Մատչելիության հղումներ

logo-print

Մահացած ազատամարտիկի ընտանիքը պահանջում է հայտնաբերել երրորդ մեղադրյալին


Ծեծի հետևանքով մահացած 54-ամյա ազատամարտիկի ընտանիքը կասկածներ ունի, որ նրան ծեծողների թիկունքում ինչ-որ անձինք կան, որոնք էլ ազդում են գործի քննության վրա։

Ըստ հուլիսի 13-ին ծեծված, իսկ երկու օր անց հիվանդանոցում մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի ընտանիքի՝ այս է պատճառը, որ ծեծին մասնակցած Վիկտոր Հովսեփյանին ոստիկանությունը չի կարողանում գտնել, չնայած, որ վերջինս հետախուզվում է, իսկ մյուս մասնակցի՝ Բաբկեն Սարգսյանի նկատմամբ որևէ մեղադրանք չի էլ առաջադրվել․ նա ազատության մեջ է։

Ընտանիքի անդամներն ասում են, որ չեն կարողանում պարզել, թե ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած նրանց թիկունքում։

Թումանյանները տարակուսած են, թե ինչո՞ւ մոտ մեկ ամիս ոստիկանությունը չի կարողանում գտնել այս գործով երրորդ մեղադրյալին՝ Վիկտոր Հովսեփյանին։ Նա, ինչպես և կալանավորված մյուս երկու մասնակիցները՝ Սարգիս Ղուկասյանն ու «Ջունգըլ» մականունով հայտնի Գևորգ Սարգսյանը մեղադրվում են Վարդան Թումանյանին ծեծելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը։

Ազատամարտիկի կինը՝ Տատյանա Մելքումյանն ասում է, որ երիտասարդին գտնելը դժվար չէ:

«Բոլոր դեպքերում, ինքը հանրապետությունից դուրս չի եկել, խոսքը Վիկտորի մասին է: [Նրան գտնելը] դժվար գործ չի, որովհետև էդպիսի հանցանք կա մեջ: Կարծում եմ՝ ամենաշատը մեկ շաբաթվա հարց էր, որպեսզի հայտնաբերեին, թե ինքը որտեղ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տատյանա Մելքումյանը:

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս երեքից բացի՝ այլ կասկածյալներ այս գործում չկան։ Իսկ Վիկտոր Հովսեփյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է։

Ըստ քրեական գործի՝ հուլիսի 13-ին ազատամարտիկին իր տան բակում ծեծել են նույն թաղամասի բնակիչներ Գևորգ Սարգսյանն ու նրա զարմիկներ Սարգիս Ղուկասյանն ու Վիկտոր Հովսեփյանը։ Երկու օր անց գլխուղեղի վիրահատությունից հետո ազատամարտիկը մահացել է հիվանդանոցում։

Նրա ընտանիքը, սակայն, պնդում է, որ Թումանյանին ծեծել են ոչ թե 3, այլ 4 հոգով: Ըստ Թումանյանի ընտանիքի՝ ծեծին մասնակցել է նաև Բաբկեն Սարգսյանը, ով հիմա հաղթական շրջում է Նորքի 7-րդ զանգվածում ու փորձում սադրել իրենց։

«Ես անպայման դիմելու եմ տվյալ ատյաններին, որ էս տարիքիս ես գիտակցում եմ, որ պիտի սպասեմ օրենքի որոշմանը, բայց երբ որ ես առերես նրան [Բաբկեն Սարգսյանին] տեսնում եմ, էդ պահին մի մոտ ամեն ինչ մթագնում ա», - ասաց մահացած ազատամարտիկի կինը:

Վարդան Թումանյանի քույրը՝ Մարիետա Թումանյանն էլ շարունակում է՝ ասելով, թե այս ամենի մեղավորը հենց Բաբկեն Սարգսյանն է, ում պատճառով նրա որդին ու թոռները հնարավոր է՝ ազատազրկվեն․ - «Բաբկենն ա տղաներին բերել էստեղ, Բաբկենն ա ուսումնասիրել տարածքը, որ տեսել է, որ մարդ չկա, նոր վայրագները հարձակվել են Վարդանի վրա: Էդ մարդը էսօր երեք երիտասարդների կյանքի հետ խաղաց»:

Ազատամարտիկի ընտանիքն ասում է, որ իրենց հարազատի մահվան պատճառը դարձած Սարգսյանները ներողություն խնդրելու փոխարեն՝ դեռ մի բան էլ սադրում ու սպառնում են։

Հուղարկավորությունից մեկ շաբաթ հետո Բաբկեն Սարգսյանի դուստրը այցելել է մանկապարտեզի շենքում գործող համատիրություն, որի ղեկավարն է Մարիետա Թումանյանը։ Այս տարածքում է բնակվում ազատամարտիկի ընտանիքը։ «Եկել եմ Մարիետայի հետ կռվեմ, տես ինչ եմ անելու Մարիետային», - ազատամարտիկի կնոջ պատմելով՝ ասել է Բաբկեն Սարգսյանի դուստրը:

Սարգսյանների ընտանիքում, սակայն, բացառում են թշնամանքը Թումանյանների հանդեպ ու շեշտում, որ իրենք ևս ցավ են ապրում հարևանի մահվան համար։

Մեր այցելության պահին Բաբկեն Սարգսյանը տանը չէր։ Կինը՝ Ելենա Սարգսյանն ասաց, որ սպասում են գործի ավարտին ու հույս ունեն, որ քննությունը կպարզի իրականությունը։ Այս ընտանիքում հավատացած են, որ ազատամարտիկը մահացել է ոչ թե ծեծի, այլ դրանից հետո վիրահատության արդյունքում։

Բաբկեն Սարգսյանի կինը չի հերքում, որ դստրերից մեկը, ով առողջական խնդիրներ ունի, այցելել է Մարիետային, բայց չի ահաբեկել, պարզապես զայրացած է եղել։

Մինչ Թումանյանները պնդում են, թե ծեծին մասնակցել են 4 հոգով՝ պապը, որդին ու երկու թոռները, Սարգսյանների ընտանիքում ասում են, թե միայն Սարգիս Ղուկասյանն է հարվածներ հասցրել իրեն հարվածող Վարդան Թումանյանին։

Ելենա Սարգսյանը շեշտում է, որ Բաբկեն Սարգսյանն ու հետախուզվող Վիկտոր Հովսեփյանը տանն են եղել, իսկ Գևորգ Սարգսյանը պարզապես փորձել է ազատել կռվողներին։ Ինքը դեպքի վայր է հասել այն ժամանակ, երբ որդին փորձում էր ազատել կռվողներին։

Հիշեցնենք, որ Վարդան Թումանյանը Ղարաբաղյան պատերազմի մասնակից էր և 6 հոգանոց ընտանիքի միակ կերակրողը:

XS
SM
MD
LG