Մատչելիության հղումներ

Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ադրբեջանական գերության մեջ Կարեն Պետրոսյանի մահվան փաստով։

33-ամյա երիտասարդի դիակը Հայաստան վերադարձնելու ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս, Կարմիր Խաչի փոխանցմամբ, կողմերը դեռևս համաձայնության չեն գալիս։

Հայաստանի գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը կասկածներ ունի, որ Բաքուն միտումնավոր է ձգձգում՝ մինչև դիակի վրայից վերանան բռնության հետքերը։

Հարուցված քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեն նպատակ ունի նախ պարզել, թե ինչ հանգամանքներում է խաղաղ բնակիչը օգոստոսի 7-ին գերի ընկել: Ինչպես մեզ փոխանցեց կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանը, կատարվում է դեպքի վայրի զննություն, որը հնարավորություն կտա որոշել՝ արդյո՞ք Կարեն Պետրոսյանն ինքն է հատել սահմանը, թե՞ Հայաստանի տարածքից են նրան գերեվարել։

Իրականացվում են քննչական գործողություններ, ուսումնասիրվում են համացանցում տարածված տեսագրությունները, որոնցում, ըստ քննչական մարմնի, առկա են գերու նկատմամբ բռնության գործադրման փաստեր։

Նախաքննությունն իրականացնում է Հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը, միջոցներ են ձեռնարկվում բռնարարքի հեղինակների ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Դիակը Հայաստան վերադարձնելու դեպքում նաև դատաբշկական և փորձաքննությունների հնարավորություն կստեղծվի։

Հիշեցնենք, Հայաստանում քրեական գործ էր հարուցվել նաև 2010-ին գերեվարված Մանվել Սարիբեկյանի մահվան փաստով: Դիակը վերադարձնելուց հետո հայտնաբերվեցին կտտանքի հետքեր, պարզվեց, որ երիտասարդին խեղդամահ են արել։ Այս գործը հիմա Եվրադատարանում է։

Հայաստանի Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը գերության մեջ Կարեն Պետրոսյանի մահվան փաստի վրա հրավիրում է միջազգային կառույցների ուշադրությունը։ Նա դիմել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին, Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Եվրոպական խորհրդարանի նախագահին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ակնկալելով միջազգային փորձաքննություն։ Պատգամավորը պահանջում է հստակ գնահատական տալ կատարվածին, Եվրոպական խորհրդարանում և ԵԽԽՎ-ում քննարկել իրավիճակը։

Նա նամակին կցել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ռեպորտաժի տեսասկավառակը, որտեղ հստակ երևում է, որ երիտասարդը զինված դիվերսանտ չէ, ադրբեջանական գյուղի բնակիչներից ընդամենը թեյ և ծխախոտ է խնդրել:

«Ազատության» հետ զրույցում Զոհրաբյանը տարակուսած էր, որ մինչև հիմա միջազգային կառույցները չեն արձագանքել հայ գերու շուրջ տեղի ունեցած զարգացումներին։

«Որևէ արձագանք չկա, և դա ինձ զարմացնում է: Ինձ զարմացնում է նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների համառ լռությունը: Նրանք որևէ առիթ որևէ այլ դեպքում բաց չեն թողնում համաշխարհային աղմուկ բարձրացնելու համար, բայց հիմա այս համատարած լռությունը շատ կասկածելի է և շատ անընդունելի է: Ինձ հասկանալի չէ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս լռությունը տեղի ունեցած խայտառակ միջադեպի հետ կապված: Գիտեք, ես հասկանում եմ, որ իրենք փորձում են դիվանագիտական պարիտետ անընդհատ պահպանել բանակցային գործընթացը իրենց ձևակերպմամբ չվտանգելու և չվնասելու համար, բայց ես կարծում եմ, որ մենք հասել ենք մի սահմանագծի, երբ համանախագահների, միջազգային հանրության, կողմերի միջև համառորեն և հետևողականորեն հավասարության նշան դնելն է հենց առաջին հերթին արձակում Ալիևի ձեռքերը և թույլ տալիս նրան անել խայտառակ հայտարարություններ, ռասիստական հայտարարություններ, որ՝ իրենք կոչնչացնեն և գետնին կհավասարեցնեն Հայաստանը և Հայաստանը ֆաշիստական երկիր է: Գոնե այդ հայտարարությանը առնվազն զարմանալի է, որ չեղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքը», - ասում է նա:

Նամակում վկայակոչելով Ադրբեջանի ԵԽ անդամ երկիր լինելու և այս ամիսներին Եվրախորհրդի նախարարների կոմիտեն նախագահելու հանգամանքը, պատգամավորն ընդգծում է, որ այդ երկիրը բացահայտորեն ոտնահարում է ցանկացած միջազգային իրավունք, և որ Կարեն Պետրոսյանի սպանության ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանություններն ու անձամբ այդ երկրի նախագահ Ալիևը։

«Ես նայում եմ նաև իր թվիթերյան գրառումները, որն անդրադառնում է այս վերջին դիվերսիաներին և ասում է ՝ մենք վերադարձրեցինք հայրենիք Ռամիլ Սաֆարովին, և շատ ճիշտ արեցինք, ես ճիշտ արեցի, որ նրան ներում շնորհեցի։ Ամբողջ զավեշտն այն է, որ նման հայտարարություններ անում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահող երկիր Ադրբեջանը, որը դեռևս մինչև նոյեմբերի 16 նախագահելու է Եվրոպայի խորհրդում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը,- «Այսինքն ակնհայտ է, որ այստեղ նաև իրենց մեղավորությունն ունեն նաև ահա այս կառույցները, որովհետև նրանք համարժեք արձագանք չեն տալիս նման հայտարարություններին։ Երբ որ տարիներ առաջ Ադրբեջանը փոխեց իր սահմանադրությունը /միակ երկիրը Եվրոպայի խորհրդում/, ինչը հնարավորություն տվեց երկիրը դարձնել սուլթանատ և Ալիևին անընդմեջ առաջադրվել նախագահի պաշտոնում, Եվրոպայի խորհրդից չվտարվեց նման երկիրը, ապա ակնհայտ է, որ ֆաշիստական և ռասիստական այս գործելաոճը ԵԽ անդամ Ադրբեջանը պիտի շարունակեր։ Երբ որ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցում Եվրոպայի խորհուրդը և միջազգային կառույցները համարժեք գնահատական չտվեցին, այս ամենը թույլ է տալիս Ալիևին լինել ավելի սանձարձակ, լինել ավելի ռասիստ իր և իր կլանի քաղաքականության մեջ»։

«Ես հասկանում եմ, որ Ադրբեջանը կարողացել է փաթեթով միջազգային կառույցներ գնել և դժվար է որևէ հավասարակշռված արձագանք ակնկալել միջազգային հանրությունից, բայց ես այս բոլոր փաստերը բարձրաձայնելու եմ ԵԽԽՎ լիագումար նիստում»,- եզրափակեց պատգամավորը։

XS
SM
MD
LG