Մատչելիության հղումներ

logo-print

Գերեվարված Կարեն Պետրոսյանը մահացել է


Կարեն Պետրոսյանը ադրբեջանական գերության մեջ, 7-ը օգոստոսի, 2014թ․

Կարեն Պետրոսյանը ադրբեջանական գերության մեջ, 7-ը օգոստոսի, 2014թ․

Չինարիի երիտասարդ բնակիչ Կարեն Պետրոսյանը ադրբեջանական գերության մեջ մեկ օր էլ չապրեց:

Չինարի գյուղի երիտասարդ բնակիչ Կարեն Պետրոսյանը, ով երեկ գերի էր ընկել, այսօր մահացել է: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ըստ նախնական տեղեկատվության՝ Պետրոսյանի մահվան պատճառ է դարձել սրտանոթային սուր անբավարարությունը, փոխանցում է Haqqin.az ինտերնետային պարբերականը:

APA լրատվական գործակալությունը, իր հերթին, որպես նախնական վարկած նշում է սրտա-թոքային և սրտամկանային անբավարարությունը:

Ադրբեջանի իշխանությունները գերու մահվան փաստի մասին արդեն տեղեկացրել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին։ Միջազգային կազմակերպության հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Կարեն Պետրոսյանի մահվան մասին արդեն տեղեկացրել են Հայստանի իշխանություններին և մահացածի ընտանիքին։

«Որպես անկախ միջնորդ, Կարմի Խաչի միջազգային կոմիտեն մշտապես կապի մեջ է Հայաստանի իշխանությունների և մահացածի ընտանիքի հետ, և ցանկացած խնդիրներ, կապված այդ դեպքի հետ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից կհասցեագրվեն համապատասխան իշխանություններին՝ կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում։ Այսպիսով՝ ԿԽՄԿ հանրայնորեն չի մեկնաբանի այդ գործի հանգամանքների մասին»,-փոխանցեց Զառա Ամատունին։

Այլ հարցերի Կարմիր Խաչի ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանել։ Ադրբեջանական գերության մեջ երիտասարդ հայ գյուղացին ընդամենը 24 ժամ ողջ մնաց։

Այսօր ավելի ուշ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի պաշտպանության նախարարության կազմում գործող Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը։

Հաղորդագրությունում նշվում է, որ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը, ով օգոստոսի 7-ին հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը և հայտնվել ադրբեջանական գերության մեջ, հարազատների հավաստմամբ, ինչպես նաև նրա բժշկական փաստաթղթերի համաձայն, առողջական խնդիրներ, առավել ևս սրտանոթային հիվանդություններ չի ունեցել և եղել է փաստացի առողջ: Հանձնաժողովը պաշտոնապես պահանջել է անկախ միջազգային փորձագետների կողմից դիակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնել՝ մահվան պատճառները պարզելու համար։

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին տարածել, որտեղ Չինարի գյուղի երիտասարդ բնակիչ Կարեն Պետրոսյանին ներկայացնում էին որպես դիվերսանտ։ Տեսանյութում գյուղացուն տանում են ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականի մոտ, ով էլ սկսում է նրան մեղադրել խաղաղ բնակչության ուղղությամբ կրակելու մեջ և հարցնում, թե ի՞նչ են ուզում հայերը իրենցից։ Հետո գերուն սկսում են լուսանկարներ ցույց տալ և պնդել, թե այդ զորամասում նա ծառայել է, իսկ մյուս նկարում պատկերված խրամատում՝ հերթապահություն իրականացրել: Կարենը հերքում է և պնդում, որ նկարը սխալ է ներկայացվում, ինչից հետո նրան հսկող զինվորականներից մեկը նրան ցավ է պատճառում, որից հետո էլ հայ գերին սկսում է բոլոր հարցերին դրական պատասխանել։

Պետրոսյանը սահմանը երեկ էր հատել։ «Ազատության» հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը ասել էր, որ նա խմիչքի ազդեցության տակ էր եղել։

Սկզբում ադրբեջանական լրատվամիջոցները Կարեն Պետրոսյանին որպես քաղաքացիական անձ էին ներկայացնում, հրապարակվել էին նաև գյուղացու լուսանկարները, մինչդեռ արդեն տեսանյութում նա ներկայացվում է որպես դիվերսանտ, իսկ գյուղացու հագուստը փոխարինվել էր զինվորական հագուստով և կոշիկներով։

Տեսանյութում ադրբեջանցի զինվորականներից մեկը նրա հետ հայերեն էր խոսում։

Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեսանյութը ուսումնասիրել են։ Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ուշադրություն հրավիրեց մի շարք դրվագների վրա, որոնք ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերը պարզապես շոու էին կազմակերպել։

«Մենք ուրիշ բան չէինք էլ սպասում ադրբեջանական քարոզչամեքենայից. ծայրից-ծայր ծիծաղ է առաջացնում, չեն տեսել, թե իրենք ինչպիսի անզգուշություններ են թույլ տալիս կապված համազգեստի հետ, բոթասների հետ»,-ասաց Հովհաննիսյանը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում էր, որ Կարեն Պետրոսյանի հետ սահմանը հատել էին նաև մի քանի դիվերսանտներ, ովքեր զոհվել են։ Որպես ապացույց՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր զենքերի լուսանկարներ։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, եթե հայ դիվերսանտները ականի պայթյունից զոհվել էին, ապա ինչո՞ւ են ներկայացված զենքերը նոր, իսկ հայ դիվերսանտներից կադրեր ընդհանրապես չեն ներկայացվում։

Այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Հայաստանի արտգործնախարարությունը ինչպե՞ս կարձագանքի Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկատվությանը, ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է․ - «Ցնցված ենք Բաքվում Տավուշի մարզի բնակիչ Կարեն Պետրոսյանի սպանությամբ և մեր ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին և մերձավորներին։

Երիտասարդ գյուղացուն իբրև դիվերսանտ ներկայացնելը, զանազան ստորացումների ենթարկելը, որոնք հակասում են թե՛ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին, թե՛ տարրական բարոյականությանը, զարհուրելի է և՛ իր էությամբ, և՛ ցինիզմի այն աստիճանով, որով դա մատուցվեց հանրությանը

Նման բարբարոսական ոճը բնորոշ է հայտնի ահաբեկիչներին, որոնք սկզբում պատանդին տեսախցիկի առջև նվաստացնում են, հետո՝ սպանում: Ադրբեջանը օրեցօր ավելի է հակադրվում միջազգային հանրությանը՝ շարունակելով ոտնահարել համամարդկային արժեքները»:

Ի դեպ սահմանում ադրբեջանական կողմից մեր դիրքերի ուղղությամբ կրակոցները չեն դադարում։ Գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 500 անգամ՝ արձակելով ավելի քան 13 հազար կրակոց։ Հայկական կողմից որպես պատասխան արձակվել է մոտ 1500 կրակոց, ինչից հետո հակառակորդը լռել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG