Մատչելիության հղումներ

logo-print

Բազմազավակ ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը հետաձգվել է


Շիրակի մարզպետարանը մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում որոշել էր այս տարի բնակարանով ապահովել բազմազավակ 6 ընտանիքի:

Նրանք փաստաթղթեր են ներկայացրել, նույնիսկ բնակարան գտել, սակայն հարցի լուծումն անորոշ ժամանակով հետաձգվել է, քանի որ պետական բյուջեի պահուստային ֆոնդից մարզին հատկացվելիք 660 միլիոն դրամը կրճատվել է:

Ծրագրի շրջանակներում բնակարանով պետք է ապահովվեր նաև Խաչատրյանների բազմազավակ ընտանիքը: Այժմ Խաչատրյաններն ապրում են տնակում և ինը երեխա մեծացնում:

Լիլիթ Խաչատրյանն ասում է, որ երբևէ չի էլ մտածել, առավել ևս՝ հավատացել, որ պետությունը կարող է իր ընտանիքի համար բնակարանի հարց լուծել․- «Մինչև վերջ էլ համարյա չէի հավատում, բայց հավատացինք, ու մարդկանց խաբեցին էլի»:

Բնակարանի փաստաթղթերի համար պահանջվել է Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած ամուսնու ներկայությունը, որի պատճառով բազմազավակ ընտանիքը բացի հոգեկանից, նաև ֆինանսական վնասներ է կրել:

Խաչատրյաններն ապրում են ընտանեկան նպաստով, տան թոշակառուների թոշակով ու զավակներից մեկի հաշմանդամության թոշակով: Բազմազավակ այս ընտանիքի բյուջեն կազմում է մոտ 150 հազար դրամ: Լիլիթի խոսքով՝ ինը երեխա պահելու համար դա բավարար չէ, դրա համար էլ ամուսինը ստիպված է եղել խոպան մեկնել:

«Ինձ ասել են, որ օրինակ, Ռուսաստանում լինես, դու հարուստի պես կապրես, բայց ես չեմ ուզում գնամ իմ երկրից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լիլիթ Խաչատրյանը:

Երբ զրուցում էինք Լիլիթի հետ, մի պահ բոլորը խառնվեցին իրար․ պարզվեց արտագնա աշխատանքից վերադարձավ նրա ամուսինը՝ Եղիշե Խաչատրյանը: Բնակարանի շուրջ այս ողջ պատմությունը նրան ևս խիստ զայրացրել էր:

«Ես գործից կտրվեցի, եկա, հասա, եթե ռեալ չէր, ինչո՞ւ ինձ գործից կտրեցիք: Ես ահագին վնաս կրեցի՝ 10 օր գործից կտրվելը, ճանապարհի ծախսը, էսպիսի ընտանիքների համար ահագին մեծ ծախս է էլի», - ասաց Եղիշե Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG