Մատչելիության հղումներ

logo-print

Ալվար համայնքի ղեկավարի ընտրություններում մրցակցող երկու թեկնածուներն էլ ՀՀԿ-ական են


Շիրակի մարզի Ալվար համայնքում առաջիկա կիրակի օրը կայանալիք գյուղապետի ընտրություններում մրցակցում են իշխող Հանրապետական կուսակցության անդամներ Սամվել Նանեյանը և Վոլոդյա Սուքիասյանը:

ՀՀԿ-ի հնաբնակ Սամվել Նանեյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե առաջադրվել է, որովհետև ցանկանում է, որ գյուղում համերաշխություն տիրի, մարդիկ գյուղը չլքեն:

Դիտարկմանը, թե մրցակցում են երկու կուսակիցներ, Նանեյանն արձագանքեց. - «Ի՞նչ կապ ունի կուսակցությունը: Մարդ եղնի, աշխատի ժողովրդի համար»:

Վոլոդյա Սուքիասյանը երիտասարդ ՀՀԿ-ական է: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ առաջադրվել է, քանի որ ցանկություն ունին աշխատել հայրենի գյուղի համար: Սուքիասյանը, ով միայն վերջերս է անդամագրվել Հանրապետական կուսակցությանը, ասաց, թե այդ քայլը կապված չէ առաջիկա ընտրությունների հետ. - «Ընթացքում, հուսով եմ, հանրապետականները կսատարեն մեզ ընտրությունից հետո, գյուղին ինչ-որ բանով օգտակար լինեն: Հույսեր ունենք»:

Գյուղապետի ժամանակով պաշտոնական Խաչատուր Պապոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Գյուղում շատ-շատ պրոբլեմներ կան, որոնք միայն գյուղապետով չի լուծվի: Գյուղապետը ոչ մի հարց չի կարող լուծել… Սուտ է, այսօր ինչ խոստում կուզի, կարող է տալ: Պիտի դրսից փող ունենա, բիզնես ունենա, իրա գյուղն էլ իրա բիզնեսով պահե»:

Նրա խոսքով` թեկնածուների կուսակցական պատկանելությունն Ալվարում որևէ առավելություն չի տալիս. - «Մեր գյուղում չի անցնե: Շա՞տ է հետաքրքիր էն բանվորին, որը դաշտը տառապի գը, հանրապետական է, հնչակ է, թե դաշնակ: Իրեն հետաքրքիր է իրեն նախընտրած թեկնածուն ով է»:

Երկու բանակի բաժանված Ալվարն ունի ընդամենը 33 տնտեսություն:

XS
SM
MD
LG