Մատչելիության հղումներ

Չինարիի բնակիչը գերի է ընկել․ գյուղապետ


Վերջին օրվա ընթացքում ադրբեջանական կողմը շարունակել է կրակել հայ - ադրբեջանական սահմանների ուղղությամբ. կրակոցներն արձակվել են պետական սահմանագոտու տարբեր հատվածներում, հակառակորդը կիրառել է հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի փոխանցմամբ, գիշերվանից սկսած Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8 հազար կրակոց։ Պատասխան գործողությունների արդյունքում հաջողվել է կասեցնել հակառակորդի ակտիվությունը: Հայկական կողմից զոհեր չկան, կա մեկ վիրավոր՝ 19-ամյա զինծառայող Վիկտոր Աբրաամովը, ով անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ հայ դիրքապահները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վերահսկել իրավիճակը։

Քիչ առաջ տարածվեցին նաև տեղեկություններ, որ Ղարաբաղի զինված ուժերն այսօր խոցել են ադրբեջանական անօդաչու թռչող սարք, որն ընկել է հակամարտ զորքերի դիրքերի միջև՝ չեզոք գոտում: Ղարաբաղի պաշտպանության նախարարության լրատվության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս տեղեկությունը։

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ սահմանին, Պաշտպանության նախարարությունից տեղեկացանք, որ ադրբեջանցիները վերջին օրվա ընթացքում կրակել են ոչ միայն հայ դիրքապահների, այլ նաև Տավուշի մարզի երկու տասնյակ գյուղերի ուղղությամբ։ Զոհեր և վիրավորներ չկան։

Այսօր կեսօրին ադրբեջանական կողմը գերի է վերցրել Չինարի գյուղի մի բնակչի՝ Կարեն Պետրոսյանին. Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ երիտասարդ տղամարդը անտառում մոլորվել է, անցել է սահմանը:

«Մոլորվել է, էշով գնացել է անտառ փայտի, մոլորվել է։ Էդ տարածքը ուսումնասիրեցին, ման եկան, էշը գտան, ինքը չկար։ Մոլորվել է, անցել, մտել թուրքի գյուղը, էնտեղ գյուղացիները բռնել են, տվել զինվորականներին», - ասաց Սաղոյանը։

Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները Կարեն Պետրոսյանին ներկայացնում են որպես դիվերսանտ. վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը՝ APA գործակալությունը տարածել է տեղեկություններ, թե հայկական դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել Թովուզի շրջան, Ադրբեջանի զինված ուժերը այդ խմբի անդամներից 4-ին սպանել են, մեկին՝ Կարեն Պետրոսյանին ձերբակալել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը անլուրջ է համարում նման լուրերը:

«Քաղաքացիական մարդ է, որին փորձում են ներկայացնել դիվերսանտ, ինչպես այն հիվանդ պապիկին էին ներկայացնում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է 4 հայ դիվերսանտների սպանելու՝ ադրբեջանական կայքի լուրերին՝ Հովհաննիսյանն հարցնում է. - «Բա ո՞ւր է սպանվածներից որևէ մի կոշիկ, որևէ մի գլխարկ, էլ չեմ ասում դիակ։ Բա ո՞ւր է: Մեր տեղեկություններով այդ մարդը [Կարեն Պետրոսյանը] նաև ալկոհոլ է օգտագործած եղել ու մի քիչ էլ երևի խնդիրներ ունի առողջական։ Պարզ է, որ բռնել են, ներկայացնելու են դիվերսանտ։ Ո՞նց եք կարծում, պարտված, այսքան բարդույթավորված Ադրբեջանը չի՞ փորձելու... մուկ էլ բռնեին, ասելու էին՝ հայ է»։

Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, Արծրուն Հովհաննիսյանը փոխանցեց, որ հայկական զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում։

Սպասելիքներ՝ Սոչիից

Հուլիսի 28-ից ի վեր իրավիճակի սրման արդյունքում հայկական կողմը տվել է վեց զոհ, իսկ ադրբեջանական կողմի զոհերը, Հայաստանի պաշտպանության նախարարի պնդմամբ, մոտ 8 անգամ ավելի են։

