Մատչելիության հղումներ

Վերջին օրերին երեխաների ինքնազգացողության վատացումը գյուղացիները բացատրում են խմելու ջրի աղտոտվածությամբ:

Պռոշյան գյուղի բնակիչները կասկածներ ունեն, որ կեղտաջրերը խառնվել են խմելու ջրին: Կասկածներն անհիմն չեն, քանի որ գյուղ մտնող խմելու ջրի խողովակը պարզապես թաղված էր մի քանի մետր խորությամբ կեղտաջրերի մեջ:

Պռոշյանի բնակիչները, տեսնելով, որ իրենց խնդիրը այնքան էլ չի մտահոգում այս հարցերով պատասխանատու անձանց, ստիպված են իրենք միջոցներ ձեռնարկել, որպեսզի գոնե կոյուղու ջրերը չխառնվեն խմելու ջրին: Ցայտաղբյուրներից մեկի վրա էլ գրություն էին փակցրել՝ «ջուրը չխմել»:

Գյուղի բնակիչները պատմում էին, որ վերջին օրերին երեխաների մոտ տկարություն է նկատվում:

Թամար Պողոսյանը իր թոռնիկին երեկ է տուն բերել հիվանդանոցից: «Ազատության» հետ զրույցում ասաց, որ թեպետ բժիշկներն այդպես էլ չհասկացան, թե ինչն էր ուժեղ ալերգիկ ռեակցիայի պատճառը, ինքը լուրջ կասկածներ ունի, որ ջրից է, և հիմա ընդհանրապես հրաժարվել է ծորակից հոսող ջրից:

«Առավոտ շուտ մեր հաևանի ավտոյով տարել եմ հիվանդանոց, միանգամից վերակենդանացում, ընդեղ դրել են սիստեմա, մաքրել են ու ուղարկել են հետ: Ես բլոկով քաղաքի ջուր եմ առնում խմելու: Ամուսինս Լենինականում է աշխատում, գալիս է ստեղ, մի երկու շաբաթ առաջ, տղաս էլ, ամուսինս էլ էստեղի ջրերից լուծ ընկան», - ասաց Պողոսյանը:

Այցելեցինք նաև Ռուզաննա Ավետիսյանին, ում 5 ամսական թոռնիկն այս պահին Երևանի Արաբկիր բժշկական կենտրոնում է՝ աղիքային սուր ինֆեկցիա ախտորոշմամբ: Ավետիսյանը պատմում է, որ երեխային ծորակից ջուր են տվել, ինչից հետո չորս օր բարձր ջերմություն է ունեցել և փորլուծություն:

Կոտայքի մարզի բժշկական ամբուլատորիայի բուժանձնակազմը պնդեց, որ ջրից թունավորման վերաբերյալ ոչ մի ահազանգ չեն ստացել: Համոզված էին, որ ջուրը մաքուր է, քանի որ իրենք օգտվել ու շարունակում են օգտվել հենց ծորակի ջրից:

Նույն համոզվածությունը, սակայն, չունեին համաճարակաբան բժիշկները: Այն պահին, երբ Պռոշյանում էինք, համաճարակաբանները նմուշառումներ էին կատարում ջրից:

Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի Կոտայք մասնաճյուղի բժիշկ-համաճարակաբան Գայանե Փիլիպոսյանը «Ազատության» հետ զրույցում թեպետ պնդեց, որ ջրից վարակվելու մասին ահազանգեր չեն ստացել, այդուհանդերձ, չբացառեց, որ խնդիրը գոյություն ունի:

«Պետք է պարզենք, թե որն է պատճառը, որ բնակիչները չեն կարողացել օգտվել խմելու ջրից: Բնակիչներին զգուշացված է, որ չի կարելի խմել այդ ջրից: Խողովակները պետք է փոխվեն, քլորացում պետք է կատարվի, որից հետո ջուրը կմաքրվի», - նշեց Փիլիպոսյանը:

Բնակիչները պնդում էին, որ խմելու ջրի խողովակի վրա կեղտաջուրն օրեցօր ավելանում է՝ հավելելով, որ նույնիսկ հորթ է ընկել ու խեղդվել այդ կեղտաջրերում:

Այսօր Պռոշյանում էր նաև «Երևան ջուր» ընկերության աշխատակազմի ներկայացուցիչները: Նրանց փոխանցմամբ՝ վնասվա՞ծ է խմելու ջրի խողովակը, թե՞ ոչ, պարզ կլինի միայն կեղտաջրերով լցված ջրափոսը մաքրելուց հետո:

Վերջում նշենք, որ երբ հեռանում էինք Պռոշյան գյուղից, նկատեցինք, որ «ջուր չխմել» գրությամբ ցայտաղբյուրից հանվել էր նախազգուշացնող գրառմամբ ցուցանակը: Գյուղացիներն ասացին, թե համաճարակաբաններն են տարել:

XS
SM
MD
LG