Մատչելիության հղումներ

logo-print

Շանթ Հարությունյան․ «Քանի դեռ Ռուսաստանը Մինսկի խմբում է, չարժե շատ բան սպասել»


Ըստ Հարությունյանի՝ Ռուսաստանին պետք է հեռացնել Մինսկի խմբից։

Ռուսաստանը հանդես է գալիս միայն Ադրբեջանի օգտին, և, քանի դեռ Ռուսաստանը Մինսկի խմբում է, չարժե շատ բան սպասել։ Այս մասին այսօր հայտարարեց Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ի գործով դատական նիստի ժամանակ՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին։

«Քանի դեռ Ռուսաստանը Մինսկի խմբում որոշիչ մասնակցություն ունի, Ղարաբաղի հարցը երբեք փաստացի լուծում չի ստանա։ Ինչպես գիտեք, Ղարաբաղն Ադրբեջանին է հանձնվել Ռուսաստանի կողմից 1920 թվականի օգոստոսի 24-ին՝ ռուս-թուրքական նախաստորագրված համաձայնագրով, ինչը պաշտոնապես վավերացվեց և գործադրվեց 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական եղբայրության պայմանագրով»,- ասաց Հարությունյանը։։

Նա նաև նշեց, որ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող երկրներից միակն է, որը Թուրքիայի առջև պարտավորված է Ղարաբաղի խնդիրը լուծել ի օգուտ Ադրբեջանի։

«Քանի դեռ Ռուսաստանը չի հրաժարվել ռուս-թուրքական այդ պայմանագրից, ապա իրավունք չունի Մինսկի խմբում հանդես գալ որպես հաշտարար։ Ռուսաստանը Մինսկի խմբում չի կարող հանդես գալ ոչ միայն չեզոք, անկողմնակալ դիրքերից, այլև ամեն կերպ ձգտելու է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ Ես չեմ կարող ենթադրել, թե որքան արդարացի կլինեն Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները Ղարաբաղի հարցում, բայց, միանշանակ, կարող եմ պնդել, որ Ռուսաստանը հանդես է գալիս միմիայն Ադրբեջանի օգտին»,- դատարանում ասաց Շանթ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակը շատ լավ հասկանում են Հայաստանի իշխանություները, բայց լռում են, քանի որ «Մոսկվայի դրածոներ են»։

«Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով բողոքի ակցիայից հետո ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանության մեջ մեղադրվող Հարությունյանի խոսքով՝ շատ հարմար ժամանակ է Ռուսաստանում կոնկրետ հարցեր առաջ քաշելու համար։

«Այսօր շատ հարմար է, որպեսզի Սերժ Սարգսյանը Սոչիում Պուտինին ներկայացնի Ռուսաստանի մասնակցության աննպատակահարմարության հարցը, վերը նշված պատճառներով, և հանձնարարի Էդվարդ Նալբանդյանին համապատասխան փաստաթղթերի նախապատրաստումը՝ Ռուսաստանին, որպես շահագրգիռ և կողմնակալ երկրի, Մինսկի խմբից հեռացնելու համար»,-ասաց Հարությունյանը։

Մինչ Լեռնային Ղարաբաղին վերաբերող քաղաքական հայտարարություններով հանդես գալը Շանթ Հարությունյանը դիմեց ցուցմունք տված ոստիկանության աշխատակից, փոխգնդապետ, տուժող Վարդան Գևորգյանին՝ հարցնելով, թե նա ինչի՞ց է բողոքում:

Վերջինս արձագանքեց, թե բողոք չունի՝ «բողոքում եմ, որ ինձ խփում են»:

14 հոգու մեջ՝ «6 սադրիչ»

Ոստիկանության տուժող փոխգնդապետին հարց ուղղեց Շանթի ընկերներից պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը, նա ևս մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանության մեջ:

«Իսկ դուք չե՞ք գտնում, որ օրենքի խախտում էր 6 հատ սադրիչ ներդնել 14 հոգու մեջ», - հարցրեց նա:

Ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանության մեջ մեղադրվող Սևակ Մնացականյանն էլ հարցրեց․ - «Բա չէի՞ք մտածում, որ եթե բռնություն գործադրեք, ձեր վրա էլ բռնություն կգործադրեն»:

Ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանության մեջ մեղադրվող Տիգրան Պետրոսյանի հարցը մնաց անպատասխան: Նա փորձեց ճշտել՝ ինչու ոստիկանները չկասեցրին Շանթի մուտքը փողոց, փոխարենը ճանապարհ բացեցին:

Պաշտպանական կողմը մի շարք հարցեր ուղղեց՝ փորձելով պարզել՝ ոստիկանության փոխգնդապետը նոյեմբերի 5-ին հասկացե՞լ է, որ Շանթն ու ընկերները քաղաքական-գաղափարական պայքար էին մղում: Դատավորն այս բովադակությամբ հարցերը հանում էր: Պաշտպանական կողմից Ռուզանն Հովհաննիսյանը բնորոշեց դատավորի գործելաոճը․ - «Դատարանը այսպես ասած՝ օգնության է հասնում այն նեղ պահին, որ վկան և տուժողը չի կարողանում տալ համապատասխան հարցի պատասխանը»:

Ոստիկանի ցուցմունքը հակասում է տեսագրությանը

Ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանության և ոստիկանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Վահե Մկրտչյանի և Ալբերտ Մարգարյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը փոխգնդապետին հարցրեց, թե նա ինչով է բացատրում, որ իրեղեն ապացույց ճանաչված տեսագրության արձանագրությամբ հերքվում է վերջինիս ցուցմունքը: Ցուցմունքում կա պնդում, թե հիմա ամբաստանյալի աթոռին նստած քաղաքացին հարվածել է ոստիկանի գլխին: Փոխգնդապետը, սակայն, պնդեց տեսագրության արձանագրությանը հակասող իր ցուցմունքը, ասաց՝ խփել են գլխին: Ի դեպ, փոխգնդապետ Գևորգյանն ասաց, թե ժամանակին հրաժարվել է դիմել դատաբժշկի: Դատավարությանը հետևողների շարքերում հարց առաջացավ․ այդ դեպքում ի՞նչ հիմքով է այդ փոխգնդապետը դատարանում ստանձնել տուժող ճանաչված 16 ոստիկաններից մեկի դերը: Փաստաբան Ռուզաննա Հովհանիսյանը հարցրեց՝ Ձեր մարմնի ո՞ր մասին է հարվածել Մկրտիչ Հովհաննիսյանը, որն, ի դեպ, ագրարային համալսարանի 19-ամյա ուսանող է: Փոխգնդապետը բառացիորեն ասաց՝ ոնց որ թե մեջքիս:

«Կալանավայրերում էլ տեղ չկա»

Որտե՞ղ են հայտնվում մարդիկ ոստիկանների նման ցուցմունքների հետևվանքով: Պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը դատական նիստի ավարտին հանդես եկավ հայտարարությամբ․ - «Մի հատ եկեք-նայեք ոնց ենք ապրում այնտեղ: Ո՞նցա ձեր համար՝ օրը 5 րոպե ջուր տան, հազիվ երկու շիշ լցենք, ըտենց էլ խմենք: Էս շոգին 6 տղամարդ՝ 4 հոգանոց կամեռի մեջ: Ռազմագերիներին սկի ըտենց չեն պահում, ոնց որ մեզ: Կալանավայրերում էլ տեղ չկա, մարդիկ սմենով են քնում: Բայց ինչքա՞ն անմեղ մարդիկ կան, որ էսօր այ էդ ոստիկանական բեսպրեդելի համար նստած են»:

Նոյեմբերի 5-ի գործով տուժող ոստիկանների հարցաքննության փուլն ավարտվեց: Հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 13-ին:

XS
SM
MD
LG