Այնուհանդերձ, երեկ առաջին գիծ այցելելուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ծավալուն ելույթում հայտարարել է, թե Ադրբեջանը հայերին համարժեք պատասխան է տվել, և այսօր ադրբեջանական բանակը պատրաստ է Ղարաբաղում ոչնչացնել ցանկացած օբյեկտ։ Նա նույնիսկ սպառնացել է, թե այսպես շարունակվելու դեպքում կարող է կասկածի տակ դրվել Հայաստան պետության գոյությունը։

Այս լարված մթնոլորտում ի՞նչ կարելի է սպասել Սոչիում առաջիկա օրերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձին-առանձին հանդիպումներից. Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կարծիքով՝ հանդիպումը կարող է ինչ-որ չափով մեղմել իրավիճակը, չնայած Բաքվի հոխորտանքներին:

«94-ին աղաչում էին մեզ Բաքուն չվերցնել, աղաչում էին և պատրաստ էին ամեն ինչ տալ... հիշողության հետ կապված խնդիր է այդ մարդկանց մոտ։ Լավ կլինի, որ հիշեն իրենց գլխով անցածը և ավելի լուրջ մոտենան խնդրին», - նշեց Շիրխանյանը,- «Հայաստանի նախագահը Ադրբեջանի նախագահի հետ միշտ խոսելու է հաղթողի դիրքերից. սա փաստ է, սա իրականություն է, և ուրիշ բան լինել չի կարող։ Ինչքան էլ հոխորտա Ադրբեջանը, նրանց միակ ելքը ստատուս-քվոյով Հայաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելն է, միակ ելքը, եթե չեն ուզում ավելի ծանր կորուստներ ունենալ»։

Ինչ վերաբերում է պատերազմի հնարավորությանը, «որ քաղաքականության մեջ նրանք որպես գործընկեր անհուսալի են, դա փաստ է, որովհետև բազմաթիվ պայմանագրեր են ստորագրել և չեն կատարում իրենց վրա վերցրած պարտավորությունները», - ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը։ «Իհարկե, ոչ ադեկվատ է, կարող է նաև ինչ-որ բան անել, բայց չի կարող պատահի՝ ամբողջ թիմի մեջ չլինեն մի քանի խոհեմ մարդիկ, որ խորհուրդ տան նման բան չանել», - հավելեց նա։

Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Ազատության» հետ զրույցում չբացառեց, որ լարվածության թուլացման խոստումների փոխզիջումային տարբերակ կարող է Սոչիում ընտրվել, բայց չի կարծում, որ այդ խոստումները երկար կյանք կունենան։

«Սոչիի համատեքստը ինձ թվում է փոքր-ինչ դուրս է ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստից։ Ես կարծում եմ՝ Սոչիի հանդիպումը շատ կարևոր է հատկապես ռուսական կողմի համար, Ռուսաստանը պետք է Ադրբեջանից պատասխան պահանջի՝ արդյո՞ք Ադրբեջանը կկանգնի Կրեմլի կողքին, թե՞ դառնալու է արևմտյան ճամբարի ակտիվ մասնակիցը և ներկայացուցիչը Հարավային Կովկասում, ավելի շուտ՝ ուկրաինական ճգնաժամի համատեքստում», - ասաց Մելիքյանը՝ շարունակելով. - «Ես կարծում եմ, որ այս վերջին շաբաթների լարվածությունը ճակատային գծում պայմանավորված է այն հանգամանքով, որ Ալիևը չի ցանկանում այդ պատասխանը տալ, Ալիևը փորձում է խոչընդոտներ հարուցել, որպեսզի վերջնական պատասխան տալու համար անհրաժեշտ ժամանակը շահի»:

Ղարաբաղի նախկին արտգործնախարարը հավելեց․ - «Այս պահին պատերազմի հեռանկար ես չեմ տեսնում, թերևս լարումը ճակատային գծում զուտ քաղաքական նպատակներ հետապնդող գործողություն էր, բայց բացառել պատերազմը իսպառ՝ հնարավոր չէ»։

XS
SM
MD
LG