Մատչելիության հղումներ

Ադրբեջանական սադրանքների մասին հայտարարություն ԵԱՀԿ մշտական խորհրդում


Դեսպան Արման Կիրակոսյան, արխիվ

Դեսպան Արման Կիրակոսյան, արխիվ

«Հայաստանը ՄԽ համանախագահ պետությունների հետ համատեղ անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկի սադրանքները կանխարգելելու նպատակով», - հայտարարել է դեսպան Կիրակոսյանը:

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը երեկ կազմակերպության Մշտական խորհրդի հատուկ նիստում հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և հայ - ադրբեջանական պետական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի դեսպանը խստիվ դատապարտել է Ադրբեջանի սադրանքները, որոնք հանգցրել են մի շարք զոհերի և մեծացրել լարվածությունը տարածաշրջանում: Նշվել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել 1994 թվականի մայիսի և 1995 թվականի փետրվարի եռակողմ համաձայնագրերը և անտեսում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ու միջազգային հանրության կոչերը՝ զերծ մնալու սադրիչ քայլերից ու կարգավորելու հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:

Կիրակոսյանը խոր մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանցի զինվորականները սկսել են կիրառել ծանր զենք, ինչպես նաև շարունակում են գնդակոծել սահմանային գյուղերն ու քաղաքացիական անձանց: Անընդունելի է համարվել հայկական Չինարի գյուղում մարդասիրական հանձնառությամբ գտնվող Կարմիր խաչի մեքենայի գնդակոծումը:

Հայաստանի դեսպանը դատապարտել է պատահաբար ադրբեջանական տարածքում հայտնված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հրապարակային նվաստացումը, կտտանքների ենթարկելը, որոնք վերջինիս մահվան պատճառ են դարձել:

Կիրակոսյանն ընդգծել է, որ Բաքուն, մերժելով միջնորդների առաջարկությունը շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու մասին, դրանով իսկ ստանձնում է հրադադարի խախտումների և մարդկային զոհերի համար ողջ պատասխանատվությունը:

Հայաստանի դեսպանը վերահաստատել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման կարևորությունն ու նշել, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ համատեղ անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկի սադրանքները կանխարգելելու, իրավիճակի կայունացման և բանակցային գործընթացի շարունակման ուղղությամբ՝ ղարաբաղյան հիմնահարցը բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորելու նպատակով:

«Հույս հայտնվեց, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների օգոստոսի 10-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով Ադրբեջանը կհրաժարվի հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից, վերջ կտա սադրանքներին ու փոխարենը ջանքեր կներդնի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG