Մատչելիության հղումներ

Գյումրեցիները պատմում էին, որ հաճախ թույլ քամիներից մալուխներն իրար են հպվում, ու իրենք հետևում են կարճ միացումների, այսպես ասած, «հրավառության»:

Գյումրիի շատ թաղամասերում լուրջ վտանգ են ներկայացնում փայտե էլեկտրասյուները, որոնք փտել-քայքայվել ու թեքվել են: Բնակիչները ցույց են տալիս հենասյուների վիճակն ու ասում, որ չեն կարողանում հասկանալ, թե ինչու է ներդրումներ անելու անվան տակ էլեկտրաէներգիայի գինն անընդմեջ բարձրանում, երբ տարիներ շարունակ նույնիսկ մեկ հենասյուն չի փոխվում:

Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանն ասում է, որ հատկապես սեփական տների սեկտորում այդպիսի հենասյուների առկայությունը լուրջ վտանգ է ներկայացնում:

«Գոյություն ունի դեռևս 50-ական թվականներին մոնտաժված գծեր, որոնց հենասյուները գրեթե շարքից դուրս են եկել, այսօր վտանգ են ներկայացնում իրենցից: Որոշ հատվածներում դրանք փոխվել են երկաթբետոնյա հենսայուներով, բայց շատ թաղամասերում դրանք պահպանվել են», - ասաց Մանասյանը:

Բնակիչները այդ խնդրով դիմում են նաև քաղաքապետարան, բայց քանի որ հենասյուները Էլեկտրական ցանցերի սեփականությունն են, քաղաքապետարանին մնում է դիմել սեփականատիրոջը, որ դրանք փոխարինեն նորերով: Ու թե երբ դրանք նորերով փոխարինելու հերթը կհասնի, պարզ չէ:

Մի քանի թաղամասերում էլ հանդիպեցինք կողք կողքի, հնացած, փտած ու նոր երկաթբետոնյա հենասյուների: Հետաքրքիրն այն էր, որ թեպետ նոր հենասյուները տեղադրվել են, սակայն դրանք այդպես էլ նպատակին չեն ծառայում․ անգամ մեկ մալուխ չկար դրանց վրա, իսկ հին ու քայքայված հենասյուները մալուխներով խճճված էին:

Թե երբ կլինեն ներդրումներ հենասյուների փոխարինման ու ենթակայանների վիճակի բարելավման համար «Ազատության» հարցին ի պատասխան՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լրատվության բաժնից հավանաբար կպարզաբանեն առաջիկա օրերին:

Ի դեպ մոտ 15 տարի առաջ, երբ Գյումրիում անցկացվեց առաջին «Բիենալեն», արտերկրից ժամանած արվեստագետները մի ակցիա իրականացրին․ էլեկտրական մալուխով կարեցին հին շենքերից մեկի պատը՝ դրանով ցույց տալով, որ իրենց զարմացրել էր մալուխների այն սարդոստայնը, որ տեսել էին Գյումրիում:

XS
SM
MD
LG