Մատչելիության հղումներ

«Եվրավերանորոգված» մայրաքաղաքը զբոսաշրջիկներին չի գրավում


Այն ընթացքում, երբ Երևանում արագ տեմպերով քանդվում են հին, պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերը և դրանց փոխարինելու են գալիս նորակառույց հյուրանոցներն ու էլիտար երկնքերները, քաղաքաշինության համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաները շտապում են բացատրել, թե դա ժամանակի թելադրանքն է և փորձում են այն ավելի հրապուրիչ դարձնել տուրիստների համար:

Մինչդեռ, մեզ հետ զրույցներում զբոսաշրջիկներ պնդում են, թե «եվրավերանորոգված» մայրաքաղաքն իրենց համար ամենևին էլ հրապուրիչ չէ:

«Ես չեմ կարծում, որ նա, ով գալիս է Երևանը տեսնելու, ժամանակակից ճարտարապետություն է փնտրում: Ցավոք ես այսօր չեմ կարողանում տեսնել այն հինավուրց շենքերը՝ թանգարանները, եկեղեցիները, որոնք պատմության վկայությունը կլինեին», - ասում է իտալացի Ռոբերտո Վիգոն, ով առաջին անգամ է եկել երևանում: Ասում է՝ այն, ինչ լսել ու կարդացել էր Երևանի մասին, և այն, ինչ տեսավ՝ միմյանց հետ ամենևին կապ չունեին:

Զբոսաշրջիկին հանդիպեցինք Աբովյան փողոցի Կաթողիկե եկեղեցու մոտ․ իտալացի երիտասարդը անկեղծորեն զարմացել էր, թե միջնադարյան այս կառույցի կողքին ինչպե՞ս և ինչո՞ւ է գոյացել ժամանակակից մեկ այլ շինություն:

«Մեղմ ասած զարմանալի է նման բան տեսնելը մի քաղաքում, որն ինձ համար եկեղեցիների խորհրդանիշ է»,- ասում էր նա:

Հայ ճարտարապետներից շատերն էլ մեզ հետ զրույցներում բացասաբար արձագանքում Երևանում վերջին տարիներին տեղի ունեցող մոդերնիզացիային: Ճարտարապետ Վարդգես Շահբազյանի «Ազատությանն» ասաց, թե այն, ինչ այսօր տեղի է ունենում Երևանի հին շենքերի, այդ թվում հենց Կաթողիկե եկեղեցու հետ, վկայում է, որ նպատակը ոչ թե քաղաքի պատմական հուշը պահելն է, այլ անձերի հավակնությունները բավարարելը:

«Երևանը այսպես, թե այնպես՝ մոտ 200 տարվա պատմություն ինչ-որ ձևով ուներ: Այսօր չունենք այդ պատմությունը, այսօր մնացել է խորհրդային շրջանի, այն էլ վաղը չէ մյուս օրը մի ուրիշ Նարեկ Սարգսյան կհայտնվի, կսկսի դրանք քանդել», - ասում է Շահբազյանը, - «Սայթերում ներկայացնում են Երևանը որպես Հռոմից հին քաղաք՝ 3000 տարի և այլն, բայց հենց օդանավակայանում պարզվում է, որ դա կեղծիք է ու մեզ պատիվ չի բերում: Մարդիկ գալիս են, ասում են՝ բա ո՞ւր է այդ ամեն ինչը, որ դուք ասում էիք»:

Նա ցավով նշեց, որ այսօր իշխանությունները չեն կարողանում պահպանել անգամ այն, ինչ խորհրդային ժամանակներին է ստեղծվել: 2008թ-ին Հայաստանը միջազգային կոնվենցիա է ստորագրել հուշարձանների պահպանման վերաբերյալ, ինչն այսօր, սակայն, ոտնահարվում է ամեն քայլափոխի:

Վերջին այդպիսի օրինակը Աֆրիկյանների շենքն է, որը ապամոնտաժվեց: Մշակույթի նախարարությունը պնդում է, որ Հին Երևանը դեռ կառուցվելու է․ այդուհանդերձ արդեն մոտ 10 տարի է, որ այդ նախագիծը թղթի վրա է:

«Այդ «Հին Երևան» պրոյեկտը ավանտյուրա է», - ասում է ճարտարապետ Վարդգես Շահբազյանը, - «Դեկորացված, թատերական բեմադրություն: Ճարտարապետական հուշարձանը քանդել չի կարելի: Քանդել տեղափոխել՝ ընդհանրապես դա աբսուրդ է, որովհետև այդ շենքը, որ քանդում ես, քարերը չեն պահպանվում, փչանում են: Ուրեմն նոր քարեր պիտի տաշեն դնեն՝ դա դառավ ուրիշ շենք արդեն: Եվ միջավայրն է փոխվում: Եթե դրանք տանենք ազատ մի տեղ հավաքենք, ո՞ւմ ենք ցույց տալիս, որ ի՞նչ»:

Այդուհանդերձ իտալացի Ռոբերտո Վիգոյին կամ մեկ ուրիշին չես խաբի դեռ թղթի վրա նկարված «Հին Երևանով» կամ փոշու ու աղբի մեջ կորած ժամանակակից Հյուսիսային Պողոտայով: Ճարտարապետ Շահբազյանն ասում է, որ էքստրեմալ տուրզիմ այսպես գուցե զարգացնեն, սակայն այդ ընթացքում կկորցնեն ավելի մեծ բան՝ ճարտարապետությունը քայլող արվեստ է, որը նաև պետք է կրթի սերունդներին:

«Այսինքն՝ Հռոմում ծնված երեխան դաստիարակվում է այդ ոգով, որովհետև տեսնում է այնտեղ Կոլիզեյ, անցնելուց նրա վրա ազդեցություն է թողնում անկախ իրենից: Այսօր ի՞նչ՝ Հյուսիսային պողոտայո՞վ ենք դաստիարակելու սերունդը», - հարցնում է ճարտարապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG