Մատչելիության հղումներ

«Թումո»-ում արգելել են «Դ!եմ եմ»-ի կազմակերպած կինոդիտումը


Ֆիլմի ցուցադրումն արգելելուց հետո «Թումո»-ի աշխատակիցները անջատել են բազմամարդ այգու լույսերը:

Երեկ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի այգում չկայացավ Մահաթմա Գանդիի կյանքի մասին պատմող ֆիլմի ցուցադրումը:

«Դ!եմ եմ» շարժման անդամները հրավիրյալի կարգավիճակով պետք է մասնակցեին ֆիլմի բացօթյա դիտմանն ու քննարկմանը: Ըստ շարժման անդամների՝ Թումոն ինչ-ինչ պատճառներով չեղյալ է համարել ֆիլմի ցուցադրումը, թեպետ եղել է նախնական պայմանավորվածություն:

Ֆիլմի ցուցադրման ու բացօթյա քննարկման համաձայնությունը «Թումո»-ից ստացել է հասարակական կազմակերպություններից մեկը, որը հաճախ է կազմակերպում նման միջոցառումներ: «Դ!եմ եմ»-ի անդամ Արսեն Մանուկյանը պատմեց, որ երեկ իրենց են մոտեցել «Թումո»-ի ներկայացուցիչները ու տեղեկացրել, որ ֆիլմի դիտումը չի կայանալու․ - «Սկզբից ասեցին, որ դրանից հետո հանրային քննարկում չեն թողնելու անենք էդ տարածքում, որը երևի թե աբսուրդ է, ինչպե՞ս կարելի է ասել՝ այս տարածում չխոսեք այդ թեմայով, դրանից հետո տարբեր պատճառաբանումներով, թե ֆիլմը ինչ-որ քաղաքական ենթատեքստ է պարունակում և այլն, այդ ֆիլմի ցուցադրումը արգելում ենք այս տարածքում, բայց մինչև դա նրանք տեղյակ եղել են, թե ինչ ֆիլմ ենք դիտելու»:

«Դ!եմ եմ»-ի ֆեյսբուքյան էջում դեռ երեկվանից շրջանառվում էր ֆիլմի դիտման ու քննարկման մասին գրառումը: «Թումո»-ի աշխատակիցները, սակայն, ֆիլմի դիտումն արգելելուց հետո բազմամարդ այգու լույսերն անջատել են:

«Լույսը անջատեցին, մարդիկ քննարկում էին անում, նստած ֆիլմ էին դիտում, եկան աթոռները վերցրին, բայց մենք շարունակել ենք քննարկում անել», - պատմեց «Դ!եմ եմ»-ի մեկ այլ անդամ Գրիգոր Պետրոսյանը:

«Թումո»-ի հանրային կապերի պատասխանատու Գայանե Այվազյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, որ այս պահին որևէ ասելիք չունեն, և որ պատրաստվում են տարածել իրենց հայտարարությունը:

Մեր հարցերին, թե ինչո՞ւ են անջատել լույսերն ու հավաքել աթոռները, ինչո՞ւ է ֆիլմի ցուցադրումն արգելվել, Գայանե Այվազյանը պատասխանեց․ - «Ֆիլմի ցուցադրման պայմանավորվածությունը մենք ձեռք ենք բերել «Սքրիներ» կազմակերպության հետ, մենք չենք արգելել ցուցադրությունը, այդ իրենք՝ երկու կողմերը, չեն կարողացել համաձայնության գալ որոշ հարցերի շուրջ: Մենք էլ որոշեցինք պայմանավորվածությունը դադարեցնել, որպեսզի հասարակական վայրում լարված իրավիճակ չստեղծվի»:

Գրիգոր Պետրոսյանն ու Արսեն Մանուկյանը պնդում են, որ «Թումո»-ի աշխատակիցները ոչ միայն տեղյակ են եղել, որ ֆիլմի դիտմանն ու բացօթյա քննարկմանը ներկա են լինելու նաև իրենք, այլև կարծում է, որ հենց այդ պատճառով են արգելել ֆիլմի դիտումը:

«Վերջում պարզապես ասացին, որ մենք չենք ուզում ասոցացվել ձեզ հետ, այսինքն՝ մենք ձեզ տվել ենք հոսանք, տվել ենք աթոռներ, և կստացվի, որ «Թումո» կենտրոնը ձեզ աջակցել է ինչ-ինչ պատճառներով: Կինոդիտումից մեկ օր առաջ առավոտյան եղել ա ոստիկանության զանգ, «Թումո»-ի աշխատակիցն ասաց, հետաքրքրվել են, թե ինչ միջոցառում ա տեղի ունենում «Դ!եմ եմ»-ի մասնակցությամբ: Ենթադրում եմ, որ կարող է ոստիկանությունը չի էլ ասել, որ արգելում են կամ նման մի բան, բայց արդեն այդ փաստը, որ լրջություն է տրվել, ու էդ ամեն ինչը արվել է, կարող է իրենց վրա ճնշում գործադրեր, որ իրենք էլ մտահոգվեին, որ իշխանությունների հետ հետագայում խնդիրներ չունենան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգոր Պետրոսյանը:

«Թումո»-ն անվճար կրթում ու համակարգչային նորարարություն է ուսուցանում երեխաներին: Արսեն Մանուկյանն ասաց, որ նորարական կենտրոնի այսպիսի վերաբերմունքը իրենց համար անակնկալ էր ու հավելեց․ - «Թումոյի դեպքում էր անսպասելի, որովհետև եթե այդտեղ կրթում են մի սերունդ, որը ինչ-որ նորարարություն պետք է անի, սակայն լռեցնում են նորմալ գաղափարախոսության, փիլիսոփայության տարածումը այդ սերունդի մեջ, չնայած երևի թե ֆիլմի դիտումը ոչ մի ձևի չէր առնչվում այդտեղ սովորող երեխաների հետ, բայց ղեկավարության նման դիրքորոշումը ոչ խրախուսելի է»:

XS
SM
MD
LG