Մատչելիության հղումներ

Ալիևին «այլ բան չի մնում, քան խոսել խաղաղ կարգավորումից»


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները զորավարժությունների ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները զորավարժությունների ժամանակ, արխիվ

Երևանում և Ստեփանակերտում փորձագետները համոզված են՝ Սոչիի հանդիպման արդյունքները նշանակում են Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության տապալում:

Կիրակի օրը՝ օգոստոսի 10-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը երեքն էլ կարևորեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում թեև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ «Սոչիում համատեղ հայտարարություն չընդունվեց՝ իրավիճակի մեղմացման ուղղությամբ», սակայն հավելեց․ - «Վերջին իրադարձությունների արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահի հիմնական ստրատեգիան իսպառ տապալվեց հայկական կողմի հակազդեցության շնորհիվ, նաև հասկանանք, որ Ադրբեջանին այլ բան չի մնում, քան խոսել փոխզիջումներից կամ խաղաղ և բանակցային ճանապարհով ուղիներ փնտրելու մասին: Սա, ըստ էության, Ալիևի համար վթարային ելք է դարձել»:

Չնայած, ըստ Սաֆարյանի, չի կարելի ապագայում լիովին բացառել «սողացող պատերազմի իրավիճակը», սակայն նա հավանական համարեց, որ Սոչիի հանդիպումից հետո հայ - ադրբեջանական սահմանին լարվածության անկում տեղի կունենա:

«Ադրբեջանի իշխանությունները, ըստ էության, փակուղու մեջ են, որովհետև կամ նրանց մնում է շարունակել այս բարբարոսության տակտիկան՝ քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծություններ, հրադադարի ռեժիմի խախտումներ, որոնք առանձնապես ոչինչ չեն տալիս Ադրբեջանին: Դրա հետ միասին Ադրբեջանը, այնուամենայնիվ, անզոր է անցնել լայնամասշտաբ գործողությունների և հասնել հաջողության․ դա արդեն տեսանելի է այս անցած տասնօրյա փորձառությունից: Հետևաբար, կարելի է սպասել, որ սահուն անցում կկատարվի դեպի բանակցային դիվանագիտություն, որտեղ թեկուզև ագրեսիվ, թեկուզև ռազմատենչ, բայց հաստատ Ալիևի համար միակ ճանապարհը դա կմնա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Ստեփանակերտում գործող Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի ղեկավար Մասիս Մայիլյանը նույնպես ձախողված գնահատեց ադրբեջանական ռազմավարության՝ ուժային եղանակով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու փորձերը:

«[Սոչիի հանդիպումից հետո] իրավիճակը սահմանագծին պետք է ավելի կայուն լինի, թեև արդյունքները պետք է գնահատենք ըստ արված հետագա քայլերի: Ինչ վերաբերում է բանակցություններին, ես մեծ սպասումներ չունեմ, կարևորը՝ որ բանակցությունները շարունակվեն, բայց պետք է մոտեցումները փոխվեն, և այդ դեպքում կարող են լինել արդյունքներ», - ասաց Մայիլյանը՝ հավելելով․ - «Եթե ուզում ենք արդյունքներ ունենալ, ուղղակի անհրաժեշտ է բանակցություններում ներգրավել Արցախի Հանրապետությանը»:

XS
SM
MD
LG