Մատչելիության հղումներ

Սոչիում այսօր տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը


Ռուսաստան -- Պուտինը, Սարգսյանն ու Ալիևը ներկա են գտնվել «Պլատֆորմա Ս-70» մարտական սամբոյի մրցաշարին, 9-ը օգոստոսի, 2014թ․

Ռուսաստան -- Պուտինը, Սարգսյանն ու Ալիևը ներկա են գտնվել «Պլատֆորմա Ս-70» մարտական սամբոյի մրցաշարին, 9-ը օգոստոսի, 2014թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ այսօր Սոչիում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Երեկ երեկոյան երեք նախագահները արդեն իսկ եռակողմ ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել՝ Պուտինի հրավերով ներկա գտնվելով «Պլատֆորմա Ս-70» մարտական սամբոյի ամենամյա միջազգային մրցաշարին:

Իսկ ավելի վաղ Պուտինը առանձին - առանձին հանդիպումներ էր ունեցել նախ Ադրբեջանի, իսկ այնուհետև Հայաստանի նախագահների հետ:

Ես մանրամասնորեն Ձեզ կտեղեկացնեմ մեր տարածաշրջանում իրավիճակի մասին և ․․․ Ադրբեջանի կողմից իրավիճակի կանխամտածված շիկացման պատճառների մասին․․․

Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը սկսելիս Հայաստանի նախագահը խոսել էր «հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի կանխամտածված շիկացման» մասին, ինչպես նաև խոսել էր Ուկրաինայում տիրող «իրավիճակի» մասին՝ ինչը թափանցիկ ակնարկ է Ղրիմում և այդ երկրի արևելքում Ռուսաստանի կողմից ազգերի ինքնորոշման սկզբունքը աներկբայորեն պաշտպանելու փաստի վերաբերյալ:

Հակամարտությունը արդեն շատ է ձգձգվել և այն հարկավոր է լուծել ...

Իր հերթին Ադրբեջանի նախագահը Պուտինի հետ զրույցում հայտարարել էր, թե ղարաբաղյան հակամարտությունն արդեն «շատ է ձգձգվել և այն հարկավոր է լուծել»:

Նշենք, որ եռակողմ ձևաչափով նախագահների սպասվող հանդիպման մասին տեղեկատվությունը առայժմ ամենաբարձր մակարդակով չի ազդարարվել՝ երեք նախագահներից և ոչ մեկի մամուլի ծառայությունը նման հաղորդագրություն չի տարածել: Այն մասին, որ հանդիպումը հաստատ տեղի կունենա չի ազդարարվել նաև արտգործնախարարների մակարդակով: Փոխարենը՝ այդ մասին նախ հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը Թվիթեր միկրոբլոգային ցանցի իր էջում, իսկ այնուհետև տեղեկատվությունը հաստատել է հայկական հայկական կողմը՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը այս մասին գրել էիր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, նշելով․ - «Սոչիում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ ըստ էության նախևառաջ նախագահ Ալիևը պետք է բացատրի վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական արկածախնդրության և իր այլատյաց հռետորաբանության իմաստը»:

Ղարաբաղյան բանակցային գործընթացի շրջանակում Ալիևն ու Սարգսյանը վերջին անգամ հանդիպել են 2013-ի հունվարին՝ Վիեննայում, և եթե նրանք վերսկսեն բանակցությունները, Պուտինի համար սա կարևոր դիվանագիտական հաղթանակ կլինի:

Նշենք, որ նախագահների սպասվող հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, ինչի արդյունքում, ադրբեջանական ԱՊԱ գործակալության տեղեկացմամբ, Թովուզի շրջանում զոհվել է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող Ֆատալիզադե Ռուֆատ Նազիմ օղլուն:

ԱՊԱ գործակալությունը տեղեկացնում է նաև, որ երեկ երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի Գեդաբեկի շրջանում վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող Օրհան Գալիբ օղլին:

Իր հերթին հայկական կողմը հրադադարի ռեժիմը խախտելու մեջ մեղադրում է Ադրբեջանին:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ երեկ և այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը, մասնավորապես, տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես այրող փամփուշտներով կրակել են Տավուշի մարզի Վազաշեն, Այգեպար և մի քանի այլ գյուղերի ուղղությամբ:

«ՀՀ ԶՈւ-երի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն իրենց դիրքերի ուղղությամբ, կրակը դադարեցրել են: Կրկին անգամ զգուշացնում ենք, որ միջադեպերի և դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», - հավելել է ՊՆ խոսնակը:

XS
SM
MD
LG