Մատչելիության հղումներ

«Սոչիի հանդիպումը կարող է մեծացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում»


Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 6-ը օգոստոսի, 2014թ.

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 6-ը օգոստոսի, 2014թ.

Ըստ փորձագետի, կարևոր հարցն այն է՝ արդյոք կկարողանա՞ Պուտինը Սարգսյանին և Ալիևին հանդիպեցնել։

Ինչքան էլ որ Սոչիի հանդիպումը կարևոր է երկխոսություն վերսկսելու իմաստով, ամեն դեպքում, այստեղ վտանգներ կան, քանի որ սա միակողմանիորեն՝ Ռուսաստանի կողմից նախաձեռնություն է, որ կարող է ունենալ այս տարածաշրջանում Ռուսաստանի ուժը մեծացնելու և Ռուսաստանի ազդեցությունը բարձրացնելու նշանակություն։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօերն Ռիչարդ Կիրակոսյան։

Հիշեցնենք՝ հայ - ադրբեջանական շփման գծում լարվածությունը մեղմացնելու նպատակով օգոստոսի 8-9-ը Սոչիում ակնկալվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Հայաստանի կառավարության տեղեկատվության և վերլուծության կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը «Ազատությանը» փոխանցել էր, որ հանդիպման նախաձեռնությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրներինն է։

Հարցին՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև հանդիպում կհաջողվի՞ կազմակերպել Սոչիում, թե՞ այնուամենայնիվ կսահմանափակվեն Պուտինի հետ առանձին-առանձին հանդիպումներով, Կիրակոսյանը պատասխանեց․ - «Սա լավ հարց է, որովհետև իրականում սա Ռուսաստանի համար Ղրիմից հետո կարևոր փորձ է, և ավելի կարևոր է, քան նույնիսկ Ալիևի համար, որովհետև սա ցույց է տալիս Ռուսաստանի կողմից ճգնաժամի պատճառով ստեղծված արձագանք և փորձ՝ կարգավորելու իրավիճակը տարածաշրջանում։ Եվ հետաքրքիր է, որ այստեղ երկու տարբեր օրերում լինելու են երկու տարբեր հանդիպումներ, և հիմնական կարևոր հարցն այն է՝ արդյոք կկարողանա՞ Պուտինը միաժամանակ երկուսին՝ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին միաժամանակ մի տեղում հանդիպեցնել։ Պուտինը շատ ավելի տարբեր քաղաքականություն ունի՝ նա ոչ թե ձեռքերը բռնելու քաղաքականություն ունի, այլ արմունկները ոլորելու քաղաքականություն ունի»։

Հարցին էլ, թե Ադրբեջանը սահմանին լարվածություն ստեղծելով ի՞նչ է ուզում՝ պատերա՞զմ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենը արձագանքեց․ - «Ես կարծում եմ, որ երկու կարևոր գործոններ կան: Առաջինն այն է, որ վերջերս եղել եմ Բաքվում և իմ տպավորություն այն էր, որ Ադրբեջանը հասկանում է, որ ինքը պատրաստ չէ պատերազմի, սակայն վտանգը այն է, որ կարող է պատահաբար պատերազմ սկսվի, որտեղ քաղաքական տրամաբանությունը կհաղթի, այլ ոչ թե ռազմական քաղաքականությունը։ Ադրբեջանի դեպքում մենք ունենք անկանխատեսելի և թույլ թշնամու մարտահրավերը, ավելին ասեմ՝ Ադրբեջանը ինչ-որ առումով փորձում է այժմ, այս հրադադարի 20-րդ տարելիցի կապակցությամբ, իր հուսահատության ձայնը տեղ հասցնել և ճնշում գործադրել միջազգային քաղաքականության վրա»։

XS
SM
MD
LG