Մատչելիության հղումներ

«Մեր զինված ուժերը պատրաստ են իրենց առջև դրված խնդիրն իրականացնելու»․ Օհանյան


Սեյրան Օհանյան, արխիվ

Սեյրան Օհանյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ հակառակորդի հետ գործելու են այն կանոններով, «որոնցով ինքն ուզում է մեզ հետ գործել»:

Սահմանային շփման գծում իրավիճակը մնում է լարված: Ադրբեջանը աննախադեպ ծավալով ռազմական գործողություններ, խաղաղ բնակավայրերի հրետակոծություն է իրականացնում՝ այդ թվում խոշոր տրամաչափի զենքերից։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ օգոստոսի 1-ից հրադադարի ռեժիմի խախտումների ինտենսիվությունը չի նվազել: Նախարարը նշեց, որ տարեսկզբից հրադադարի խախտման 18 հազար դեպք է գրանցվել, մինչդեռ 2013 թվականի ընթացքում՝ 13 հազարը։

Հակառակորդն անցած մի քանի շաբաթների ընթացքում իրականացրել է 26 դիվերսիոն հետախուզական գործողություններ կամ դիվերսիայի փորձ, որոնցից 15-ը՝ հուլիսի 25-ից մինչև օրս:

«Նշված ժամանակահատվածում իրականացված դիվերսիոն հետախուզական ներթափանցման գործողությունները և փորձը թույլ են տալիս ասել, որ այդ գործողությունները՝ իրենց ինտենսիվությամբ և ծավալներով, դժվար է որակել որպես զուտ դիվերսիոն բնույթի, քանի որ շատ անգամ դրանք իրականացվել են նաև ցերեկային ժամերին, մեծ խմբերով՝ բացահայտ կերպով ուղղված լինելով հայկական հենակետերի գրավմանը, ինչը նրանց հաղորդում է ակնհայտ հարձակողական մարտական գործողությունների բնույթ», - ասաց Օհանյանը։

Պաշտպանության նախարարը ներկայացրեց նաև հակառակորդի կողմից իրականացվող գործողությունների պատկերը․ - «Հակառակորդը հայտարարել է ողջ անձնակազմի հավաք, սահմանվել է ծառայության ուժեղացված ռեժիմ, մտցվել են զորանոցային վիճակներ, արձանագրվել է անձնակազմի ու զինտեխնիկայի տեղաշարժ՝ գրեթե բոլոր զորամիավորումների պահպանության գոտիների դիմաց, իրականացվում է ավիացիայի՝ ինքնաթիռների և ուղղաթիռների ակտիվություն առաջնային գծի երկայնքով։ Որոշ ստորաբաժանումներ՝ խոցման ու նաև երկրորդ շարակազմի, բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, հրամանատարական կետերի բացազատում, առաջնագծում ակտիվացել են հակառակորդի անօդաչու սարքերի թռիչքները»։

Ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ տեղեկատվական ու քարոզչական միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ապատեղեկատվության տարածումը։

«Ինչպես գիտեք, ադրբեջանական մի քանի ԶԼՄ-ներում նրանք ներկայացնում են, որ հաղթանակն իրենք են տարել ու հայկական կողմը մեծ կորուստներ է տվել։ Կորուստների հարաբերակցությունը մեկը ութի և իննի է, այսինքն՝ Ադրբեջանի կորուստներն ութ-իննը անգամ ավելի շատ են», - ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ 1994 թվականից հետո հակառակորդի կողմից նման գործողությունները աննախադեպ են․ - «Այդ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը չի սահմանափակվում զուտ հրադադարի ռեժիմի խախտումներով և իրականացնում է ավելի լայնամասշտաբ գործողությունների նախապատրաստական աշխատանք։ Կարծում եմ՝ այդ ամենը հետևանք է նրանց հռետորաբանության և նպատակ ունի բանակցային գործընթացի վրա ազդելու, ինչպես նաև՝ ներքին լսարանի համախմբման ու պարտվածի թերարժեքության վերացմանն ու զինված ուժերի ոգու բարձրացմանը»։

Սեյրան Օհանյանը ներկայացրեց նաև, թե ինչ միջոցառումներ է իրականացրել Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

«Առաջին հերթին՝ զինուժը առանց մարտական պատրաստվածության բարձր աստիճանի բերելու, ուժեղացրել է իր ծառայությունը։ Ե՛վ սահմանամերձ հատվածում, և՛ ռեզերվային բոլոր զորամասերում հրամանատարական կետերը, ղեկավարման ամբողջ համակարգը, միջոցներն ու օրգանները գործում են շուրջօրյա ռեժիմով: Խոցման, ահազանգման, երկրորդ շարակազմի շատ ստորաբաժանումներ բերվել են մարտական պատրաստականության ու գտնվում են անմիջապես առաջին գծում՝ միանգամից ահազանգելու համար։ Հատկապես գիշերային պայմաններում ծառայության ռեժիմն ուժեղացված է», - ասաց նախարարը:

Օհանյանը հայտարարեց, որ իրադրության ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի զինուժի գործելակերպը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը։

«Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում հայկական զինուժը ստիպված է լինելու իրականացնել համարժեք գործողություններ՝ էլ ավելի խստացնելու Ադրբեջանի ՊՆ ղեկավարության ռազմական տրամաբանությունից զուրկ և անմիտ վրեժխնդրության դրսևորումների նկատմամբ պատժամիջոցները», - ասաց պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ մեր զինված ուժերի մարտական ոգին չափազանց բարձր է:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կառավարության այսօրվա նիստում առաջարկեց քաղպաշտպանության ծառայության 4 հազար հոգանոց խմբով աջակցել սահմանների պաշտպանությանը՝ նշելով, որ նույն կերպ վարվում է Ադրբեջանը։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը արձագանքեց, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության քաղպաշտպանության զորքերը վերջին շրջանում հիմնականում պաշտպանում են Մինգեչաուրի ջրամբարը՝ մտավախություն ունենալով, որ հայկական կողմը կարող է այդտեղ գործողություններ իրականացնել։

Գործադիրը որոշեց քննարկել քաղպաշտպանության ուժերի ներգրավման հարցը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG