Մատչելիության հղումներ

logo-print

ՊԲ․ Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է 3000 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 3000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց:

Բացի հրադադարի խախտման վերոնշյալ դեպքերից, ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինները շփման գծի հարավային (Հադրութ), արևելյան (Ասկերան) և հարավարևելյան` Մարտունու (Յուսուֆջանլու) ուղղություններով, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փարձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են հայ դիրքապահների կողմից և հակառակորդը, տալով կենդանի ուժի կորուստներ և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր, ասված է ՊԲ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունում:

«Անցած յոթ օրերի ընթացքում հակառակորդի օդուժը թռիչքներ է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ: ՊԲ ՀՕՊ ուժերը ոչ միայն դրանք ժամանակին հավաստանշել են և պահել վերահսկողության տակ, այլև առաջնագծում տիրող օպերատիվ իրադրությամբ պայմանավորված` օդ է բարձրացվել հայկական գրոհային ավիացիան», - նաև տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը, - «Ընդհանուր առմամբ իրավիճակը սահմանային գծում եղել է լարված: ՊԲ առաջապահ զորամասերը շաբաթվա ընթացքում շփման գծի ողջ երկարությամբ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` հարկ եղած դեպքում իրենց գործողություններով կանխելով հակառակորդի նախահարձակ գործողության ցանկացած փորձ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG