Մատչելիության հղումներ

Արևային էներգիան՝ որպես գազից և հոսանքից հրաժարվելու այլընտրանք


Իր տունն արևի էներգիայով աշխատող համակարգով ջեռուցող Արթուրը մանրամասն բացատրում էր դրա առավելությունները՝ շեշտելով, որ անգամ ձմռանը կարողանում է տունը տաք ջրով ապահովել:

Գիտության հետ կապ չունեցող օպերատոր, սցենարիստ Արթուր Սաֆարյանը արդեն մեկ տարի է ոչ միայն հասկացել է, որ ապագան բնական ճանապարհով էներգիա ստանալն է, այլ նաև այսօր արդեն աստիճանաբար փորձում է տունը հանդերձավորել այդպիսի սարքավորումներով:

Երբ այցելեցինք Արթուրին, տունը հոսանքազրկված էր, սակայն ընտանիքը անհանգստանալու խնդիր չուներ: Անցած տարվա հոկտեմբերից տան տանիքին տեղադրել է «Սոլիար» կոչվող սարքը, այսինքն՝ արևի ճառագայթներով աշխատող մի հարմարանք, որը առանց էլեկրտաէներգիայի օրական 24 ժամ տաք ջուր է ապահովում:

Քանի որ Հայաստանում գազն ու էլեկրաէներեգիան անընդհատ թանկանում են, Արթուրը որոշել է պետությանը, ինչպես ինքն է ասում, չարդարացված գումարներ վճարելու փոխարեն, օգտվել բնության բարիքներից:

«Սոլիարը» տեղադրված է տանիքում: Արթուրը մանրամասն բացատրում էր համակարգի առավելությունները՝ շեշտելով, որ անգամ ձմռանը արևի ճառագայթները ներթափանցում են խողովակների մեջ՝ ապահովելով տաք ջուր: Ամենակարևորն Արթուրի պնդմամբ այն է, որ մեկ տարվա ընթացքում բավականաչափ գումար է տնտեսել:

«Ամառային ամիսներին իմ 4 հոգանոց ընտանիքը առանց էս սարքի ծախսում էր 8-10 հազար դրամի գազ: Ներկա պահին անջատված ա իմ կաթսան, ես օգտագործում եմ միայն էս համակարգը: Անցյալ ամիս ես վճարել եմ ամբողջ գազի դիմաց 950 դրամ, որից 600-650-ը գազի ներտնային սպասարկման գինն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արթուրը:

Բացարձակապես մեխանիկական այս սարքը լուծեց գազի թանկացման խնդիրն այս ընտանիքում: Այս ամսվանից էլ էլեկտրաէներգիան թանկացավ, ու ընտանիքը մտածում է արդեն առաջիկա հնարավորության դեպքում այլընտրանքային էներգիա ստացող նմանատիպ մի սարքով էլ զինել տան տանիքը․ - «Ու հրաժարվել և իրենց գազից, և իրենց հոսանքից, որ սրտի վիրահատության գներ ա դառնում կամաց-կամաց: Ու հենց այդ օրը գա, կբռնեմ ու կկտրեմ տուն մտնող հոսանքի գիծը»:

Արթուրի խոսքով՝ այսպիսի ցածր սպառողական զամբյուղ ունեցող ժողովուրդը չի կարող այդպիսի բարձր գին վճարել հոսանքի ու գազի համար:

«Բացարձակապես կասկած չունեմ, որ ապագան այս սարքերին է, ապագան այլընտրանքային էներգիայինն է, այն էլ՝ մեր նման երկրի համար, որը չունի էդ բնական ռեսուրսները և ունի շատ արև», - հավելեց Արթուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG