Մատչելիության հղումներ

logo-print

Հայ գերու դիակը վերադարձնելու հարցում առաջընթաց չկա


Ադրբեջան – Կադր հեռախոսով արված տեսանյութից, որում Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանը, Ադրբեջանում հայտնվելուց ժամեր անց, զրուցում է Աքբուլաք գյուղի բնակիչների հետ, արխիվ

Ադրբեջան – Կադր հեռախոսով արված տեսանյութից, որում Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանը, Ադրբեջանում հայտնվելուց ժամեր անց, զրուցում է Աքբուլաք գյուղի բնակիչների հետ, արխիվ

Բաքուն միտումնավոր ձգձգում է աճյունի վերադարձը՝ փորձելով վերացնել իրականացրած բարբարոսության հետքերը, ասում է Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի անդամը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն առայժմ առաջընթաց չի արձանագրում ադրբեջանական գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակը Հայաստան վերադարձնելու հարցում:

Կոմիտեի խոսնակ Զառա Ամատունին «Ազատության» հետ զրույցում ձեռնպահ մնաց մանրամասնել` արդյոք կողմերը բանակցում են Պետրոսյանի դիակը Քարվաճառում դիվերսիայի ժամանակ սպանված ադրբեջանցու աճյունի հետ փոխանակելու շուրջ:

«Երկխոսությունը իշխանությունների հետ երկու կողմից շարունակվում է, սակայն այս պահին որևէ առաջընթացի մասին հրապարակավ որևէ մեկնաբանություն անել չեմ կարող: Երբ կողմերը համաձայնության գան, Կարմիր խաչը, համաձայն իր` չեզոք միջնորդի դերի, կկարողանա մասնակցել և աջակցել իշխանություններին մարմնի հայրենադարձման հարցում», - ասաց նա:

Մինչդեռ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Զարինե Հակոբյանը այսօր համոզմունք հայտնեց, որ պաշտոնական Բաքուն միտումնավոր ձգձգում է աճյունի վերադարձը՝ փորձելով վերացնել իրականացրած բարբարոսության հետքերը:

«Կերկարաձգեն մինչև սպիները մի փոքր կարգավորվեն, բայց միևնույնն է` փորձագետները կպարզեն, թե խնդիրը ինչումն է կայանում», - նշեց նա:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած հանձնաժողովի անդամը դժգոհեց Կարմիր խաչի գործունեությունից՝ պնդելով, թե համապատասխան ջանքեր գործադրելու դեպքում հնարավոր կլիներ կանխել 33-ամյա Կարենի մահը:

«Այո, ես գոհ չեմ: Գոնե, որ արդեն հայտնի էր, հեռուստաալիքները այդ մասին խոսում էին և նույնիսկ Ադրբեջանից էին ցույց տալիս, ինձ թվում է, թե Կարմիր խաչը պետք է ակտիվ գործեր` գոնե կենդանի վերադարձներ այդ գերուն», - ասում է նա:

Կարմիր խաչից հակադարձում են՝ անում են հնարավորը իրենց իրավասությունների շրջանակում, այդ թվում նաև Կարեն Պետրոսյանի աճյունը ողջամիտ ժամկետներում վերադարձնելու համար, որպեսզի հնարավոր լինի փորձաքննություն իրականացնել:

«Բոլոր տեսակի հարցերը, որոնք վերաբերում են Կարմիր խաչի հանձնառության շրջանակին, մեր ուշադրության կենտրոնում են և դրանք մենք հասցեագրում ենք անմիջապես համապատասխան իշխանություններին: Այսինքն, դա նորից նշանակում է, որ` այո՛, աշխատանքներ արվում են, սակայն դրա հետ կապված ես չեմ կարող որևէ մանրամասն հաղորդել», - ասում է Զառա Ամատունին:

Ի դեպ, այսօր Հայաստանի արտգործնախարարությունն է անդրադարձել Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքներին: Շահարկումներ որակելով պնդումները, թե արտաքին գերատեսչությունը լռություն է պահպանում այս հարցում` նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը ընդգծել է, որ արտգործնախարարությունը հենց սպանության օրն է արձագանքել ու խստագույն կերպով դատապարտել այդ հանցագործությունը:

Հայաստանի հանրապետության քաղաքացու գերեվարման, հրապարակային նվաստացման և սպանության մասին ապացույցներն ու համապատասխան գնահատականները պատշաճ կերպով ներկայացվում են միջազգային կազմակերպություններին և գործընկեր երկրներին, հավաստիացրել է արտգործնախարարության խոսնակը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը, սակայն, անբավարար գնահատեց պաշտոնական Երևանի քայլերը: Իրավապաշտպանը հիշեցնում է, որ Ադրբեջանն այժմ նախագահում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում:

«Արդյոք ժամանակը չէ՞ այդ հարցը բարձրացնել, հենց որպես նախագահող երկիր, թե նա ինչպե՞ս է պաշտպանում մարդու իրավունքները և ժնևյան կոնվենցիաները: Աղմուկը շատ մեծ պետք է լիներ, և դիվանագիտական հսկայական աշխատանք արվո՞ւմ է, թե՞ ոչ: Ես մի փոքր կասկածում եմ: Պետք է հարցը դրվեր` միանգամից կասեցնելու Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում ու այդպիսի բազմաթիվ քայլեր», - ասում է նա:

Ավետիք Իշխանյանը կտրականապես համաձայն չէ ձևակերպման հետ, թե կողմերը համաձայնության չեն գալիս. Ադրբեջանը միակողմանի չի ցանկանում վերադարձնել դիակը, և Կարմիր խաչին մեղադրելն էլ ճիշտ չէ, միջազգային այս կառույցը լավագույն դեպքում միայն միջնորդի դեր կարող է ստանձնել:

«Տեղափոխումը կախված է Ադրբեջանի քաղաքական իշխանության կամքից: Կարեն Պետրոսյանին կտտանքների են ենթարկել, և նա տառապանքների արդյունքում է զոհվել: Դիակը ինքը խոսում է իր անցածի մասին: Ի վերջո` կվերադարձնե՞ն, թե՞ ոչ: Սա էլ է հարց: Որովհետև ժամանակի ընթացքում գուցե ինչ-որ վնասվածքներ վերանան, բայց, ամեն դեպքում, նույնիսկ կմախքն է ցույց տալիս կտտանքների մասին: Միանգամից հօդս կցնդեն Ադրբեջանի նախագահի ասածները, որ նա վախից է մահացել», - ասում է Իշխանյանը:

Իրավապաշտպանը որևէ արտառոց բան չի տեսնում, որ Հայաստանն էլ փոխանակման սկզբունքով վերադարձնի սպանված դիվերսանտի դին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG