Մատչելիության հղումներ

Կարմիր Խաչը այցելել է ադրբեջանցի դիվերսանտներին


Լեռնային Ղարաբաղ - Գերեվարված դիվերսանտներից Շահբազ Գուլիևը, Ստեփանակերտ, 11-ը հուլիսի, 2014թ․

Լեռնային Ղարաբաղ - Գերեվարված դիվերսանտներից Շահբազ Գուլիևը, Ստեփանակերտ, 11-ը հուլիսի, 2014թ․

Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են մոտ մեկ ամիս առաջ Քարվաճառ ներթափանցած և Լեռնային Ղարաբաղի իրավապահների կողմից ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին: Այդ մասին APA լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունից՝ մանրամասներ չփոխանցելով:

Երկու ադրբեջանցիները, հիշեցնենք, մեղադրվում են Նոր Էրքեջ գյուղի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին ու «Նիվա»-ի վարորդ, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին սպանելու, 37-ամյա Կարինե Դավթյանին ծանր վիրավորելու համար՝ ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու հատկանիշներով։

Երրորդ դիվերսանտը, ադրբեջանական լրատվամիջոցների վկայությամբ՝ Հասան Հասանով անուն-ազգանունով, ձերբակալման պահին դիմադրություն է ցույց տվել և ոչնչացվել է, նրան հուղարկավորել են Լեռնային Ղարաբաղում:

Պնդելով, որ ձերբակալված դիվերսանտների վրա չի տարածվում «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիան, հայկական կողմը, այդուհանդերձ, վստահեցնում է, որ նրանց նկատմամբ մարդասիրական վարվելակերպ է ցուցաբերվում, և որպես բարի կամքի դրսևորում թույլ է տալիս Կարմիր Խաչի ներկայացուցիչների տեսակցությունները նրանց հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG