Մատչելիության հղումներ

Պուտինի և Մեդվեդևի վարկանիշները Ռուսաստանում աճում են


Ռուսաստանի նախագահի և վարչապետի դիմանկարներով դրոշ Մոսկվայում զորահանդեսի փորձի ժամանակ, 5-ը մայիսի, 2014թ.
Ռուսաստանի նախագահի և վարչապետի դիմանկարներով դրոշ Մոսկվայում զորահանդեսի փորձի ժամանակ, 5-ը մայիսի, 2014թ.

Միաժամանակ, ըստ «Լևադա» կենտրոնի հարցման արդյունքների, երկրում նվազում են Արևմուտքի և Ուկրաինայի վարկանիշները:

Հասարակական կարծիքի հետազոտություններ անցկացնող «Լևադա» կենտրոնի հարցումները վկայում են, որ Ռուսաստանի նախագահի և վարչապետի վարկանիշները երկրում աննախադեպ աճում են։

Երեկ հրապարակված արդյունքների համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունը դրական է գնահատել հարցված ռուսաստանցիների շուրջ 87 տոկոսը, իսկ հունվարին այս ցուցանիշը կազմում էր 65 տոկոս։ Վարչապետ Մեդվեդևի գործունեությունն էլ դրական է գնահատել հարցվածների 71 տոկոսը, մինչդեռ հունվարին այդ ցուցանիշը ընդամենը 48 տոկոս էր։

Սոցիոլոգները արձանագրում են, որ ռուսաստանցիների շրջանում նաև աճել են հակաարևմտյան տրամադրությունները։ «Լևադա» կենտրոնի տնօրեն Լև Գուդկովը «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը փոխանցել է, որ հարցվածների 74 տոկոսը վատ կամ շատ վատ է վերաբերվում Միացյալ Նահանգներին, և սա այդ առումով ամենաբարձր ցուցանիշն է Խորհրդային Միության փլուզումից ի վեր։

Եվրոպական երկրների նկատմամբ բացասական վերաբերմունք ունեն հարցվածների 60 տոկոսը։ Ռուսաստանցիները սկսել են ավելի վատ վերաբերվել նաև ուկրաինացիներին. հարցվածների 55 տոկոսը պատասխանել են, որ բացասական վերաբերմունք ունեն ուկրաինացիների հանդեպ, ինչը 6 տոկոսով ավելի է, քան երկու ամիս առաջ։

Հարցվածների կեսը նաև հայտարարել են, որ ուկրաինական իրադարձություններում չունեն հստակ դիրքորոշում և չեն հասկանում, թե ինչ է կատարվում։

Փորձագետները նկատում են նաև, որ ռուսաստանցիների տրամադրությունները ձևավորվում են հեռուստահաղորդումների արդյունքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG