Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը շարունակել է կրակել հայ-ադրբեջանական սահմանների ուղղությամբ


Հայկական բանակի զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

Հայկական բանակի զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին, արխիվ

Հայկական կողմից կա մեկ վիրավոր:

Գիշերն ու այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է կրակել հայ-ադրբեջանական սահմանների ուղղությամբ. կրակոցներն արձակվել են պետական սահմանագոտու տարբեր հատվածներում։ Հակառակորդը կիրառել է հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունները։

Ղարաբաղի պաշտպանության բանակի փոխանցմամբ՝ վերջին օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8 հազար կրակոց։

Պատասխան գործողությունների արդյունքում հաջողվել է կասեցնել հակառակորդի ակտիվությունը: Հայկական կողմից զոհեր չկան, կա մեկ վիրավոր՝ 19-ամյա զինծառայող Վիկտոր Շուբերտի Աբրաամովը, որն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ հայ դիրքապահները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վերահսկել սահմանային իրավիճակը։

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ սահմանին, Պաշտպանության նախարարությունից փոխանցեցին, որ այս գիշեր էլ ադրբեջանցիները կրակել են ոչ միայն հայ դիրքապահների, այլ նաև Տավուշի մարզի երկու տասնյակ գյուղերի ուղղությամբ. հրադադարի ռեժիմը խախտվել է մոտ 40 անգամ, արձակվել է ավելի քան 546 կրակոց։ Զոհեր և վիրավորներ չկան։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հայկական Զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը։

«Հակառակորդը շարունակել է ակտիվորեն կրակել, խախտել հրադադարի ռեժիմն՝ ամենատարբեր տրամաչափի զինատեսակներով։ Ընդհանուր լարումը պահպանվում է, հակառակորդի դիպուկ կրակոցներին հայկական Զինված ուժերը պատասխանել են։ Հակառակորդը կրակել է ինչպես դիրքերի, այնպես էլ գյուղերի ուղղությամբ։ Մենք, հիմնականում, պատասխանել ենք դիրքերի ուղղությամբ։ Այս պահին իրավիճակը լիովին վերահսկվում է, Հայաստանի սահմաններին զոհեր և վիրավորներ չեն եղել»,- փոխանցեց Հովհաննիսյանը։

Հայկական կողմի պնդմամբ, հուլիսի 28-ից ի վեր իրավիճակի սրման արդյունքում հայկական կողմը տվել է վեց զոհ, ադրբեջանական կողմը մոտ 8 անգամ ավելի։

Այնուհանդերձ, երեկ առաջին գիծ այցելելուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ծավալուն ելույթում հայտարարել է, թե ադրբեջանական կողմը հայերին համարժեք պատասխան է տվել, և այսօր ադրբեջանական բանակը պատրաստ է Ղարաբաղում ոչնչացնել ցանկացած օբյեկտ։

Արծրուն Հովհաննիսյանն այսպես հակադարձեց. - «Գնահատականներ, կոնկրետ բնորոշիչներ, չեմ ուզում տալ, միայն ասեմ, որ ցանկալի է, որ ադրբեջանական հանրույթը մի փոքր իմանար՝ ինչ է ճշմարտությունը, և այդ կեղծիքի շրջապտույտի մեջ չմնար։ Ըստ էության, այդ կեղծիքի շրջապտույտը տանում է դեպի կործանում»։

XS
SM
MD
LG