Մատչելիության հղումներ

logo-print

28-ամյա Զարուհի Ասլանյանը արդեն հինգ տարի է սովորում և աշխատում է Դանիայում: Հայաստան գալիս է տարի մեկ անգամ՝ հարազատներին տեսնելու և հանգստանալու: Նա ասում է, որ հայրենիք վերադառնալու ցանկություն չունի։

«Այնտեղի կյանքն իմանալով, թե ինչքան աշխատավարձ ես դու ստանում, ինչքան կյանքն ավելի հեշտ է անցնում, դեռ ցանկություն չկա վերադառնալ Հայաստան. դու չգիտես քո ապագան ինչպես կլինի այստեղ, իսկ այնտեղ դու համոզված ես, որ եթե դու այսօր աշխատում ես, նորմալ հետևում ես իրենց կանոններին, ապա դու ինչ-որ չափով պաշտպանված ես պետության կողմից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ասլանյանը։

«Նույն վիճակում այսօր բամաթիվ հայ երիտասարդներ են հայտնվել: Շատերը լքում են Հայաստանը, որովհետև աշխատանք չեն կարողանում գտնել, ուրիշներն էլ աշխատանք ունեն, բայց չնչին աշխատավարձ են ստանում, ոմանք էլ, պարզապես, ապագայի նկատմամբ վստահություն չունեն», - ասում է 57-ամյա Հոռոմսիմ Այվազյանը և սեփական երեխաների օրինակը բերում․ - «Աշխատանք չունեն առաջնահերթ, բնակվելու տեղ չունին, չեն ամուսնանում էն պատճառով, քանի որ աշխատանք չկա։ Լրիվ խնդիր է երիտասարդների մոտ, իմ երիտասարդները երկուսն էլ դրուսմ են: Ինչո՞ւ համար: Երկուսն էլ ավարտած են, իսկ հիմա Ռուսաստանում շինարարություն են անում: Ստեղ չկարողացան ապրել, ես կարոտ եմ նրանցից։ Հիմա ես էլ չեմ կարողանում այստեղ ապրել, երևում է ես էլ գնամ»։

Երևանի փողոցներում պատահական անցորդները «Ազատության» հետ զրույցներում իրենց մտահոգություն էին հայտնում երիտասարդների այսօրվա վիճակի շուրջ։ Ասում էին՝ Հայաստանում երիտասարդ չի մնացել․ բոլորը գնում են Ռուսաստան ու «լավ օրից չէ, որ գնում են»։

«Ինքը չի կարողանում իրեն պահի, կարա՞ ամուսնանա, ընտանիք պահի: Չի կարա։ Քո Ազգային Ժողովը միլիոններ ա ստանում, թող նրանց փողից կտրի, տա էդ երիտասարդին, գոնե մի զավոդ բացի, գոնե էդ երիտասարդը գնա աշխատի։ Էս երիտասարդն ա վաղը մեզ պահելու, էս երկիրը մեզ պահելու չի», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։

Ըստ պաշտոնական տվյալների, այսօր Հայաստանում մոտ 500 հազար երիտասարդ կա։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշում է, որ Հայաստանում գործազրկության և աղքատության ցուցանիշները, ընդհանուր առմամբ, բարձր են, և առավել բարձր են հատկապես երիտասարդների շրջանում:

«Երիտասարդների շրջանում գործազրկությունը, մինչև 30 տարեկան, կազմում է մոտավորապես 19 տոկոս, որը բավականին բարձր ցուցանիշ է իրականում։ Բնականաբար, սա էլ հանդիսանում է հիմք այն ցուցանիշի համար, որ մոտ 85 տոկոսը երիտասարդների ցանկություն է հայտնել ժամանակավոր մեկնել Հայաստանից՝ աշխատանք գտնելու, դրսում ապրելու և վերադառնալու, իսկ մոտավորապես 40 տոկոսը ցանկություն է հայտնել ընդմիշտ հեռանալ Հայաստանից՝ պատճառաբանելով, որ դժվար է գտնել աշխատանք, դժվար է գտնել լավ վարձատրվող աշխատանք և կյանքում հաստատվել վստահելի հիմքերի վրա», - փոխանցեց Հայրապետյանը։

Նրա խոսքով, որպես գործազրկության հետևանք, երիտասարդների շրջանում մեծ է նաև աղքատության ցուցանիշը․ - «Մինչև 30 տարեկան երիտասարդների մեջ 32 տոկոսը մոտավորապես աղքատության շեմին է, մեծ թիվ է 32 տոկոսը և հատկապես այն մարդկանց համար, ովքեր իրենց ապագան պետք է պատկերացնեն պայծառ և լինեն երկրի շարժիչ ուժը»։

Գարիկ Հայրապետյանի խոսքով՝ միգրացիան հատկապես տարածված է երիտասարդների շարջանում, և նրանք կշարունակեն արտագաղթել այնքան ժամանակ, քանի դեռ ապրելու համար բավարար պայմաններ չեն ստեղծվել:

XS
SM
MD
LG