Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի դեմ քրեական նոր մեղադրանք է առաջադրվել


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահի դեմ նոր գործը հարուցվեց ևս մեկ սկանդալային պատմության ֆոնին:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ ներկայացվող քրեական մեղադրանքները օրեցօր ավելանում են: Այսօր հայտնի դարձավ, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը նոր մեղադրանք է առաջադրել նախկին նախագահին:

Այս անգամ Սաակաշվիլին մեղադրվում է պետական բյուջեի միջոցներից 5 միլիոն դոլարի մսխման մեջ: Դատախազությունը պնդում է, որ այս գումարը Սաակաշվիլին ծախսել է մերսումների, խոհարարի ծառայությունների, օտարերկրյա հյուրերին բարձրակարգ հյուրանոցներում բնակեցնելու և Իտալիայում զբոսանավ վարձելու վրա:

«Նովոստի-Գրուզիա» գործակալության փոխանցմամբ՝ եթե Սաակաշվիլիի դեմ ներկայացված այս մեղադրանքը հաստատվի, ապա նախկին նախագահին կարող է սպառնալ 7-11 տարվա ազատազրկում:

Միխեիլ Սաակաշվիլիի դեմ քրեական նոր գործի հարուցումը տեղի ունեցավ ևս մեկ սկանդալային պատմության ֆոնին: Նրա իշխանության տարիներին կատարված մի սպանության գործի այժմ ընթացող դատաքննության ընթացքում այս շաբաթ կրկին սկսեց շոշափվել նախկին նախագահի անունը: Խոսքը Թբիլիսիի բնակիչ Սանդրո Գիրգվիլիանիի` 2006 թվականին տեղի ունեցած սպանության մասին է, որի համար դեռ ութ տարի առաջ դատապարտվեցին վրացական ոստիկանության մի շարք աշխատակիցներ:

Վրացական բանկերից մեկի աշխատակից Գիրգվիլիանին սպանվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցների և այն ժամանակ ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վանո Մերաբիշվիլիի կնոջ հետ կենցաղային վեճից հետո: Սպանված երիտասարդի ընտանիքը տարիներ շարունակ պնդում էր, որ 2006-ին իրականացված նախաքննությունը թերի էր, և հանցագործության իրական մեղավորների մի մասը խուսափել է պատժից:

2012-ի իշխանափոխությունից հետո, սպանված երիտասարդի հարազատների պահանջով նոր դատաքննություն մեկնարկեց, որի ընթացքում էլ մեղադրյալներից մեկը` Օլեգ Մելնիկովը օրերս հայտարարեց․ - «Նախագահ Սաակաշվիլին դեռ 2006 թվականին տեղյակ էր գործի մանրամասներին, և հենց նրա հրահանգով որոշվեց, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն միջադեպին մասնակցած ոստիկաններից միայն մի քանիսը, այն էլ` հանրային դժգոհությունը մեղմելու համար»:

Սաակաշվիլիի կողմնակիցները, սակայն, պնդում են, որ իրականում Մելնիկովի ցուցմունքները նախկին նախագահի դեմ քաղաքական հետապնդումների շղթայի բաղկացուցիչ մասն են:

Ազգային միացյալ շարժման անդամ Դավիթ Դարչիաշվիլին, մասնավորապես, հայտարարել է․ - «Տեղի ունեցողը հստակ քաղաքական դրդապատճառներ ունի: Այս ամենի նպատակը մեկն է` անառողջ աժիոտաժ ստեղծել` շոշափելով Սաակաշվիլիի անունը, և այդ ամենը օգտագործել ընդդիմության դեմ»:

Իշխանության ներկայացուցիչները, մինչդեռ, հակված են հավատալ Օլեգ Մելնիկովի ցուցմունքներին:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վրացական հեռուստաալիքներին տված հարցազույցում հայտարարում էր․ - «Մենք ողջունում ենք քննչական մարմիների հետ համագործակցելու ցանկացած մարդու, Վրաստանի ցանկացած քաղաքացու որոշումը: Ես խոստանում եմ ձեզ, որ այս հարցում ևս մենք կվերականգնենք արդարությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG