Մատչելիության հղումներ

Կառավարությունն ամփոփել է ստվերի դեմ պայքարի առաջին ամիսը


ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը կառավարության պայքարը ձախողված է համարում:

Հայաստանի կառավարությունը ամփոփել է ստվերի դեմ պայքարի առաջին ամիսը՝ հայտարարելով, թե այս հուլիսին՝ նախորդ տարվա հուլիսի հետ համեմատ 2.8 տոկոսով ավելի հարկ են հավաքել:

Այսօր կառավարության նիստում այս մասին հաղորդեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ում գլխավորած գերատեսչությունն է Հովիկ Աբրահամյանի կառավարությունում զբաղվում հարկահավաքությամբ:

«2013 թվականի հուլիսի համեմատ աճը կազմել է 1 միլիարդ 370 միլիոն դրամ՝ 2.8 տոկոս աճ, կամ 175 հազար 936 հատ հայտարարագրեր ավել՝ 53.8 տոկոս աճ», - մանրամասնեց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ իր նշանակվելուց շատ չանցած վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ մինչև հուլիսի 1-ը ժամկետ է նշանակում, որպեսզի «բոլորը ստվերից դուրս գան» և խոստացել էր օգտագործել Կառավարության ձեռքի տակ եղած լծակները՝ դրված խնդիրներին լուծում տալու համար:

Կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարարը ասաց, որ հուլիսին՝ անցած հուլիսի հետ համեմատ դուրս է գրվել 175․9 հազար ավելի հարկային հաշիվ: Մինչդեռ Գագիկ Խաչատրյանի ենթականերից՝ ֆինանսների նախարարության Օպերատիվ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Մելքոն Աղաջանյանը հուլիսի 17-ին հայտարարել էր, որ հուլիս ամսվա առաջին տասնօրյակում ձեռներեցներից ստացվել է մոտ 140 հազար ավելի հարկային հաշիվ, քանի 2013-ի հուլիսի առաջին տասնօրյակում: Այս ցուցանիշից դատելով՝ ստացվում է, հուլիսի հաջորդ երկու տասնօրյակներում հարկային լրացուցիչ հաշիվ-հայտարարագրերի ստացումը էապես դանդաղել է:

Հաջորդ թիվը՝ Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, 2013-ի հուլիսին՝ 2012-ի հուլիսի հետ համեմատած 30.1 տոկոսով էր լրացուցիչ հարկ ու տուրք հավաքվել: Իսկ 2012-ի հուլիսին՝ 2011-ի հուլիսի հետ համեմատած 18.8 տոկոսով: Սա այն դեպքում, երբ ստվերի դեմ պայքար հայտարարված չէր:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը ձախողված համարեց կառավարության պայքարը ստվերի դեմ: Նա մատնացույց արեց այն հանգամանքը, որ այս տարվա առաջին յոթ ամիսներին տնտեսական ակտիվությունը աճել է 3.4 տոկոսով, մինչդեռ կառավարությունը հայտարարում է, որ անցած հուլիսի համեմատ 2.8 տոկոսով է լրացուցիչ հարկ հավաքել:

«Այն տնտեսական աճը, որը կա, ընդհանրապես, հանրապետությունում, այդ տնտեսական աճի շրջանակներում, իհարկե, պետք է ավելի մեծ ավելացում տեղի ունենար, այսինքն՝ տնտեսական աճից ավելի մեծ պետք է լիներ ստվերի կրճատումը: Ստվերի դեմ պայքարը այդպես չի լինում: Ստվերի դեմ պայքարը լինում է՝ իսկապես պայքարել այն կազմակերպությունների հետ, ընկերությունների հետ, ովքեր այդ ստվերում աշխատում են: Իսկ Հայաստանում դասական առումով ստվեր գոյություն չունի, որովհետև ստվերում աշխատող կազմակերպությունները դրանք անում են իշխանության ներկայացուցիչների գիտությամբ, լինի երկրի ղեկավար Սերժ Սարգսյան, լինի վարչապետ, լինի ֆինանսների նախարար, լինի հարկային տեսուչ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

XS
SM
MD
LG