Մատչելիության հղումներ

«Ամերիկայի Ձայն»-ի հետ բացառիկ հարցազրույցում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահը Սոչիի հնարավոր հանդիպումը առաջին քայլն է համարում իրավիճակը մեղմելու ուղղությամբ։

«Ամերիկայի Ձայն». - Դեսպան Ուորլիք, հաշվի առնելով Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանային գոտում գրանցված վերջին բախումները, արդյոք կարելի՞ է ասել, որ անցյալում սառեցված այս հակամարտությունը այլևս դադարել է այդպիսին լինել։ Ի՞նչ պետք է արվի տարածաշրջանում լարումը կասեցնելու համար։

Ջեյմս Ուորլիք. - Ցավոք, տարածաշրջանում տեղ գտնող բախումները փաստում են, որ հակամարտությունը այլևս սառեցված չէ։ Փորձի՛ր բացատրել վիրավոր կամ զոհված զինվորի ընտանիքին, որ այս հակամարտությունը սառեցված է։ Բնավ, տիրող իրավիճակը մեզ մեծապես անհանգստացնում է, և անշուշտ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակը մեղմելու ուղղությամբ։ Առաջին քայլը նախագահների հնարավոր հանդիպումն է Սոչիում, և հուսով ենք, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել բախումները հայ - ադրբեջանական սահմանում, մենք հուսով ենք նաև, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել սադրիչ հայտարարությունները, որոնք չեն կարող որևէ դրական առաջնթացի հանգեցնել։

«Ամերիկայի Ձայն». - Կարծու՞մ եք արդյոք, որ կողմերը պատրաստ են խաղաղ բանակցելուն։

Ջեյմս Ուորլիք. - Կարող եմ հավաստիացնել, երկու նախագահների հետ զրույցներ ունենալուց հետո, որ կողմերը ցանկանում են գտնել խնդրի խաղաղ լուծում, և մենք պետք է փորձենք ամեն կերպ նպաստել այս խաղաղ բանակցությունների հաջող ընթացքին՝ ցանկալի արդյունքի հասնելու համար, սակայն անհրաժեշտ է երկու նախագահների պատրաստակամությունը։ Այսպիսով, մեծ սպասելիքներ ունենք գործընթացի ապագա զարգացումներից, միևնույն ժամանակ անհանգստացած ենք ներկա կացությամբ։

Բնավ կողմերից և ոչ մեկը չի ցանկանում թույլ թվալ մյուսի աչքերում, սակայն մեր համոզմունքը մնում է միայն մեկը, այն է ՝ խաղաղ բանակցություններ, այլ ոչ պատերազմ։

«Ամերիկայի Ձայն». - Անդրադառնանք խնդրում Ռուսաստանի դերին։ Անցյալ մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանը հսկայական քանակությամբ զինամթերք է վաճառել Ադրբեջանին։ Ըստ պաշտոնական Ռուսաստանի և Ադրբեջանի, երկու երկրների միջև Պաշտպանության պայմանագրի գործարքների գումարը 2010 թվականից մինչև այս տարեվերջ կհասնի 5 միլիարդի։ Նկատի ունենալով այս փաստը՝ ըստ Ձեզ, ո՞րն է Ռուսաստանի քողարկված նպատակը այս խնդրում։

Ջեյմս Ուորլիք. - Ռուսաստանը այժմ արդեն իսկ ունի մեծ խնդիրներ իր երկրի սահմաններում և բնավ շահագրգռված չէ նոր բախումներ հրահրել։

Մենք արդյունավետ աշխատանքներ ենք տանում ռուսական կողմի հետ, ես հավատացած եմ, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ նոր խնդիրներ ստեղծելով։ Խնդրի խաղաղ լուծում գտնելու մեջ հետաքրքրված ենք նաև մենք, քանի որ Հարավային Կովկասի երկրները մեր գործընկերներն են, և մենք հետաքրքրված ենք այս տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման հարցում։

«Ամերիկայի Ձայն». - Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, այն դեպքում, երբ Ադրբեջանը չլուծված խնդիր ունեցող երկիր է։

Ջեյմս Ուորլիք. - Ռուսաստանն իրավունք ունի առևտրական հարաբերություններ հաստատել ցանկացած երկրի հետ։ Դա ոչ մի կերպ չի խոչընդոտում Ռուսաստանին խաղաղ բանակցությունների խրախուսման գործում արդյունավետ աշխատանք ծավալելու հարցում։ Խաղաղության հաստատման որոշումը, այդուհանդերձ, Հայաստանինն ու Ադրբեջանինն է, իսկ խնդրի լուծումը պահանջում է շատ ավելի մեծ ջանքեր։

«Ամերիկայի Ձայն». - Հաշվի առնելով աշխարհում տիրող բարդ իրավիճակը (Ուկրաինա, Սիրիա, Իրաք)՝ կարո՞ղ է արդյոք Ղարաբաղյան խնդիրը և դրա լուծումը լինել ամերիկյան արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը։

Ջեյմս Ուորլիք. - Անշուշտ, աշխարհի տարբեր անկյուններում տիրող բարդ իրավիճակներն անհանգստության մեծ առիթ են ԱՄՆ-ի համար, սակայն սա և ոչ մի կերպ չի թուլացնում Ղարաբաղյան խնդրի լուծման անհրաժեշտության առաջնայնությունը ԱՄՆ-ի համար։ Մեր նպատակն է տեսնել Եվրոպան ամբողջական, ազատ և խաղաղ։

Լեռնային Ղարաբաղի խնդիրը սև բիծ է Եվրոպայի համար, և այդ իսկ պատճառով կողմերին բավարարող լուծում գտնելու հարցում ԱՄՆ-ը ունի մեծ հետաքրքրություն։

Կրկնում եմ, մեր նպատակն է՝ Ազատ, ամբողջական և խաղաղ Եվրոպա։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG