Մատչելիության հղումներ

Տարեսկզբից Հայաստանի բնակչությունը նվազել է մոտ 7 հազարով


Տարեսկզբից Հայաստանի բնակչությունը նվազել է մոտ 7 հազարով
please wait

No media source currently available

0:00 0:02:13 0:00

ԱՎԾ ներկայացուցիչ Կարինե Կույումջյանի խոսքով՝ բնակչության թվաքանակի նվազման հիմնական պատճառը միգրացիան է:

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով՝ այս տարվա 6 ամիսների ընթացքում Հայաստանում մշտական բնակչության թիվը նվազել է ավելի քան 7300-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելի քան 2100-րով:

Ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքով՝ բնակչության թվաքանակի նվազման հիմնական պատճառը միգրացիան է․ - «Եթե առաջին կիսամյակում բնական հավելաճը կազմել է շուրջ 4 հազար 5 հարյուր, դա ծնունդների և մահերի տարբերությունն է, ապա գնահատված միգրացիայի ցուցանիշի բացասական ցուցանիշը կազմել է 11 հազար 8 հարյուր»:

Նրա խոսքով՝ թեև Հայաստանում ավելի շատ ծնունդ է գրանցվում, քան մահ, սակայն այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բնական հավելաճը կրճատվել է․ - «Նախորդ տարվա համեմատ՝ բնական հավելաճի ցուցանիշը նվազել է 0.4 տոկոսով»:

ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ արդեն 2 տարի հետո Հայաստանում բնական հավելաճ չի գրանցվի, քանի որ մահվան դեպքերը ավելի շատ կլինեն, քան ծնունդները:

«Հայաստանը ծերացող երկիր է համարվում, բայց արդեն մոտենում է ծերացած երկրների սահմանագծին: Համաձայն մեր կանխատեսումների, ցավոք սրտի, բնակչության հավելաճը 2017 թվականից կսկսի բացասական լինել», - ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Հայրապետյանի խոսքով՝ ծերացումը ավելի տեսանելի է դառնում բարձր միգրացիոն հոսքերի պատճառով:

Այս տարի, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում աճել է 65-ից բարձր տարիքի մարդկանց թիվը, փոխարենը նվազել է բնակչության աշխատունակ հատվածը: ՄԱԿ-ի կանխատեսումներով, եթե այս միտումները պահպանվեն, և միգրացիայի ներկայիս տեմպերը չնվազեն, ապա շուտով ակնհայտ կդառնան դրա սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները:

«Եթե մենք 80-ական թվականներին ունեինք մոտ 8 աշխատունակ տարիքի մարդ, ովքեր աշխատում էին և վճարում մեկ չաշխատունակ մարդու համար, ապա մեր օրերում դա մոտավորապես 3.5 է: 3.5 աշխատող վճարում է մեկ չաշխատողի համար, իսկ 20 տարի հետո դա կիջնի կդառնա 1.5 - 1.7: Դա բավականին լուրջ սոցիալ-տնտեսական բեռ է և՛ տնտեսության, և՛ աշխատողի ուսերին, որպեսզի սոցիալական ապահովությունն իրականանա այս երկրում», - նշեց Հայրապետյանը:

ԱՎԾ-ի ներկայացուցիչ Կարինե Կույումջյանը փաստում է, որ այս տարվա 6 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելի քան 4 տոկոսով բարձրացել է մահացության ցուցանիշը, ինչը պայմանավորված է սրտանոթային, ստամոքս-աղիքային, շնչառական ու ուռուցքային հիվանդություններից մահացությունների աճով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG