմում, նվագախումը Ջորջ Գերշվինից բացի կկատարի նաև հայ և ադրբեջանցի կոմպոզիտորների գործեր: Կարա Կարաևի «Յոթ հրաշալիքներ»-ից հատվածներ և Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի մի շարերգ:

«Նման նվագախումբ ղեկավարելը յուրահատուկ մոտեցում է պահանջում, պետք է հավասարակշռություն պահես և բոլորի մոտ ոգևորություն արթնացնես ընտրված գործի հանդեպ, զգուշորեն ծրագրես, որ ոչ ոք չհոգնի», - ասում է դիրիժոր Կիրիլ Կարաբիցը:

«Պահանջվում է նաև փորձերը կազմակերպելու յուրահատուկ տեխնիկա, քանի որ նման նվագախմբերը դիրիժորի օգնության կարիքը ունեն, շատ խորը աշխատանք է պետք, երաժիշտներին` տարբեր մոտեցում պետք է ցուցաբերես», - ասում է նա:

Օրինակ հայ երաժշտին չես կարող նույն մոտեցումը ցույց տալ ինչ վրացի երաժշտին. նրանք տարբեր կենսագրություններով, տարբեր աշխարհայացքներով են գալիս, բայց մի բան ընդհանուր է՝ նրանք շատ զգացմունքային են մոտենում կյանքին, շատ ուժեղ են ամեն ինչ զգում:

Ջութակահարուհի Նեֆելինա Մուսայելյանը` նվագախմբի այս տարվա կազմում ընդգրկված 9 հայ երաժիշտներից մեկն է: Նա ասում է․ - «Այստեղ հանդիպում են տարբեր մշակույթներ` տարբեր երկրներից, և գալիս է հիմնականում երիտասարդությունը: Այնպես է ստացվում, որ մենք միասին հրաշալի երաժշտություն ենք ստեղծում ու նաև հանդիպում ենք հրաշալի պրոֆեսորների և դիրիժորների հետ, փորձ ենք կուտակում, միասին ճամփորդում ենք տարբեր երկրներով և դա հիասքանչ է»:

Նվագախմբի այս տարվա կազմը ներառում է 111 երաժիշտ, նրանց մեծ մասը Լեհաստանից են, 19 Վրաստանից, 9 Հայաստանից և երկուսը Ադրբեջանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG