Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Պետրոսյանի մահվան թափանցիկ քննության կոչ է անում Ադրբեջանին


Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը ադրբեջանական գերության մեջ, 7-ը օգոստոսի, 2014թ․

Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը ադրբեջանական գերության մեջ, 7-ը օգոստոսի, 2014թ․

Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, սակայն, Բաքուն դժվար թե հետևի Վաշինգտոնի կոչին:

Այս պահին քննարկվում է ադրբեջանական գերության մեջ հայտնված և մահացած Կարեն Պետրոսյանի դին փոխանակելու հարցը։ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Պետրոսյանի դին ստանալու դիմաց հայկական կողմը քննարկում է վերջերս Քարվաճառում սպանված ադրբեջանցի դիվերսանտի դիակը Ադրբեջանին փոխանցելու տարբերակը։

Չինարի գյուղի երիտասարդ բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, որտեղ ասվում է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ադրբեջանական գերության մեջ Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան և այն պնդումների վերաբերյալ հաղորդագրություններով, որ նրա մահը վրա է հասել ոչ բնական պատճառներով։

Ցավակցելով Կարեն Պետրոսյանի ընտանիքին, ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում թափանցիկ հետաքննություն վարել և հրապարակել դրա արդյունքները։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության հարցին ի պատասխան տարածած հաղորդագրությունում Պետդեպարտամենտը Ադրբեջանին և Հայաստանին հիշեցնում է իրենց պարտավորությունները ըստ միջազգային մարդասիրական օրենսդրության, հատկապես ազատազրկվածների նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու հանձնառությունը։

Պետդեպարտամենտի հայտարարությունը շատ մեղմ էր, կարծում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ բոլոր ռիսկերը և վտանգները գալիս են ադրբեջանական կողմից, ուստի հայտարարությունը պետք է ավելի խիստ լիներ և ուղղված միայն Ադրբեջանին։

«Այս հայտարարությունը մի քիչ ուշացած էր, սա այսպիսի առաջին դեպքը չէ, սա միայն այս պահի դրությամբ վերջինն է։ 74 տարեկան գյուղացուն կհիշեք, նա էլ նույն տարածաշրջանից էր և կորցրեց կյանքը միայն այն պատճառով, որ սեփական փորձով զգաց ադրբեջանական «հյուրընկալությունը», - ընդգծեց Կիրակոսյանը:

Կիրակոսյանի խոսքով՝ այսօր ԱՄՆ-ը Ադրբեջանի վրա ազդելու ոչ մի էական լծակ չունի, և հենց դա է պատճառը, որ խոշտանգվում են ոչ միայն Ադրբեջանում հայտնված Հայաստանի քաղաքացիները, այլև հենց ադրբեջանցիները։ Նրա կարծիքով՝ լծակների բացակայության պայմաններում Ադրբեջանը դժվար թե հետևի Միացյալ Նահանգների՝ Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված արդար հետաքննություն անցկացնելու կոչին։

«Մենք ականատես ենք եղել, թե ինչպես է Ադրբեջանը բազմիցս և հետևողականորեն խախտում միջազգային իրավունքի նորմերը։ Ես չեմ կարծում, թե Ադրբեջանը կհետևի Պետդեպարտամենտի կոչին, սա առաջին դեպքը չէ, և, ցավոք, կարծում եմ՝ այն կկրկնվի», - ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը:

Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ը նման հայտարարությամբ է հանդես գալիս, բայց ի տարբերություն նախորդների՝ այս մեկը ավելի հրապարակային էր: Դրա պատճառը, նրա կարծիքով, այն է, որ Միացյալ Նահանգները դժգոհ է Ադրբեջանից, և սա կապված չէ միայն հայ գերու մահվան հետ։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ այն, որ Կարեն Պետրոսյանը չի մահացել, այլ խոշտանգումների արդյունքում սպանվել է, ակնհայտ է: Նրա կարծիքով՝ դա է պատճառը, որ Բաքուն այսօր վախենում է փորձաքննություն անցկացնելուց։

«Կարծում եմ՝ արդեն իսկ նույնիսկ ադրբեջանական հասարակության ինչ-որ մի հատվածի համար գաղտնիք չէ, որ տղան իսկապես մոլորված էր», - նշեց Սաֆարյանը:

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ այս միջադեպը տեղի չէր ունենա, եթե Հայաստանը՝ ի դեմս Արտաքին գործերի նախարարության, հետևողականորեն զբաղվեր նախկինում գերի ընկած և մահացած Հայաստանի քաղաքացիների գործերով: Նրա խոսքով՝ եթե Հայաստանի իշխանությունները Մամիկոն Խոջոյանի և մյուսների հետ տեղի ունեցած դեպքերով հետաքննություն պահանջեին միջազգային ատյաններում, ապա Ադրբեջանը ավելի զսպված կլիներ, «մենք էլ նման գործերով զբաղվելու նախադեպեր կունենայինք»։

«Հրաշալի հասկանում ենք, որ Կարեն Պետրոսյանը ենթարկվել է խոշտանգումների, և տվյալ պարագայում մենք գործ ունենք միջազգային կոնվենցիաների լուրջ խախտումներ հետ՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից, բայց նաև պիտի հետևողական լինենք՝ ոչ միայն ներպետական ատյաններում այս խնդրի լուծումը գտնելու, այլ նաև միջազգային շրջանակներում հետաքննություն իրականացնելու համար», - շեշտեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարը:

Հայաստանը մի շարք միջազգային կառույցների է անդամակցում, որտեղ Կարեն Պետրոսյանի հետ տեղի ունեցած դեպքը քննելու սահմանված մեխանիզմներ և փորձ կա, մինչդեռ հայկական պատվիրակությունները այնտեղ որպես զբոսաշրջիկ են գնում, ընդգծեց Սաֆարյանը:

XS
SM
MD
LG