Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ոգևորված է Սոչի հանդիպման արդյունքներից:

«Հուսով ենք, որ շփման գծում իրավիճակը կկայունանա, և կողմերը կդրսևորեն քաղաքական կամք՝ համագործակցելու Մինսկի խմբի համանախագահների հետ հակամարտության լուծումը գտնելու հարցում», - ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության հետ զրույցում հավելել է ամերիկացի դիվանագետը՝ գոհունակություն հայտնելով առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են երկխոսության շարունակման և հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը:

Օգոստոսի 10-ի Պուտին - Սարգսյան - Ալիև հանդիպումը դրական է գնահատում նաև պաշտոնական Ստեփանակերտը: Արտգործնախարար Կարեն Միրզոյանը «Կարաբախօփեն» լրատվական կայքի հետ զրույցում ասել է․ - «Կարևոր է, որ տվյալ ազդանշանը հասնի Ադրբեջանի ղեկավարությանը, որը դեռևս հանդիպման նախօրեին սպառնում էր ռազմական գործողությունների վերսկսմամբ: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը, պատրաստ են այսուհետ ևս իրենց կառուցողական ներդրումն ունենալ բանակցային գործընթացի շարունակման և հակամարտության գոտում կայունության ու կանխատեսելիության բարձրացման գործում»:

Ի դեպ, Լեռնային Ղարաբաղի բարձաստիճան պաշտոնյաները նախօրեին ներքին և արտաքին քաղաքականությանը նվիրված աշխատանքային խորհրդակցության էին հրավիրված նախագահ Բակո Սահակյանի մոտ: Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել պետության սահմաններն անսասան պահելու, հակառակորդի ներթափանցման փորձերը կասեցնելու, տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը պահպանելու համար:

Պաշտոնական բաքուն Սոչիի հանդիպմանը անդրադարձել է երեք օր անց միայն: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը հատարարել է, թե ընդհանուր առմամբ դրա արդյունքները կարելի է գնահատել որպես դրական:

«7 ամիս անց երկրների ղեկավարների մակարդակով ուղիղ շփումների վերականգնումը, ինչպես նաև այլ ձևաչափերով անցկացվող հանդիպումները դրական ազդեցություն կունենան հակամարտության կարգավորման վրա», - Հասանովի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի նախագահը, մինչդեռ, լուռ է, նույնիսկ՝ Թվիթերում, որտեղ թողած իր վերջին գրառում-սպառնալիքը օգոստոսի 7-ին էր՝ Սոչիի հանդիպումից առաջ:

Հանդիպումից հետո անսովոր պասիվ է նաև Նովրուզ Մամեդովի միկրոբլոգը, ով, համարվելով պաշտոնական Բաքվի խոսափողը, աչքի էր ընկնում թվիթերյան իր ակտիվությամբ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի վերջին գրառումը օգոստոսի 9-ին է եղել, որտեղ ասվում էր, թե «ղարաբաղյան բանակցություններում առաջընթացը կախված կլինի Հայաստանի նախագահի կառուցողական մոտեցումից»:

Ընդհանուր առմամբ կողմերը փաստում են, որ Սոչիի հանդիպումից հետո սահմանի երկայնքով լարվածությունը թուլացել է, սակայն Ղարաբաղում ընդգծում են , որ լարվածություն թուլացել է ոչ թե Սոչիի հանդիպման շնորհիվ , այլ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի:

«Իրավիճակը մեղմեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի համարժեք պատասխանը ադրբեջանական կողմի ոտնձգություններին», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԼՂ խորհրդարանի արտաքին հարաբարերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ շարունակելով․ - «Ես դատում եմ այն մարդկանց տեղեկատվությամբ, ովքեր շփման գծից նոր են վերադառնում, և իրենց տպավորությունն այնպիսին է, որ օգոստոսի 8-ից հետո զորքերի շփման գծում կարծես թե լարվածությունը թուլացել է: Բայց դա քաղաքական և վերլոււծաբանական կամ քաղաքագիտական գնահատական չէ, որովհետև ես փոխանցում եմ այն մարդկանց տեսակետը, ովքեր նոր են վերադարձել: Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ Սոչիի հանդիպման բովանդակությունը պայմանավորված է հուլիսի վերջի, օգոստոսի առաջին մի քանի օրերի ղարաբաղա-ադբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի հետ»:

XS
SM
MD
LG