Մատչելիության հղումներ

Վրաստանն Ախալքալաքում խոշոր ռազմակայան է հիմնադրում


Վրաստան -- Նախկին ռուսական ռազմաբազան Ախալքալաքում, արխիվ

Վրաստան -- Նախկին ռուսական ռազմաբազան Ախալքալաքում, արխիվ

Ախալքալաքում Ռուսաստանի Զինված ուժերի 62-րդ ռազմակայանի տեղում մոտ ապագայում կտեղակայվի վրացական բանակի խոշորագույն զորամասերից մեկը:

Այսօր Վրաստանի Զինված ուժերի գրեթե ողջ հրամանատարարական կազմը` պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի և Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի գլխավորությամբ այցելել էր Ախալքալաք, որտեղ վրաց զինվորականները մասնակցեցին նոր ռազմակայանի հիմնարկեքի արարողությանը: Իրակլի Ալասանիայի խոսքով, նոր ռազմաբազայի ստեղծումը հենց լքված ռուսական զորանոցների տեղում թե՛ ռազմավարական, և թե՛ հոգեբանական նշանակություն ունի:

«Ախալքալաքում ռազմակայան ստեղծելու մասին Վրաստանի կառավարության որոշումը ես առանց չափազանցության կարող եմ պատմական քայլ անվանել: Նախկինում այստեղ խորհրդային բանակն էր տեղակայված, սակայն այսօր այս վայրին նոր իմաստ է հաղորդվում», - հայտարարեց Ալասանիան:

Խորհրդային տարիներին Ախալքալաքում էր տեղակայված 147-րդ մոտոհրաձգային դիվիզիան: Սա Անդրկովկասի խոշորագույն զինվորական միավորումներից մեկն էր, որի կազմում գործում էին չորս մոտոհրաձգային, մեկ հրետանային և մեկ զենիթա-հրթիռային գնդեր:

ԽՍՀՄ փլուզումից մի քանի տարի անց Ախալքալաքի զինվորական շրջանն ընդգրկվեց Անդրկովկասում ռուսական զորքերի խմբի կազմում` վերափոխվելով 62-րդ ռազմակայանի: Այն իր գոյությունը պահպանեց 12 տարի: Ռազմակայանի դուսրբերումը մեկնարկեց 2006-ի մայիսին` վերջնականապես ավարտվելով 2007-ի նոյեմբեր ամսին:

Տեղի հայ բնակչության զգալի մասի համար ռուսական ռազմակայանի դուրսբերումը ծանր տնտեսական հարված էր, քանի որ շատերն աշխատում էին այդ ռազմաբազայում, բացի այդ` գյուղատնտեսական ապրանքների գնումները 62-րդ ռազմակայանի ինտենդանտական ծառայությունն իրականացնում էր հենց Ջավախքի գյուղերում:

Այն ժամանակ Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին խոստանում էր որոշակիորեն մեղմել ռուսական ռազմակայանի դուսրբերման տնտեսական հետևանքները` հայտարարելով, որ 62-րդ ռազմակայանի փոխարեն Ախալքալաք կփոխադրվեն Թելավիում տեղակայված 11-րդ հետևակային գումարտակի անձնակազմն ու տեխնիկան:

Այսօր ահա` ռուսական ռազմակայանի դուրսբերումից 7 տարի անց, վրացական իշխանությունները վերջապես ձեռնամուխ են լինում Ախալքալաքում նոր ռազմաբազայի ստեղծմանը:

«Վրաստանի ազգային զարգացման և մեր շահերի տեսանկյունից շատ կարևոր է, որ այս ռազմակայանը հենց այստեղ տեղակայված լինի: Սա ուսումնական կենտրոն է լինելու: Այս ռազմա-ուսումնական կենտրոնի ստեղծումը մեծ հնարավորություններ կստեղծի նաև տեղի բնակչության համար: Այս ռազմակայանը սպասարկման կարիք է ունենալու, և հենց սպասարկման հետ կապված հարցերի լուծման անհրաժեշտությունը կակտիվացնի տեղի գյուղերից գյուղատնտեսական ապրանքների գնումները: Ես համոզված եմ, որ այս կենտրոնը մեծ նշանակություն ձեռք կբերի թե՛ զինվորականների, և թե՛ տեղի բնակչության համար», - հայտարարեց Ալասանիան:

Վրաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեի խոսքով էլ` Ախալքալաքի վրացական ռազմաբազան լիարժեքորեն կսկսի գործել արդեն 2019 թվականին:

«Այս պահին աշխատանքները մեկնարկել են: Առաջին փուլը, որը նախատեսում է ճաշարանի և շտաբի շենքի կառուցում, կավարտվի 2015-ին: Երկրորդ փուլում նախատեսված է կառուցել սպորտային համալիրը, սպայակազմի և սերժանտական անձնակազմի համար նախատեսված հանրակացարանները, մանկապարտեզ և մի շարք այլ շինություններ», - հայտարարեց Կապանաձեն:

Վրացական բանակը Ախալքալաքի ռազմակայանի շինարարությանը ձեռնամուխ է եղել Զինված ուժերի ենթակառուցվածքային զարգացման ծրագրի շրջանակներում: Ախալքալաքից բացի, առաջիկա տարիներին Վրաստանի զինված ուժերը պատրաստվում են նոր ռազմակայաններ կառուցել նաև Խոնի քաղաքի և Թբիլիսիի մերձակայքում: Այս նպատակով հուլիսի վերջին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, դիմելով պատգամավորներին, կոչ էր արել 2015 թվականի բյուջեում Վրաստանի զինված ուժերին հատկացվող գումարն ավելացնել 11 տոկոսով: Համեմատության համար` այս տարի Վրաստանի ռազմական բյուջեի ընդհանուր ծավալը կազմում է 377 միլիոն ամերիկյան դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG