Մատչելիության հղումներ

logo-print

Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերը նվազել են


Գիշերը համեմատաբար խաղաղ է անցել նաև ղարաբաղյան շփման գծում:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունները հաղորդում են, որ անցած գիշեր նախորդ օրերի համեմատությամբ սահմանագծում հանգիստ է եղել։

Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

«Նախորդ օրերի համեմատությամբ` հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է», - ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում դրական գնահատեց լարվածության թուլացման փաստը։

«Հայ-ադրբեջանական սահմանագոտու վրա հիմնականում անցել է հանդարտ։ Կա ընդհանուր լարվածության թուլացում, ինչը դրական է, և հուսանք, որ վիճակն ավելի կթուլանա ընդհանուր առմամբ», - ասաց Հովհաննիսյանը։

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ օգոստոսի 10 -ից 11-ը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի ռեժիմն ադրբեջանական կողմից խախտվել է մոտ 9 անգամ ավելի քիչ, քան նախորդ օրերին, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:

Իսկ ամենալարված օրերից՝ օգոստոսի 2-ից 3-ը ընկած ժամանակահատվածում, օրինակ, ադրբեջանական կողմից մոտ 9 հազար կրակոց էր արձակվել հայկական կողմի ուղղությամբ, օգոստոսի 6-ից 7-ը՝ ավելի քան 7 հազար կրակոց։

Պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, որ շարունակում են վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում անցած գիշերը համեմատաբար խաղաղ է անցել։

«Համեմատաբար հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազել են, նկատվում է լարվածության նվազում։ Պաշտպանության բանակի առաջատար ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրը շփման գծի ողջ երկարությամբ», - ասաց Հասրաթյանը։

Սահմանային Մովսես, Այգեպար, Չինարի գյուղերի բնակիչները ևս նշում են, որ այս գիշերը համեմատաբար խաղաղ է անցել: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանի խոսքով, սակայն, ցերեկը կրկին կրակոցներ են հնչել։

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ լարվածության համեմատական մեղմացումը կապում են նաև անցած օրը Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման հետ։

Այգեպարում երեկ գիշերը հակառակորդի արձակած կրակոցներից այրվել է երկու տուն։ Գյուղապետն ասում էր, որ դրանք դարձել են բնակության համար ոչ պիտանի․ - «Խոշոր տրամաչափի զենքերից գնդակոծել են գյուղը, հրկիզող գնդակներով որ կպել ա տանիքին, տանիքը հրդեհվել ա, ու չենք կարողացել հանգցնենք ու տենց այրվել ա տունը»:

Գևորգյանների 3 հոգանոց ընտանիքը տեղափոխվել է բարեկամի տուն, իսկ Վարդազարյանների 2 հոգանոց ընտանիքը այժմ գտնվում է Ռուսաստանում։ Այրված տներից որևէ գույք դուրս բերել հնարավոր չի եղել։

Այգեպարի գյուղապետն ասում է, որ սա առաջին դեպքը չէ, որ հակառակորդի կրակոցներից տներ այրվեն, սակայն այն ժամանակ կարողացել են փրկել տները։

Հայկական կողմի տվյալներով, վերջին երկու շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հայկական կողմը 6 զոհ է տվել, ադրբեջանական կողմը՝ առնվազն ութ անգամ ավելի։ Ադրբեջանական կողմի տվյալներով, սակայն, իրենց զոհերի թիվը երկու տասնյակից պակաս է։

XS
SM
MD
LG