Մատչելիության հղումներ

Վրաստանի Գլխավոր դատախազությունը պնդում է, որ 2009-ի սեպտեմբերից մինչև 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Միխաիլ Սաակաշվիլին պետական բյուջեից 5 միլիոն 100 հազար դոլար է մսխել, հիմնականում անձնական կարիքները հոգալու նպատակով:

Դատախազության պաշտոնական ներկայացուցիչն այսօր Թբիլիսիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նախկին նախագահն այս անօրիանական ծախսերն իրականցրել է իր անվտանգությունն ապահովող Պետական պահպանության հատուկ ծառայության միջոցով: Վրաց հարկատուների գումարները հիմնականում ծախսվել են արտերկրյա հանգստավայրեր ուղևորություններ կազմակերպելու, թանկարժեք նվերների և առողջացման պրոցեդուրաների վրա:

«2009 թվականին Միխաիլ Սաակաշվիլին մերսումներ ստանալու նպատակով Վրաստան է հրավիրում ոմն Դորոթի Շտայնի, ով առավելապես հայտնի էր որպես «Դոկտոր Դոտի»: Այս այցելության մասին տեղեկությունները հանրային հնչեղություն ստացան, ինչից հետո որոշում կայացվեց նախագահի և նրա ընտանիքի ու մերձավոր շրջապատի անձնական ծախսերը ձևակերպել որպես պետական գաղտնիք», - նշում էր վրացական դատախազության պաշտոնական ներկայացուցիչը, հավելելով, որ հետագա ծախսերի մասին տեղեկությունները իրավապահներին հաջողվել է ձեռք բերել միայն 2012-ի խորհրդարանական ընտրություններից ու դրան հաջորդած իշխանափոխությունից հետո, երբ համապատասխան փաստաթղթերը ամբողջությամբ գաղտնազերծվեցին: Դատախազության պնդմամբ, Վրաստանի պետական բյուջեի միջոցներից օգտվել են տարբեր մասնագիտությունների մարդիկ, տարբեր պետություններից:

«Սաակաշվիլիի ոճաբան Ալի Քամալի ծառայությունների դիմաց պետական բյուջեից դուրս է գրվել 43 հազար դոլար, իսպանացի խոհարար Սերխիո Կալդերոն Լատասին վճարվել է 110 հազար դոլար, Պերուում վարձված ուղղաթիռի սպասարկման ծախսերը կազմել են 19 հազար դոլար, Իտալիայում զբոսանավի վարձավճարը՝ 14 հազար դոլար: Նշված ժամանակահատվածում պետական բյուջեից 290 հազար դոլար է ծախսվել օդանավերի լիզինգի և 20 հազար դոլար՝ Սաակաշվիլիի արտերկրյա այցերի ընթացքում նախագահի համար հեծանիվների վարձույթի դիմաց», - պնդում է վրացական դատախազությունը:

Վրաց իրավապահների պնդմամբ, 2009-ից 2013 թվականն ընկած ժամանակահատվածում Միխաիլ Սաակաշվիլին մի քանի անգամ իր թիմակիցների հետ մեկնել է տարբեր արտերկրյա հանգստավայրեր՝ կրկին պետության հաշվին: Խոսքը հիմնականում Դուբայի, Թայլանդի և Ավստրիայի մասին է:

«Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի՝ ավստրիական Ինսբրուկ քաղաքի սպա-կենտրոններից մեկում անցած նիհարեցման կուրսի, ինչպես նաև կեցության ծախսերը հոգալու համար վրացական պետբյուջեից հատկացվել է 15 հազար ամերիկյան դոլար: Սաակաշվիլիի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեի և Աջարիայի նախկին ղեկավար Լևան Վարշալոմիձեի երկօրյա այցը թայլանդական Փխուկետ հանգստավայր վրացական բյուջեին արժեցել է 74 հազար դոլար»:

Միխաիլ Սաակաշվիլիի շրջապատը սակայն ներկայացված մեղադրանքները կտրականապես հերքում է:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սաակաշվիլիի փաստաբան Օթար Կախիձեն նշում էր․ - «Իմ պաշտպանյալը համոզված է, որ դա կատարյալ ցինիզմ է, երբ մի կառավարություն, որի գործունեության ընթացքում բյուջետային միջոցների պակասորդ է արձանագրվել, այժմ իրեն մեղադրում է պետական գումարներ մսխելու մեջ»:

Սաակաշվիլիի կուսակցության՝ «Ազգային միացյալ շարժման» ներկայացուցիչները ևս համոզված են, որ նախկին նախագահի դեմ դատախազության այս նոր գրոհը բացառապես քաղաքական դրդապատճառներ ունի:

Հավելենք, որ եթե Սաակաշվիլիի դեմ ներկայացված մեղադրանքների այս չափաբաժինը հաստատվի, ապա նախկին նախագահին 7-ից 11 տարվա ազատազրկում կարող է սպառնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG