Մատչելիության հղումներ

logo-print

Հունիսի սկզբից մինչև այսօր մենինգիտի կասկածով ավելի քան 450 քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել:

Այս օրերին նախորդ մեկ ամսվա համեմատությամբ՝ էնտերովիրուսի կասկածով հոսպիտալացվածների թիվը մոտ 40 տոկոսով նվազել է, սակայն առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ներկայացուցիչ Գայանե Սահակյանի խոսքով՝ Երևանի 3 հիվանդանոցները շարունակում են էնտերովիրուսի բարդության՝ մենինգիտի կասկածով հիվանդների ընդունել: Նրանց ճնշող մեծամասնությունը երեխաներ են: Հունիսի սկզբից մինչև այսօր ավելի քան 450 քաղաքացի է հայտնվել հիվանդանոցներում:

«Օրական մինչև 19 հոգի հոսպիտալացնում էինք: Հիմա արդեն օրական 7 - 8 դեպքի հոսպիտալացում ենք գրանցում: Նվազման միտում դիտվում է», - ասաց Սահակյանը:

Հոսպիտալացվում են գլխացավ, ջերմություն, փսխում ու քնկոտություն ունեցող երեխաները, բայց ուշագրավ է, որ նրանցից 70 տոկոսի մոտ էնտերովիրուս չի հայտնաբերվում: Եվ միայն մեկ երրորդի մոտ է հաստատվում վիրուսի առկայությունը:

«Ազատության» դիտարկմանը, թե նույն բաժանմունքում հայտնվելով՝ վիրուս չունեցող երեխաները վարակը ձեռք բերելու ավելի մեծ հավանականություն չե՞ն ունենում, Գայանե Սահակյանը պատասխանեց, թե դեռ նման դեպք չի գրանցվել:

Փոխարենը, հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչը համոզված է, որ վարակի տարածման աղբյուր են հանդիսանում դեկորատիվ բաց ջրավազանները, քանի որ դեպքերի մոտ 80 տոկոսը Երևանում են գրանցվում:

Միևնույն ժամանակ, եթե սկզբնական շրջանում վարակը տարածված չէր մարզերում, ապա այսօր բոլոր մարզերում կան գրանցված դեպքեր:

Գայանե Սահակյանի խոսքով՝ պատվաստանյութ էնտերովիրուսի համար չկա, իսկ առողջապահության նախարարությունը խոստովանում է, որ այս վարակը կառավարելը շատ դժվար է, քանի որ այն փոխանցվում է տարբեր ճանապարհներով՝ կեղտոտ ջրի, ձեռքերի, առարկաների միջոցով, օդակաթիլային ճանապարհով: Վիրուսը կարող է փոխանցել նաև այն մարդը, ով տեղյակ չէ, որ վիրուսակիր է և դրա որևէ դրսևորում չունի:

Սահակյանի պնդմամբ՝ մանկապարտեզներում դեպքեր գրանցվում են, բայց դրանք բռնկումների և համաճարակի չեն վերածվում:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը, սակայն, մտավախություն ունի, որ դպրոցների բացվելու հետ դեպքերը կավելանան․ - «Այսօրվա դրությամբ՝ մենք մի 30-40 տոկոսով դեպքերի նվազում ունենք, բայց եթե էս տեմպերով գնա, դպրոցների բացվելուն պես մենք կարող ենք նորից բռնկումների ալիք ունենալ»:

XS
SM
MD
LG