Մատչելիության հղումներ

Ավելին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Պուտինի անձնական ներգրավվածությունը «նոր շունչ կհաղորդի բանակցային գործընթացին»:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Սոչիում այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հույս են հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային և խաղաղ հանգուցալուծման հանգել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:

«Ռուսաստանը, որպես մեր մերձավոր բարեկամ, գործընկեր և հարևան առանձնահատուկ դերակատարություն ունի հակամարտության կարգավորման գործում․ հույս ունենք, որ մոտ ապագայում բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով կգտնենք լուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին, ինչպես նաև արդարացի կլինի», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և հույս հայտնել, որ Պուտինի անձնական ներգրավվածությունը «նոր շունչ կհաղորդի բանակցային գործընթացին»:

Իր հերթին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ՝ «հակամարտությունը հարկավոր է լուծել փոխզիջումային ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների հիման վրա»: Նա հավելել է, որ «հակամարտությունը ռազմական լուծում չունի»:

Ալիևը նաև հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձև է ընդունել, որոնք, նրա ձևակերպմամբ՝ «պահանջում են հայկական օկուպացիոն ուժերը անմիջապես դուրս բերել Ադրբեջանի տարածքից, և որոնք քսան տարվա ընթացքում այդպես էլ թղթի վրա մնացին»: Սերժ Սարգսյանը նրա այս խոսքին հակադարձել է՝ հարցնելով՝ «իսկ Ադրբեջանը այդ բանաձևի ո՞ր կետն է կյանքի կոչել»:

«Եթե մենք վերադառնանք 1990-ականների սկզբի իրադարձություններին, ապա դեռ այն ժամանակ հանգել էինք եզրակացության, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, իսկ եթե մենք նորից սկսենք մեղադրել մեկս մյուսին, ապա այս հակամարտությունը դեռ երկար ժամանակ չի հանգուցալուծվի», - հավելել է Հայաստանի նախագահը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG