Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանի ընկերների հարցաքննությունն այսօր ավարտվեց


Բոլոր կալանավորվածները պնդեցին՝ իրենք խուլիգաններ չեն, ոչ էլ ոստիկան ծեծող, ինչպես մեղադրանքում է գրված, ասացին՝ ինքնապաշտպանվել են։

Շանթ Հարությունյանի ընկերների հարցաքննությունն այսօր ավարտվեց։ Բոլոր կալանավորվածները պնդեցին՝ իրենք խուլիգաններ չեն, ոչ էլ ոստիկան ծեծող, ինչպես մեղադրանքում է գրված, ասացին՝ նոյեմբերի 5-ին ինքնապաշտպանվել են։

«Մենք գնացել ենք ակցիա, ոչ թե կռիվ անելու»,-պնդեց Վարդան Վարդանյանը, - «Հասկանում ենք, որ հրաման են կատարում, պետպատվերով չեն բուժում, բայց դատում են: Անպատժելիության դեմ ենք դուրս եկել։ Մի հատ նայեք աշխարհում ինչ է կատարվում՝ որ պրեզիդենտին գործից հանում են, վրան քրեական գործ են հարուցում: Մեր պրեզիդենտները բոլորը սուրբ են, հրեշտակ են այդ մարդիկ: Ոչ մեկի վրա ոչ քրեական գործ կա․․․ տեսե՞լ եք այսքան ժամանակ մի մինիստր դատեն, վարչապետ դատեն: Թե՞ մեր վարչապետները Բերլուզկոնիից լավն են: Անպատժելիության զգացումը ծնում է այն հանցանքները, որոնց դեմ այսօր մենք ելել ենք: Բայց մենք պիտի դրա դեմ դուրս չգանք, մենք պիտի ելնենք ղեկավարի դեմ, պատժենք այդ մարդուն, որ հետո նստողը՝ ես կլինեմ, Պողոսը կլինի, Պետրոսը կլինի՝ հիշի Միլոշևիչին ու իրեն ճիշտ պահի ազգի նկատմամբ»:

Ավետիս Ավետիսյանը նույնպես հարցաքննության ժամանակ իրեն մեղավոր չճանաչեց:

«Միլիցեքը կռիվ սարքեցին: Սարքեցին՝ մենք էլ ինքնապաշտպանվել ենք: Ո՞նց կլիներ՝ փախնեինք: Չեմ փոշմանել իմ արածի համար: Հենց շանս եղավ էլի եմ հեղափոխության ելնելու», - ասաց նա:

Սևակ Մնացականյանն ասաց՝ լավ գիտի ինչու են իրենց պատժում՝ որ մյուսներին դաս լինի:

Տիգրան Պետրոսյանին բացի խուլիգանությունից, ներկայացված է նաև ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանք։

«Ես էլ էի գրաժդանսկի շորով, ինքն էլ: Ինձ բերեցիք խուլիգանության մեղադրանքով՝ առաջադրեցիք, նա պարզվեց, որ խուլիգան է, բայց ոստիկանության աշխատող: Իրականում մեզ մեղադրում են, որ համարձակություն ես ունեցել համակարգի դեմ դուրս գալ, ով ես դու, նստիր տեղդ: Իսկ մեր տեղը այսօր բերդերն են, ցավոք սրտի», - մեկնաբանեց նա:

Ինչպես նախորդ դատական նիստում, այսօր էլ ամբաստանվողները հայտարարեցին նոյեմբերի 5-ին՝ բաժին բերման ենթարկելուց հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնչեցրած սպառնալիքների, նաև՝ ծեծի մասին։

«Դեռ մեզ պատասխան են տալու ամեն մի ոստիկանի թափած արյան համար», - ասաց Լիպարիտ Պետրոսյանը:

Վարդան Վարդանյանը ասաց, թե սպառնալուց բացի ոստիկանապետը նաև ծեծել է իրեն։ Նա հայտարարեց, թե խոշտանգումները համատարած են եղել, ու շատերը նաև դրանց պատճառով են հակասական ցուցմունքներ տվել։

«Եկել կանգնել են այնտեղ, ինձ ասում են՝ «տղան էլ զինվորական է, հեսա՝ թիկունքից կխփեն, Ղարաբաղ չի՞ ծառայում»: Բա ինչ թուղթ տային՝ ստորագրելու էի այդտեղ: Համոզված եմ՝ բոլորին էլ այդ նույն բանն արել են: Այսօր սուրբ ձևացող ոստիկանապետը՝ հինգ հոգով բռնել են, ծեծել է ինձ: Այս այսպես օֆիցիալ հայտարարում եմ: Մինչև հիմա չէի ասում, որ այստեղ ասեմ: Եկել ինձ ծեծել է ձեր քննիչների ու իր բաշիբոզուկների հետ: Երկու նախագահների կողմից կառավարական պարգևները իր բաշիբոզուկներից մեկը կրծքիցս պոկեց՝ տարավ: Այդ ամեն երկաթի կտորի համար ես լիտրով արյուն եմ թափել, օրգանիզմիս կեսը թողել եմ սահմաններում», - դժգոհեց Վարդանյանը:

Հայկ Հարությունյանը մասնակցել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ Շանթ Հարությունյանի զրույցին, ասաց՝ նախագահական նստավայր գնալու նպատակ իրենք չեն ունեցել։

«Օսիպյանը վերջում հարցրեց, ասաց՝ Շանթ, վերջը չասացիր ուր եք գնում: Կարո՞ղ է գնաք նախագահական: Ասաց՝ բայց վատ միտք չես ասում: Հետո էլ ասաց՝ լավ, վերևները, քո խաթր, զեկուցիր, քո խաթր չենք բարձրանա: Ու չի էլ ասել ինչ ճանապարհով պետք է պտտվենք, ինձ էլ չէր հետաքրքրում դա: Չէր ասում այն նպատակով, որ խուսափում էր ինչ-որ պրովոկացիաներից ու նախօրոք չէր ուզում ասել, որ տեղում դա չպատրաստվի», - պատմեց նա:

Հայկ Հարությունյանին խուլիգանությունից բացի նաև թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերելու ու պահելու մեղադրանք է ներկայացված․ նրա տան խուզարկությամբ հոգեմետ դեղ էր հայտնաբերվել։ Հարությունյանն ասաց՝ 93-94 թվականներին շանը անզգայացնելու նպատակով է ձեռք բերել՝ Վերնիսաժից։ Պաշտպանի հարցադրումից հետո պարզվեց, որ Հարությունյանը նաև փորձաքննություն է անցել․ թմրամոլ չէ։

Շանթի ընկերները այսօր էլ համոզված հայտարարում էին՝ երկիրը միայն հեղափոխությունը կփրկի։

«Անվճռականությունն է միշտ էլ պատճառը եղել, որ այսօր այստեղ ենք: Միշտ մեր վախկոտության պատճառով որտեղ որ պայքար է եղել, չենք գնացել: Հազար հատ՝ Չալոն կաղ է սկզբունքով փախել ենք պայքարից: Մեկը՝ ես երեխա ունեմ, մեկը՝ ես հիվանդ մայր ունեմ, մեկը՝ պետական գործի եմ, գնամ՝ կհանեն․․․ ինչ-որ անընդհատ մեր վախկոտությունը արդարացնելու պատճառներ ենք ման եկել, որ ոչ մի պայքարում չենք եղել, անարդարության դեմ աչք ենք փակել, մտածել ենք՝ մեզ չի կպնի սա», - մասնավորապես, ասաց Հարությունյանը:

XS
SM
MD
LG