Մատչելիության հղումներ

Պարտադիր սոցվճարից հրաժարվելու դիմումները Ֆիննախ ներկայացնել դեռ չի հաջողվում


Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույց Երևանում, ապրիլ, 2014թ․

Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույց Երևանում, ապրիլ, 2014թ․

Վերջնաժամկետը, մինչդեռ, լրանում է օգոստոսի 20-ին:

Հաշվապահները նորից չեն կարողանում էլեկտրոնային հաշվետվության միջոցով Ֆինանսների նախարարությանը ներկայացնել աշխատակիցների դիմումները, որոնցով վերջիններս հրաժարվում են սոցիալական պարտադիր վճարից:

Հիշեցնենք՝ նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ օգոստոսի 15-ին հաշվետվության նոր ձևը առկա կլինի պաշտոնական կայքէջում: Երեկ, սակայն, ամբողջ օրվա ընթացքում հաշվապահները չկարողացան անգամ ծանոթանալ այդ նոր ձևին:

Հաշվապահ Շողեր Բաբայանն էլ դիմումների կցման մի քանի անհաջող փորձից հետո տեսել է, որ էլեկտրոնային հաշվետվության ձևն առհասարակ անհետացել է նախարարության պաշտոնական կայքէջից:

«Փակ էր, դիմումները բացարձակ չէինք կարող լրացնել, սոցքարտի համարը մուտք էինք անում, ու ինքը չէր գտնում այդ անձին, կամ որ այդ անձին գտնում էր, ասում էր՝ «մասնակից չի», ինչ-որ խառը բաներ», - «Ազատությանը» պատմեց Բաբայանը: «Այսօրվա դրությամբ ծրագիրը չկա», - ասաց նա:

Հիշեցնենք, որ հաշվապահները էլեկտրոնային հաշվետվությանը պետք է կցեն նաև այն աշխատակիցների սոցիալական վճարներից հրաժարվելու մասին դիմումները, որոնք գործատուից պահանջում են աշխատավարձն ամբողջությամբ: Այս թղթաբանությունը ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է, և հաշվի առնելով, որ այսօր, ինչպես նաև առաջիկա երկու օրը ոչ աշխատանքային են, հաշվապահներին մնում է ընդամենը երկու օր՝ օգոստոսի 19-20-ը, այս դիմումները նախարարությանը ներկայացնելու համար:

«Ազատության» հետ զրույցի ընթացքում հաշվապահներն անհանգստություն հայտնեցին, որ ժամանակը շատ քիչ է նոր փաստաթղթին ծանոթանալու համար, և ինչպես նշեցին Մանե Թանդիլյանն ու Շողեր Բաբայանը, բոլորը չէ, որ կկարողանան մեկ կամ երկու օրում գլուխ բերել այդ ամենը:

«Ես ճիշտն ասած այս պահին չեմ էլ պատկերացնում՝ դա ինչ ծավալի աշխատանք է ենթադրում, հենց այդ պրոցեսը՝ հանձնելու: Այսինքն՝ եթե առանձին-առանձին դիմումներ են, ինչ են, ինչ ֆորմատի մեջ է ներկայացված», - ասաց Թանդիլյանը:

Նա ընդգծեց, որ հաշվապահը պետք է ծանոթանա այդ ծրագրին՝ «պետք է բացի, հասկանա՝ ոնց է լրացվում, այսինքն՝ նախ և առաջ դա է լրացվում, հետո հաշվետվությունն է հանձնվելու, և արդյոք հաշվետվությունը ինքնաշխատ կարդալու է այդ տրված տեղեկությունները»:

«Լիքը գործ կա անելու, իրականում շատ բաներ կան, և ամեն ինչ ինչպես միշտ են անում, այնպես էլ սա է: Հիմա փաստի առաջ են կանգնելու մարդիկ», - նշեց Թանդիլյանը:

«Հատ-հատ պետք է մուտք անեմ այդ ամբողջը, ես մեկ օրում հաստատ չեմ հասցնելու», - ասաց Բաբայանը:

Ի դեպ, նախարարությունը մինչ օրս պաշտոնական բացատրություն չի տվել, թե ինչպես պետք է աշխատեն հաշվապահները, և արդյոք տույժ-տուգանքների կենթարկվեն այն ընկերությունները, որոնք ժամանակին չեն հասցնի ներկայացնել այս ձևերը:

Նախարարության «թեժ գծի» աշխատակիցը «Ազատության» հեռախոսազանգին ի պատասխան ասաց, որ օրվա ընթացքում կփորձեն նորից ներբեռնել հաշվետվության ձևը: Այդուհանդերձ, նա հստակ պատասխան չտվեց՝ ինչ կլինի, եթե այդպես էլ մինչև օգոստոսի 20-ը ծրագիրը չաշխատի:

Հաշվապահ Մանե Թանդիլյանը չի կարծում, այնուամենայնիվ, որ հատկապես այս օրերին, երբ հասարակության մի զգալի հատված բողոքում է սոցիալական պարտադիր վճարներից, նախարարությունը իր իսկ թույլ տված տեխնիկական սխալների պատճառով կտուգանի հաշվետվությունը ուշ ներկայացրած ընկերություններին և հաշվի չի առնի սոցիալական վճարներից հրաժարվելու մասին դիմումները:

Իսկ հաշվապահ Շողեր Բաբայանն ասաց, որ այդ դեպքում պատրաստվում են զանգերով «զզվեցնել» նախարարության աշխատակիցներին:

«Նորից էլի զզվացնելու կարգով այնքան զանգենք, մինչև ժամանակը երկարաձգեն: Մեր երկրում սա է դարձել, ուրիշ տարբերակ չունենք: Իրենք անընդհատ մեզ սովորեցնում են այդ էքստրեմալ պայմաններին: Մարդիկ կան, մեծ մասն էլ, ասեմ, արդեն սովորել էր, որ «հա դե ոչինչ, արագ-արագ գիշերն էլ կնստենք կանենք»: Ասում եմ՝ «բայց ինչի՞, քո աշխատանքային ժամը ութ ժամ է, ինչի՞ ես դրանից ավել աշխատում, գիշերն էլ նստում»: Պետք է չհամաձայնել, չհամակերպվել», - ընդգծեց նա:

XS
SM
MD
LG