Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի դիտորդները քննադատում են ընտրարշավը Թուրքիայում


Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում նախընտրական հանրահավաքի ժամանակ, 3-ը օգոստոսի, 2014թ․

Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում նախընտրական հանրահավաքի ժամանակ, 3-ը օգոստոսի, 2014թ․

«Հստակ տարանջատում չկա նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանի քարոզարշավի և որպես գործող վարչապետ նրա ակտիվության միջև», - ընդգծել է դիտորդական խմբի ղեկավարը:

Ըստ ԵԱՀԿ-ի դիտորդական խմբի՝ Թուրքիայի կառավարությունը իր ուժը օգտագործում է նախագահական ընտրությունների քարոզարշավում, այսօր գրում է Hurriyet Daily News-ը` վկայակոչելով դիտորդական խմբի ղեկավար դեսպան Գերդ-Հինիխ Արենսին:

«Հստակ տարանջատում չկա նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանի քարոզարշավի և որպես գործող վարչապետ նրա ակտիվության միջև», - օգոստոսի 6-ին լրագրողներին ասել է Թուրքիայի նախընտրական շրջանը դիտարկող ԵԱՀԿ-ի սահմանափակ առաքելության ղեկավար Գերդ-Հինիխ Արենսը:

«Իրավական շրջանակներում ևս կան որոշ անհամապատասխանություններ», - նշել է նա:

Արենսը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Անկարա - Ստամբուլ նոր կառուցված արագընթաց երկաթգծի բացմանը, այս ճեպընթացի բացումը Էրդողանը կատարեց քվեարկության նախաշեմին: «Գուցե սա ևս մի ապացույց է, որ վարչական ռեսուրսները օգտագործվում են նախընտրական քարոզարշավում», - նշել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական խմբի ղեկավարը:

Անդրադառնալով այն հարցին, որ դրսում ապրող Թուրքիայի քաղաքացիները, որոնց թիվը բավական մեծ է, մասնակցելու են քվեարկությանը, Արենսը ասել է, որ դա առաջարկել է դիտորդական խումբը:

Նախընտրական շրջանի մտահոգիչ հարցերից մեկը ընտրողների քանակից շատ ավելի քվեաթերթիկների տպագրությունն է: Մասնավորապես, օգոստոսի 5-ին ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն ասել էր, թե շատ մեծ քանակի լրացուցիչ քվեաթերթիկների տպագրությունը մտահոգություն է առաջացնում: ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցը փաստել է, որ 18 միլիոն լրացուցիչ քվեաթերթիկ է տպագրվել:

Դեսպան Արենսը, անդրադառնալով նաև այս հարցին, ասել է, թե լրացուցիչ քվեաթերթիկների քանակը շատ մեծ է:

«Ինչ կկատարվի չօգտագործված քվեաթերթիկների հետ՝ պարզ կդառնա ընտրություններից հետո, և եթե անհրաժեշտ լինի՝ մենք կանդրադառնանք այդ հարցին», - զգուշացրել է դիտորդական խմբի ղեկավարը:

Վաղը Թուրքիա է ժամանելու նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 28 անդամներից կազմված դիտորդական խումը, որը ԵԱՀԿ-ի գործընկերների հետ դիտարկում է անցկացնելու օգոստոսի 8-11-ը:

Թուրքիայում նախագահական ընտրությունները անցկացվելու են եկող կիրակի օրը՝ օգոստոսի 10-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG