Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանային Բերքաբեր գյուղի բնակիչներին զարմացրել է սահմանի հակառակ կողմում ադրբեջանական Մեզեմ գյուղի տարածքում ծառերի կողքին հայտնված սպիտակ դրոշը։

Բերքաբերը պետական սահմանից հեռու է 1.5 կիլոմետր, և ադրբեջանական բնակավայրը տեսանելի է Բերքաբերից։ Գյուղապետ Արթուր Մադաթյանն ասում է, որ սպիտակ դրոշը երեկվանից է հայտնվել ադրբեջանական գյուղում, Բերքաբերից այն պարզ երեում է։

Գյուղապետը նշում է, որ վերջին օրերի լարվածության պատճառով ադրբեջանական գյուղը դատարկվել էր, իսկ հիմա ադրբեջանական ընտանիքները սկսել են վերադառնալ գյուղ ու, ըստ տեղադրված դրոշի, խաղաղություն են ուզում:

Անցած գիշերը հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ անցել է գրեթե առանց կրակոցների։ Հայկական դիրքերի ուղղությամբ հատուկենտ կրակոցներ են հնչել։

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, թե հարաբերական խաղաղությունը նույնիսկ կասկածելի է։ Ասում է, որ վերջին մեկ ամսում այս գիշերը եզակի էր իր խաղաղությամբ:

Իսկ Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշեց, թե անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ ամեն մի կարևոր հանդիպումից առաջ հակառակորդն ակտիվանում է. - «Ես չգիտեմ դա ինչով է պայմանավորված»:

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ թեև հակառակորդի կողմից կրակոցներ արձանագրվել են, բայց անցած երկու օրվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանագծում լարվածության նվազման միտում կա։

Հովհաննիսյանը շեշտեց, որ հայկական կողմն այս անգամ չի պատասխանել հակառակորդի կրակոցներին՝ լարվածությունն էլ ավելի թուլացման համար. - «Կրակոցները կրկին քչացել են: Համեմատաբար հանգիստ է սահմանագծի վրա: Բայց Զինված ուժերը զգոնությունը պահպանում են, իրավիճակը վերահսկում են, որովհետև, ինչպես գիտենք, հակառակորդն անկանխատեսելի է ու նենգ է»:

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ևս իրավիճակը այս գիշեր համեմատաբար խաղաղ է եղել։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, այս գիշեր հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց։

Կրակոցների թիվը մեկ շաբաթ առաջվա համեմատ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում նվազել է մոտ 20 անգամ։

Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը այս շաբաթասկզբից հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների նվազման պատճառներից է համարում Սոչիում կայացած հանդիպումը, ինչպես նաև անցած երկու շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմի կրած հսկայական կորուստները. - «Փոխկապակցված երկու խնդրի կա: Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը ներկայացավ հաղթանակով, ամուր թիկունքով, հզոր բանակ, հզոր զինուժ ունենալու իրողությամբ: Եվ բանակցային այդ փոքրիկ գործընթացը մեզ համար շահեկան եղավ»:

Անդրադառնալով սահմանային վերջին լարվածությանը՝ պաշտպանության նախարարի խորհրդականը նշում է, որ Ադրբեջանն ամեն կարևոր հանդիպումից առաջ փորձում է հատկապես իր հանրության աչքին ցույց տալ իր բանակի «հզորությունը», բայց ամեն անգամ, ինչպես և այս դեպքում, նրա արկածախնդրությանը հայկական կողմը արժանի պատասխան տվեց. - «Ձախողվեց այդ նպատակը, որովհետև, նախ, կանխատեսելի էր, որ այդպես է լինելու, և մեր Զինված ուժերը պատրաստ էին նման գործողությունների սցենարին: Երկրորդ կարևոր հանգամանքը, որ հրադադարի հաստատումից առ այսօր առաջին անգամն է, երբ ադրբեջանական կողմը միաժամանակյա մեծամասշտաբ կորուստներ կրեց»:

«Սա մեր բանակի փոքր ուժերով մեծ խնդիր լուծելու ռազմավարության արդյունավետության հերթական ապացույցն էր», - համոզված է Ջամալյանը։ Նա, սակայն, շեշտում է, որ չնայած լարվածության նվազմանը, հայկական կողմը զգոնությունը չպետք է կորցնի. - «Իհարկե, հիմա լարվածությունը նվազել է: Թշնամին շատ ցավոտ հարված է ստացել, ուշքի գալու խնդիր ունի: Բայց միշտ պետք է լինել զգոն` հիշելով, որ մենք գտնվում ենք հրադադարի պայմաններում, ինչը ոչ թե խաղաղություն է, այլ պատերազմի պասիվ փուլ: Բանակը պետք է զգոն լինի, հասարակությունը պետք է բանակի թիկունքին լինի»:

Հայկական կողմի տվյալներով, վերջին երկու շաբաթվա ընթացքում հայկական կողմը 6 զոհ է տվել, ադրբեջանական կողմը` առնվազն 8 անգամ ավելի: Ադրբեջանական կողմի տվյալներով, սակայն, իրենց զոհերի թիվը երկու տասնյակից պակաս է:

XS
SM
MD
LG