Մատչելիության հղումներ

Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատակիցները 6 ամիս աշխատավարձ չեն ստացել


Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատակիցները բողոքի ակցիայի ժամանակ, 5-ը օգոստոսի, 2014 թ․

Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատակիցները բողոքի ակցիայի ժամանակ, 5-ը օգոստոսի, 2014 թ․

Աշխատակիցների նշում են, որ գործարանում վախի մթնոլորտ է տիրում:

Հրազդանի ցեմենտի գործարանի մոտ 200 աշխատակիցները արդեն 6-րդ ամիսն է, ինչ աշխատավարձ չեն ստացել: Թեև տևական ժամանակ է, ինչ գործարանի ղեկավարությունը նրանց խոստումներ է տալիս, սակայն անարդյունք: Վերջին նման խոստման ժամկետն ավարտվել է նախօրեին:

Գործարանի աշխատակիցներից Ալեքսանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գործարանի աշխատողները հերթական անգամ իրենց խաբված են զգում:

«Մարդիկ հույսով սպասում էին մինչև հինգշաբթի, էսօր նորից ասում են՝ անհայտ ա, անորոշ ա, մինչև երեքշաբթի սպասեք, բանկից վարկ ենք վերցնելու և այլն: Մինչև էսօր ոչ ասում են տանը նստեք, ոչ՝ մի եկեք, ասում են՝ եկեք: Գալիս ենք, աշխատանքը չկա, ոչ մի րոպե ցեմենտ էլ չենք արտադրում: Հույս էլ չեն տալիս՝ երբ կլինի, ո՞ր ժամին, ո՞ր օրը», - ասաց գործարանի աշխատակիցը՝ խնդրելով չնշել ազգանունը:

«Միկա ցեմենտ» գործարանի կառավարիչ Արթուր Մուրադովը մեզ միայն փոխանցեց, որ իրենք ոչ մի կոնկրետ ժամկետ չեն խոստացել: Միայն ասաց, թե «շուտով հարցերը լուծվելու են»:

Աշխատակիցները, սակայն, հույս չունեն, որ խոստումներն իրականություն կդառնան: Գործարանի մեկ այլ աշխատող՝ Դավիթը, ով ևս խնդրեց չհրապարակել ազգանունը, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց ընտանիքներում անելանելի վիճակ է․ մի կերպ են իրենց ընտանիքները գոյություն պահպանում: Ու թեև գումար չեն ստանում, բոլորն էլ ամեն օր պարտաճանաչ աշխատանքի են ներկայանում: Դավիթը նաև ասաց, որ վերջին երեք տարիների ընթացքում, եթե անգամ վճարվել են, ապա ուշացումներով:

«Ես էս պահին պարտքերի, վարկերի տակ եմ, ստիպված էլի գնում եմ վարկ եմ վերցնում, տուն եմ գրավ դնում, որ կարողանամ մնացած պարտքերս փակեմ: Սա առանց աշխատավարձ աշխատելու արդյունքն է: Էնպես չի, որ սա անեկամուտ գործարան էր: Եկամուտ եղել է, բայց թե փողերն ուր են գնացել, ես չգիտեմ», - ասաց Դավիթը:

Ցեմենտի գործարանի աշխատակիցները նաև նշում են, որ դեռևս չեն դիմել աշխատանքի պետական տեսչություն, քանի որ այդ կառույցի հետ հույսեր չեն կապում: Նրանք ասում են, որ եթե առաջիկա երեքշաբթի օրն էլ իրենց աշխատավարձերը ղեկավարությունը չվճարի, կառավարության շենքի առջև բողոքի ակցիա կկազմակերպեն:

Սակայն Ալեքսանն ասում է, որ շատերը տրանսպորտի գումար չունենալու պատճառով գուցե չկարողանան գալ Երևան․ - «Նույնիսկ երեք կիլոմետր աշխատանքի գալու ճանապարհը մարդիկ ոտքով են գնում-գալիս»:

Երկու զրուցակիցներս էլ պատմում են, որ այժմ գործարանում վախի մթնոլորտ է․ շատերը այլևս ո'չ խոսել են ցանկանում, ո'չ բողոքել:

Հիշեցնենք, որ Հրազդանի ցեմենտի գործարանը մինչև վերջերս պատկանում էր գործարար Միխայիլ Բաղդասարովի «Միկա լիմիտեդ» ընկերությանը։ Պարտքերի պատճառով գործարանն արդեն կես տարի է տրվել է ՎՏԲ բանկին։

XS
SM
MD
LG