Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլի. «Եթե խախտեմ օրենքը` պատրաստ եմ բանտ նստել»


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, հուլիս, 2014թ․

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, հուլիս, 2014թ․

Պաշտոնական Թբիլիսին առաջարկում է ամերիկացի սենատորներին մասնակցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով դատավարությանը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նման առաջարկով սենատորներ Ջոն ՄըքՔեյնին, Մարկո Ռուբիոյին, Ջին Շահինին և Ջեյմս Ռիշին դիմել է երեկ հրապարակած պատասխան նամակում:

Նման ուղերձի անհրաժեշտությունը ծագեց, երբ ամերիկացի սենատորները օգոստոսի 1-ին դիմեցին Վրաստանի կառավարության ղեկավարին` քննադատելով դատախազության կողմից Միխեիլ Սաակաշվիլիի դեմ քրեական գործերի հարուցման փաստը: Իրենց նամակում ամերիկացի սենատորները կարծիք էին հայտնել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ քրեական հետապնդումների մեկնարկը բավական վտանգավոր պրակտիկա է և կարող է ի վերջո հանգեցնել ընդդիմության դեմ ճնշումների:

Սրան ի պատասխան՝ Ղարիբաշվիլին գրում է․ - «Ես համամիտ եմ ձեզ հետ, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ներկայացված մեղադրանքների հիման վրա ընթացող դատական պրոցեսները պետք է անթերի անցնեն: Ես նաև հասկանում և կիսում եմ մեր արևմտյան գործընկերների մտահոգությունները, որ նման դատական պրոցեսները կարող են որոշակի ազդեցություն ունենալ Վրաստանի ներքին կայունության և արտաքին հարաբերությունների վրա»:

Վրաստանի վարչապետը հատուկ ընդգծում է, սակայն, որ որևէ անմեղ մարդ վրացական դատարանի կողմից չի դատապարտվի: «Դատախազը պետք է կարողանա ապացուցել ամբաստանյալների մեղքը: Եթե դա նրան չհաջողվի, ապա դատարանը կարդարացնի մեղադրյալին», - հավատացնում է Ղարիբաշվիլին՝ հավելելով․ - «Եթե ես վարչապետ աշխատելու ընթացքում խախտեմ օրենքը, միանշանակորեն պատրաստ եմ հետագայում բանտ նստել»:

Մեկնաբանելով սենատորների և վարչապետի նամակագրությունը՝ Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին նշում է․ - «Վրաստանի վարչապետի նամակում շատ ճիշտ շեշտադրումներ են առկա: Միացյալ Նահանգները Վրաստանի ռազմավարական դաշնակիցն է, և այն հարցերը, որ արծարծվել էին սենատորների կողմից, ավելի քան բնական են: Ուրախ եմ, որ Վրաստանի վարչապետը կարողացավ սպառիչ պատասխաններ տալ այդ բոլոր հարցերին»:

Վրացական ընդդիմության համոզմամբ՝ Ղարիբաշվիլիի պահվածքը պարզ երկերեսանիություն է: Այս մասին վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարեց Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր զինակիցներից մեկը` Ազգային միացյալ շարժման ղեկավար անդամ Գիվի Թարգամաձեն: «Դա պարզապես փարիսեություն է, երբ Ամերիկայից սենատորներին մի բան ես ասում, բայց երբ գործը հասնում է սեփական քաղաքացիներին` քո պահելաձը կտրուկ կերպով փոխվում է», - ասաց նա:

Երկու օր առաջ Սաակաշվիլիի դեմ քրեական մեղադրանքները քննադատող հայտարարությամբ հանդես եկավ նաև Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը, ով Եվրամիության կառույցներում համարվում է վրացական խնդիրների ոչ պաշտոնական համակարգողը:

Շվեդական արտգործնախարարության ղեկավարի հայտարարությանը պատասխանելիս Վրաստանի վարչապետն անհամեմատ ավելի կոշտ էր, քան ամերիկացի սենատորների պարագայում: «Դա Սաակաշվիլիի բարեկամների ոչ պաշտոնական ակումբն է: Նրանք միմյանց հանդեպ որոշակի ընկերական պարտավորություններ ունեն, այդ իսկ պատճառով էլ արտահայտում են իրենց աջակցությունն ու կարեկցանքը նախկին նախագահին: Ամեն ինչ շատ պարզ է : Ցավոք սրտի, այդ մարդիկ տեղյակ չէին, թե ինչ սարսափելի իրադարձություններ էին տեղի ունենում մեր երկրում Սաակաշվիլիի կառավարման տարիներին», - նշում էր Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին մեղադրում է 2007 թվականի նոյեմբերին ընդդիմության կազմակերպած խաղաղ ցույցը ցրելու և միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիին պատկանող գույքը՝ այդ թվում «Իմեդի» հեռուստաընկերությունը բռնագրավելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG