Մատչելիության հղումներ

Գվինեայից Հայաստան բերված կապիկը սատկել է, պատճառը պարզված չէ


Բոնոբո կապիկ, արխիվ

Բոնոբո կապիկ, արխիվ

Չինական Epoch Times պարբերականը օրերս մի հոդված է հրապարակել` քննարկելով վայրի կենդանիների թրաֆիքինգի միջոցով էբոլա վիրուսի տարածման վտանգները, և կենդանիների տեղափոխության երթուղիներում հիշատակվում է նաև Հայաստանը:

Վայրի կենդանիների ու բուսական աշխարհի եզակի նմուշների վաճառքի կոնվենցիայի քարտուղարության առաքելությունը 2011 թվականին Գվինեայում հետազոտել է այստեղ արձանագրված վայրի կենդանիների վաճառքի անսովոր ակտիվությունը:

Հետազոտության ընթացքում նաև պարզվել է, որ երկու բոնոբո կապիկ վաճառվել ու տեղափոխվել է Հայաստան:

Հետազոտողները դրանց հետքերով չեն գնացել, ըստ երևույթին՝ հաշվի առնելով վաճառքի թույլտվությունը, բայց անկախ փորձագետ, ֆոտոլրագրող Կարլ Ամանը հետաքրքրվել է կապիկների ճակատագրով: Աշխատելով հայ հետաքննող լրագրող Քրիստինե Աղալարյանի հետ, նրանք պարզել են, որ կապիկներից մեկը պահվում է Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո պարկ» մասնավոր այգում, իսկ մյուսը սատկել է, բայց պարզ չէ, թե ինչից: Չի ուսումնասիրվել՝ արդյոք կապիկը հիվա՞նդ էր, թե՞ ոչ:

Հոդվածագիրը նշում է, որ բոնոբո կապիկները նախկինում բռնկված էբոլա զաիր վիրուսով հիվանդացող կենդանիներ են:

Հարցազրույցների և Պետեկամուտների կոմիտեի ցուցակների միջոցով Աղալարյանը պարզել է, որ 2011 և 2012 թվականներին առնվազն հինգ բոնոբո և յոթ շիմպանզե Հայաստանից դուրս է բերվել եվրոպական երկրներ: Վայրի կենդանիների վաճառքի կոնվեցիայի տվյալների բազայում, որտեղ օրինական վաճառքները արձանագրվում են, այս մասին ոչինչ չկա:

Կարլ Ամանը հետաքրքրվել է նաև Գվինեայից Չինաստան տարված կապիկների ճակատագրով: Այս տարվա հունվարին նա այցելել է Չանշայի կենդանաբանական այգի, որտեղ պետք է չորս գորիլա լիներ: Տեղում նա պարզել է, որ գորիլաներին խնամող չինացի աշխատողը հիվանդացել է, հեպատիտ են ախտորոշել, կինը թողել է աշխատանքն ու վերադարձել Չինաստանի հյուսիսում գտնվող իր բնակավայրը: Իսկ գորիլաներին հետազոտել են, պարզվել է, որ նրանցից երկուսը հեպատիտի վիրուսակիր են, և ի վերջո չորս գորիլաներին մահացու դեղորայք են ներարկել:

Էբոլայի մասին տարբեր հրապարակումներում նշվում է, որ նախկինում ևս Աֆրիկայում այդ համաճարակի դեպքեր են արձանագրվել: Առաջին անգամ այդ վիրուսը հայտնաբերվել է 1976-ին նախկին Զաիրում, հիմա՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Էբոլա գետի ավազանում: Վարակակիրների հետ ուղղակի շփումներից բացի, էբոլա վիրուսը կարող է տարածվել նաև վայրի կենդանիների՝ կրծողների, չղջիկների, նաև՝ կապիկների միջոցով:

Անցած տարվա դեկտեմբերից էբոլա համաճարակի բռնկումը սկսվել է Գվինեայում, նախկին համաճարակների համեմատ այս վերջինը ամենալայնն է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության օգոստոսի 12-ին հրապարակած տվյալներով՝ էբոլայից արդեն ավելի քան հազար մարդ է մահացել, 1800-ից ավելին վարակված են այդ վիրուսով:

Էբոլայի դեմ դեղամիջոց մինչ այժմ հայտնաբերված չէ:

XS
SM
MD
LG