Մատչելիության հղումներ

logo-print

Արգիշտի Կիվիրյանի գործով «շողուլի բերելու» անհրաժեշտությունը


Ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի՝ մեղադրողի, նաև դատավորի պահվածքից ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է Կիվիրյանի դեմ մեղադրանքը հաստատելու համար:

Արաբկիրի դատարանում «Արմենիա Թուդեյ» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործով այսօր առկա նյութերի ուսումնասիրության ընթացքում պաշտպանական կողմը տարբեր առիթներով հայտարարեց, որ փաստաթղթերի բովանդակությունից և հաջորդականությունից ակնհայտ է, որ նախաքննական մարմինն ամեն ինչ արել է Կիվիրյանի դեմ ամեն գնով քրեական գործ հարուցելու համար:

2013 թվականի օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիայից հետո Արգիշտի Կիվիրյանը մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Փաստաբան Լուսինե Սահակյանը վկայակոչեց փաստաթղթերից մեկը․ -«Միայն այն հանգամանքը, որ իրենք են վկաներին ներկայացնում Հատուկ քննչական ծառայություն, արդեն իսկ այդ վկաների ցուցմունքները զրոյացնում է: Մենք տեսանք, թե ինչ վկաներ էին, ինչ կարգավիճակով, որ մարդը պատրաստ էր նույնիսկ քարտ կուլ տալ, բայց չբացահայտել այն ոստիկանին, որի հետ ինքը առնչություն է ունեցել»:

Քրեական գործի նյութերում կա ապացույց, որ քննիչը վերադարձրել է Արգիշտի Կիվիրյանի ցուցմունքը: Ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի՝քննիչն ամեն ինչ արել է, որ Կիվիրյանը զրկվի ցուցմունք տալուց, պաշտպանական կողմը ստիպված է եղել ցուցմունք գրել և ուղարկել քննիչին: Մեղադրող Արթուր Երիցյանի հակափաստարկն այն էր, որ «այդ մարդիկ արդեն հարցաքննվել են»:

«Ցուցմունքը շողուլի բերել»

Սուտ ցուցմունք տալու հնարավոր հետևանքների մասին չզգուշացնելու մի օրինակ մեկ այլ ապացույցի առիթով հիշեցրեց Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը: Նա հիշատակեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի նախկին տեղակալ, հիմա փաստաբանական ծառայության անցած Արմեն Նադիրյանի ցուցումը, որի անհրաժեշտությունն, ըստ փաստաբանների, առաջացել էր ոստիկանների իրարամերժ ցուցմունքների հետևանքով: Հատուկ քննչականի պետի նախկին տեղակալ Արմեն Նադիրյանը ցուցում էր տվել վկա ոստիկանին կրկին հարցաքննել, բայց քննիչը մոռացել էր ոստիկանին զգուշացնել սուտ ցուցմունք տալու հնարավոր հետևանքների մասին:

«Ու էս ցուցումով ուղղակի փորձ է արվում, ինչպես ասում են, տեղը գցել ցուցմունքը և շողուլի բերել այն: Հիմա երրորդ անգամից էդ փորձը, կարծես թե, ստացվում է, բայց դեռ մոռանում են տուժողին զգուշացնել սուտ ցուցմունքի մասին», - ասաց Վարոսյանը:

Քննիչը՝ տուժողի օգնականի դերում

Ըստ Երվանդ Վարոսյանի՝այս գործում կան նյութեր, որոնցից եզրակացրել է, որ տուժողի օգնականի դերում է հանդես եկել քննիչ Մելքոնյանը: Քննիչը «իրավաչափ» է համարել ոստիկանների գործողությունները՝ առնաց համապատասխան քրեական գործ հարուցելու: ՀՔԾ-ը այդ եզրակացությանը հանգել է Կիվիրյանի դեմ քրեական գործ հարուցելու ժամանակահատվածում:

Փաստաբանները դժգոհեցին, թե մեղադրանքը պաշտպանող դատախազը չի ուզում ընդունել, որ գոյություն ունի օրենք և իրավունք:

«Որովհետև, եթե այս դատավարության ընթացքում մեղադրողը չհիմնավորի, որ իրավաչափ է գործել ոստիկանությունը, Արգիշտի Կիվիրյանի մեղադրանքը 316 հոդվածով՝ անկախ նրանից, թե նա կծել է, խփել է, բռնաբարել է, թե ինչ է արել ոստիկանին, էդ հոդվածով չէր կարող որակվել», - ասաց Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Մեղադրող Արթուր Երիցյանը հակադարձեց․ - «Ուղղակի ես հասկացա որ պաշտպանական կողմերը այս ամբիոնը օգտագործում է հատկապես, որ ձայնագրվում է, որ էնպիսի բան ասի, որ տպավորություն ստեղծվի, որ իբր թե ասեց էն բանը, որ կարևոր է»:

Արգիշտի Կիվիրյանն արձագանքեց․- «Հենց որ իմ պաշտպանները բացահայտում են դատախազության, կարելի է ասել, այդ կեղտոտ ներքին խոհանոցը, դատախազության ուսադիրները պահելու համար էլ մեղադրողը այս կարգի վրդովվում է ու փորձում է ինչ-որ կերպ սրա տակից դուրս գալ»:

«Դատախազը նախապատրաստում է տուժողին»

Այսօր պաշտպանական կողմը նշեց գործում առկա հակասությունների մասին և միջնորդեց կրկին հարցաքննել տուժող ոստիկան Վահան Վրդանեսյանին: Մեղադրողն ասաց, թե հիմա դրա կարիքը չկա:

Պաշտպանական կողմը համոզմունք հայտնեց, որ մեղադրողը չցանկացավ, որպեսզի տուժողն այսօր հարցաքննվի, քանի որ իրեն անհրաժեշտ է տուժողին նախապես պատրաստել:

Մեղադրողը հակադարձեց․- «Ուզում եմ ասել, որ պաշտպանական կողմի հայտարարությունը մերկապարանոց է»:

Նիստի ավարտից հետո տուժողն ու դատախազը իրար հետ զրուցելով հեռացան: Տուժողը ճանապարհում էր դատախազին:

«Սա ա իրականությունը, չեն կարողանում, հասկանում եք, ինչքան էլ ուզում են պատրաստեն, տեղում զգուշացնեն, էն ոնց ա ասում՝ գող կատուն միշտ էլ վերջում մարագն ա վազում: Էդ հայտնի ասացվածքի տեսանկյունից էսօր մեր մեղադրողն ու տուժողն են», - ասաց Արգիշտի Կիվիրյանը:

Հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 22-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG