Մատչելիության հղումներ

«Թուրքիայի քաղաքացիները ցանկություն են հայտնել կռվել հայերի դեմ»


Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները Բաքվի «Շեհիդների ծառուղում»
Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները Բաքվի «Շեհիդների ծառուղում»

Թուրքիայի քաղաքացիները դիմում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը՝ ցանկություն հայտնելով կռվել հայերի դեմ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ պնդելով, որ պաշտպանության նախարարությունից հաստատել են այս լուրերը:

Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, զորքերի հրամանատարներ զանգահարել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և հետաքրքրվել ճակատային գծի իրավիճակով, ցավակցություն են հայտնել նախարարին ու Ադրբեջանի ժողովրդին զոհերի կապակցությամբ և իրենց աջակցությունը հայտնել Ադրբեջանին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ, շփման գծում բախումները բռնկվելուց անմիջապես հետո Թուրքիայի վարչապետն էր զանգահարել Ադրբեջանի նախագահին, իսկ արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Թվիթերի իր էջում գրել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Հայ - ադրբեջանական շփման գծում վիրավորված ադրբեջանցի երեք զինծառայողներ բուժում են ստանում Թուրքիայում: Այս մասին կիրակի օրը գրել է Today’s Zaman-ը, մանրամասնելով, որ զինվորներին Ադրբեջանից օդանավով տեղափոխել են Անկարայի հիվանդանոցներից մեկը: Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում նրանց դիմավորել են թուրքական համագործակցության և զարգացման գործակալության ղեկավար Սերդար Չամը, առողջապահության նախարարության պաշտոնյաներ և փոխվարչապետ Էմրուլահ Իշլերը:

Իշլերը լրագրողներին ասել է, որ զինվորները բուժվելուց հետո վերադառնալու են Ադրբեջան:

Նշելով, որ հուլիսի 31-ից սկսած Ադրբեջանի ու Հայաստանի միջև բախումներ են տեղի ունեցել, Թուրքիայի փոխվարչապետն ասել է, թե Ղարաբաղի խնդիրը անհրաժեշտ է կարգավորել որքան հնարավոր է շուտ:

Նա հայտարարել է, որ Թուրքիան հնարավորը անում է Ղարաբաղի խնդիրը լուծելու համար, և միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև վիճաբանությունը կարգավորելու համար:

«Գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը շատ կարևոր է Անկարայի համար, որտեղից հաճախ են ակնարկում, որ այդ քայլը դյուրին կդարձնի Հայաստանի հետ սահմանը վերաբացելու ճանապարհը», - գրում է Today’s Zaman-ը:

Իսկ Azernews-ը, վկայակոչելով թուրքական TRT Haber հեռուստաընկերությանը, գրում է, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Եվրամիության հետ հարաբերությունների հարցերով նախարար Մևլութ Չավուշօղլուն, երեկ հայտարարել է, թե Թուրքիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, բայց միաժամանակ ասել է, թե «օկուպացված տարածքները քաղաքական կամ ռազմական ճանապարհով վերադարձնելը Ադրբեջանի անքակտելի իրավունքն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG